HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալված անձի մեքենայի վրա հարազատներն արյան հետքեր են հայտնաբերել

Բագրատաշենի սահմանային անցակետում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, բացի Արթուր և Արտակ Կիրակոսյաններից, մեքենայի մեջ է եղել նաև Բագրատաշենի բնակիչ Անդրանիկ Այունցը: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում դեպքի վերաբերյալ մանրամասներ է պատմում:

Հիշեցնենք՝ խոսքը նոյեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է սահմանապահ զորքերի ծառայողների հետ: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Դեպքի առնչությամբ նախաքննություն իրականացնող մարմինը պաշտոնական այլ տվյալներ չի հայտնել:

Մինչդեռ դեպքի ականատեսները, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի՝ Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը պնդում են՝ բռնության են ենթարկվել ոչ թե սահմանապահները, այլ իրենք՝ քաղաքացիները:

Իրադարձություններն անցակետի տարածքում՝ ըստ դեպքի ականատեսի

Դեպքի օրը՝ նոյեմբերի 19-ին, Բագրատաշենի բնակիչներ Արթուր և Արտակ Կիրակոսյանները գյուղի մեկ այլ բնակչի՝ Անդրանիկ Այունցի հետ ցանկացել են անցնել Հայաստանի սահմանն ու գնալ Վրաստան: Արթուր և Արտակ Կիրակոսյանները հարազատ եղբայրներ են, վերջիններիս հայրը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալիս է եղել, և տղաները գնալիս են եղել Թբիլիսի՝ նրան դիմավորելու:

Անդրանիկ Այունցը մեզ հետ զրույցում պատմեց, որ սահմանային անցակետի մոտ ինքն ու Արտակ Կիրակոսյանը, ինչպես սահմանված կարգն է, մեքենայից իջել են, որպեսզի ոտքով անցնեն անցակետը, իսկ մեքենայի վարորդը՝ Արթուր Կիրակոսյանը, մեքենայի մեջ է եղել, երբ նրան է մոտեցել սահմանապահներից մեկն ու պահանջել բացել մեքենայի բեռնախցիկը:

«Արթուրն ասաց, որ բաց է, բայց սահմանապահը նորից պնդեց, որ բացի՝ այս անգամ ավելի կոպիտ տոնով»,- պատմեց Այունցն ու նշեց, որ Արթուր Կիրակոսյանի հորդորները՝ նման կերպ չխոսել, որևէ ազդեցություն չեն ունեցել իրենց մոտեցած սահմանապահի վրա, վերջինս շարունակել է պնդել, որ Արթուրը բացի բեռնախցիկը՝ չնայած այն հանգամանքին, որ բեռնախցիկն իսկապես բաց է եղել:

«Բեռնախցիկը մեքենայի մեջից է բացվում, Արթուրն իրոք բացել էր բեռնախցիկը, բայց եթե անգամ դա լավ տեսանելի չէր սահմանապահին, մենք՝ ես ու Արտակը մեքենայի մոտ էինք, մենք կբացեինք, իրենց համար ի՞նչ տարբերություն՝ Արթուրը կիջներ կբացեր, թե մենք կբացեինք»,- ասաց Այունցն ու նշեց, որ շրջակայքում եղած այլ սահմանապահներ, նկատելով, որ Արթուր Կիրակոսյանի մեքենայի մոտ ինչ-որ բան այն չէ, մոտեցել են իրենց, ապա եկել է նաև հերթափոխի պետն, ու վերջինս նույնպես կոպիտ է խոսել, որից հետո Արթուր Կիրակոսյանը, ըստ Այունցի, սահմանապահ զորքերի տվյալ պահի հերթափոխի պետին առաջարկել է նստել մեքենան ու քիչ հեռվում խոսել:

«Հերթափոխի պետը նստեց մեքենան: Երբ Արթուրը գնաց, ես ու Արտակը սկսեցինք քայլել մեքենայի ետևից: Հետո մյուս սահմանապահները սկսեցին մեքենայի ետևից վազելով գնալ, մենք էլ սկսեցինք վազել»,- պատմեց Այունցն ու նշեց, որ փոքր-ինչ առաջանալով՝ իրենք տեսել են, որ Արթուրը տարածքում եղած արգելափակոցն անցել է:

«Հետո ինչ-որ մեքենա կտրեց Արթուրի մեքենայի դիմացը»: Հետո Արթուրին մեքենայից հանեցին ու սկսեցին քաշքշել ու խփել, ես ու Արտակը փորձեցինք օգնության գնալ Արթուրին, բայց չկարողացանք»,- պատմեց միջադեպի ականատեսն ու նշեց, որ երբ փորձել են դեպի ծեծի ենթարկվող Արթուրի կողմը գնալ, տեղում եղած համազգեստներով անձինք իրենց գործողություններով ոչ միայն փորձել են արգելել, որպեսզի իրենք առաջանան, այլ նաև միտում են ունեցել իրենց հարվածելու:

«Մոտ 30-40 հոգով արդեն վրա են թափվել էդ մարդու վրա՝ բոլորը համազգեստով: Էդ մարդուն աչքիդ դիմաց սպանում են, նորից փորձում ենք առաջ գնալ ու օգնել: Ուզում էին Արթուրին նորից անցակետի տարածք տանել: Ես Արթուրի մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա էի, երբ ինձ էլ խփեցին, հարվածից հետո ետ-ետ գնացի ու տեսա, որ Արտակն էլ է ընկած. նրան էլ էին խփում: Օգնեցի, Արտակին բարձրացրի»,- պատմեց Այունցն ու նշեց, որ իր դիտարկմամբ՝ համազգեստով անձանց մեջ ոչ միայն սահմանապահներ էին, այլ նաև նրանց միացած մաքսային որոշ աշխատողներ:

Այունցը պատմեց, որ այս ամենից հետո Արթուրին ներս են տարել՝ անցակետի վարչական շենք: Դրանից հետո Այունցը շուրջ 15 րոպեով սահմանային անցակետի տարածքից հեռացել է, գնացել լվացվել, քանի որ ինքը ևս վնասվածքներ է ունեցել, ու դեմքն արյունոտված է եղել:

Այս ընթացքում, Այունցի խոսքով, Արթուր Կիրակոսյանի եղբայրը՝ Արտակ Կիրակոսյանը զանգահարել է Բագրատաշենում բնակվող իրենց մտերիմներին, այդ թվում՝ Արթուր Կիրակոսյանի կնոջ եղբորը՝ սահմանապահին դանակահարելու մեջ մեղադրվող Կարեն Շիրվանյանին և օգնության կանչել՝ հայտնելով, որ Արթուրին ծեծի են ենթարկում:

Իրադարձություններն անցակետի վարչական շենքում

Թե ինչ է կատարվել վարչական շենքի ներսում, մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ, երբ Արտակ Կիրակոսյանը զանգահարել է Կարեն Շիրվանյանին, վերջինս ինչ-որ միջոցառման է եղել: Այն բանից հետո, երբ Արտակ Կիրակոսյանը օգնության  է կանչել՝ հայտնելով, որ եղբորը ծեծի են ենթարկում, Շիրվանյանը, փաստաբանի խոսքով, եկել է սահմանային անցակետի տարածք: Արտակ Կիրակոսյանն օգնության խնդրանքով զանգահարել է նաև Կարեն Շիրվանյանի մյուս եղբորը՝ Արայիկ Շիրվանյանին: Ըստ փաստաբան Գուրգեն Հարությունյանի՝ երբ Կարեն Շիրվանյանը հասել է դեպքի վայր, նրան դիմավորել է Արտակ Կիրակոսյանն ու երկուսով մտել են անցակետի վարչական շենք, որտեղ գտնվելիս է եղել Արթուր Կիրակոսյանը: Ըստ փաստաբանի՝ Կիրակոսյանի նկատմամբ բռնությունը շարունակվել է նաև վարչական շենքում:

«Կարենն Արթուրին տեսել է արյունլվա, տեսել է նաև, որ քաշքշոցը շարունակվում է, բարկացել է, հարցրել, թե ինչ են անում, ինչու են խփում, մի խոսքով՝ վիճաբանություն է առաջացել, որից հետո Շիրվանյանին ևս հարվածել են»,- ասաց Գուրգեն Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ վիճաբանության ժամանակ ակտիվ է եղել հատկապես ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթափոխի պետ Մանվել Ավետիսյանը:

«Կարենը չի հիշում, թե կոնկրետ ով է իրեն հարվածել, բայց ես ոնց հասկացա, հատկապես կապիտան Մանվել Ավետիսյանն է ակտիվ եղել, հարվածել է, քաշքշուկ է եղել, Կարենին դուրս են հանել»:

Ծեծկռտուքը շարունակվել է նաև վարչական շենքից դուրս գալուց հետո

Փաստաբան Հարությունյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ Կարենին դուրս են հանել, վերջինս հայհոյել է:

«Ասել է՝  ինձ խփողի սենցը, նենցը, ու տասից ավելի անձանցով սկսել են նրան ծեծել»,- ասաց փաստաբանն ու նշեց, որ Կարենի հետ վարչական շենքից դուրս է եկել նաև Արթուր Կիրակոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ Կիրակոսյանը փորձել է միջամտել, բաժանել, երբ տեսել է, որ Կարենին ծեծի են ենթարկում, որից հետո նրան՝ Արթուր Կիրակոսյանին, դարձյալ սկսել են դաժան ծեծի ենթարկել:

Ինչ վերաբերում է Կարեն Շիրվանյանի կողմից սահմանապահի պարանոցի շրջանում դանակով վնասվածք հասցնելու հանգամանքին, վերջինս ցուցմունք է տվել և նշել, որ ինքը նման բան չի հիշում:

Իրադարձությունները ԱԱԾ աշխատակցի վնասվածք ստանալուց հետո

Վերը նշված հանգամանքից հետո Կարեն Շիրվանյանը բերման է ենթարկվել: Փաստաբան Գուրգեն Հարությունյանի խոսքով` Կարեն Շիրվանյանը ծեծի ենթարկվելու հետևանքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում` գլխի շրջանում: Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը պահանջել է, որպեսզի բժիշկ հրավիրեն, ինչը չի արվել մինչև այն պահը, երբ ստիպված է եղել ուշադրություն հրավիրելու համար ինքնավնասում անել:

«Ասում է՝ լավ ա, որ կրակայրիչս մոտս էր: Վրայի երկաթը հանեցի և ուշադրություն հրավիրելու համար վզիս հատվածում ու թևերիս վրա խազեր արեցի»: Դրանից հետո, ըստ Հարությունյանի, Շիրվանյանին տարել են, որպեսզի լվացվի, ապա ժամեր անց, երբ արդեն քննիչը նրան ձերբակալելու որոշում է կայացրել, նրան տարել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ բժիշկ է հրավիրվել: Փաստաբանը նշում է, որ թեև հրապարակումներ են եղել, թե Շիրվանյանն ինքնասպանության փորձ է արել, իրականում դա, փաստորեն ինքնավնասում է եղել, որպեսզի իր համար բժիշկ հրավիրի:

Ինչ վերաբերում է Արթուր և Արտակ Կիրակոսյաններին, ապա միջադեպից հետո վերջիններիս գտնվելու վայրը հայտնի չէ: Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից առ այսօր չի արվել որևէ պաշտոնական հայտարարություն նրանց՝ գործող որևէ կարգավիճակ ունենալու վերաբերյալ:

Արթուր Կիրակոսյանին առաջին օգնություն են ցույց տվել անցակետի մոտակա բենզալցակայանի աշխատակիցները

Դեպքից հետո Արթուր Կիրակոսյանին ու Արտակ Կիրակոսյանին վերջին անգամ տեսել են սահմանային անցակետից շուրջ 200-300 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի աշխատակիցները: Բենզալցակայանի աշխատակից Տիգրան Չուխուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքի է եղել, երբ բենզալցակայանին է մոտեցել Կարեն Շիրվանյանի մեքենան: Մեքենայի ղեկին, սակայն, եղել է ոչ թե Կարեն Շիրվանյանը, այլ Արթուր Կիրակոսյանը:

Վերջինս, Չուխուրյանի խոսքով, մեքենայի դուռը բացել ու անմիջապես ջուր է խնդրել:

«Ջուրը վազելով տարա, տվի, տեսա, որ իրեն լավ չէր զգում: Մեքենայից իջեցրինք, տեսա, որ մի քիչ լավ չէր քայլում, թևից բռնեցի, տարա իմ սենյակ, պառկեցրի: Գլխից բռնել էր, անընդհատ ասում էր՝ գլուխս, գլուխս: Գլուխը ցավում էր, վրան վնասվածքներ կային, հագուստն ամբողջությամբ ցեխոտված էր: Հարցրի՝ Արթուր, ի՞նչ է եղել, ոչինչ չասեց, հետո հարցրի` վիճել ե՞ս, ասաց հա, բայց մանրամասներ չպատմեց»,- մեզ հետ զրույցում պատմեց բենզալցակայանի աշխատակիցը:

Վերջինս նշեց, որ դրանից հետո Արթուրի երեսին ջուր է լցրել, ճակատի հատվածում թրջոցներ դրել, ապա` մոտ 15-20 րոպե անց բենզալցակայան է եկել Արթուրի եղբայրը` Արտակը: Տիգրան Չուխուրյանը Արտակ Կիրակոսյանից ևս փորձել է հարցնել, թե ինչ է պատահել, սակայն վերջինս խոստացել է հետո պատմել: Չուխուրյանի խոսքով` ամենայն հավանականությամբ Արտակն Արթուրին պետք է հիվանդանոց տաներ, այլ հանգամանքներ իրեն հայտնի չեն: Բենզալցակայանի աշխատակիցը նշեց նաև, որ ինքն Արտակին օգնել է, որպեսզի Արթուրին մեքենայի մեջ նստեցնեն, որովհետև վերջինս այլևս ի վիճակի չէր ինքնուրույն տեղաշարժվել:

Ինչ վերաբերում է միջադեպի մասնակից Անդրանիկ Այունցին, ապա վերջինիս Արտակ Կիրակոսյանը մինչ եղբոր մոտ` բենզալցակայան գնալը բերել է Բագրատաշենի հրապարակ, որտեղից Այունցը, իր խոսքով, գնացել է տուն:

Կարեն Շիրվանյանի մեքենայի վրա արյան հետքեր են հայտնաբերվել

Նշենք, որ Արթուր Կիրակոսյանի, ինչպես նաև Կարեն Շիրվանյանի վրա առկա վնասվածքների մասին մեզ հետ զրույցում խոսեց նաև Անդրանիկ Այունցը, ով գործով վկայի կարգավիճակ ունի:

«Արթուրն ու Կարենը, կարելի է ասել, անճանաչելի էին, նրանց դեմքին, մարմնին, գլխի շրջանում վնասվածքներ կային»,- ասաց Անդրանիկ Այունցը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Գուրգեն Հարությունյանը նշեց, որ դեպքի վայր է գնացել նաև Կարենի եղբայրը՝ Արայիկ Շիրվանյանը, ով իրեն պատմել է, որ գետնին ընկած եղբորը սկզբից չի ճանաչել:

«Պատմում է, որ գնացել է դեպքի վայր ու տեսել, որ Կարենին՝ մի տեղ, Արթուրին մի տեղ գցած, ոտքի տակ տշում են, այն կարգի էին ծեծի ենթարկել, որ Կարենի «քաչալից» է հասկացա, որ ինքն է»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգեն Հարությունյանը:

Նշենք, որ Կարեն Շիրվանյանի հարազատները դեպքից հետո նրա մեքենայի վրա արյան հետքեր են հայտնաբերել: Ստորև ներկայացնում ենք հարազատների կողմից «Հետք»-ին  ուղարկված լուսանկար, որում երևում են արյան հետքերը:

Ի՞նչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին

Փաստաբան  Գուրգեն Հարությունյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ այս միջադեպի ընթացքում պետական իրավասու մարմնի ներկայացուցիչների կողմից կատարված ոչ իրավաչափ գործողություններին, որոնք չկատարելու դեպքում գուցե չստեղծվեր այն իրավիճակը, որը ստեղծվել է այժմ:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթափոխի պետ, կապիտան Մանվել Ավետիսյանը նստել է Արթուր Կիրակոսյանի մեքենան` ինչ-որ հարցեր պարզելու համար: Ըստ փաստաբանի` եթե Կիրակոսյանն անգամ ինչ-որ անթույլատրելի բան էր արել, ապա օրենքով «նրա մեքենան նստելու ընթացակարգ չկա». առավելագույնը, որ պետական ծառայողները կարող էին անել, նրան մեկուսացնելը պետք է լիներ:

«Սահմանի վրա վիճաբանում ես, ապա նստում մեքենան, գնում. ո՞ւր ես գնում»,- ընդգծեց փաստաբանն ու նշեց, որ Մանվել Ավետիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Կիրակոսյանի մեքենան է նստել` վերջինիս հանգստացնելու համար:

Փաստաբանը ընդգծեց, որ եթե անգամ Արթուր Կիրակոսյանն ի սկզբանե վիճաբանել է, և նրան մեկուսացնելու անհրաժեշտություն է առաջացել, ապա, փաստորեն, Կիրակոսյանը չի մեկուսացվել: Հակառակ դեպքում Կարեն Շիրվանյանը չէր կարողանա մուտք գործել այն տարածք, որտեղ տարվել է Կիրակոսյանը:

Փաստաբանի այս պնդումը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ անցակետի վարչական շենքից դուրս գալու հնարավորություն ունեցել է նաև Արթուր Կիրակոսյանը. եթե վերջինս մեկուսացված լիներ, ապա որևէ իրավասու անձ նրան թույլ չէր տա դուրս գալ այդ տարածքից. սրանից կարելի է հետևություն անել, որ Արթուր Կիրակոսյանին մեկուսացնելու հիմքեր չեն եղել:

«Եթե Արթուրին մեկուսացնելու անհրաժեշտություն լիներ, նա բերման ենթարկվածների համար նախատեսված վայրում պիտի լիներ, պիտի ոստիկաններին կանչեին, որպեսզի նրան տանեին, բայց ոչ. Արթուրը ինքն էլ է դուրս եկել ու փորձել Կարենի հետ վիճաբանությանը միջամտել»,- մեզ հետ զրույցում նշեց Գուրգեն  Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործողությունները չեն կարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն որակվել

Անդրադառնալով իր պաշտպանյալ Կարեն Շիրվանյանին առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ Արտակ Կիրակոսյանը զանգահարել է Կարեն Շիրվանյանին ու հայտնել, որ ծեծում են Արթուր Կիրակոսյանին, բավական է` պնդելու համար, որ Կարեն Շիրվանյանի արարքը չէր կարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն որակվել:

Կարեն Շիրվանյանի գործողությունները, ըստ պաշտպանի, անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում են:

Ըստ Գուրգեն Հարությունյանի` Կարեն Շիրվանյանին առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ նա որևէ իրավասու մարմնի օրինական գործողություն չի խոչընդոտել: Գուրգեն Հարությունյանի խոսքով` իր ցուցմունքում Մանվել Ավետիսյանն ասել է, թե գուցե Կարեն Շիրվանյանը վայր ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել, բայց փաստաբանը նշում է, որ  ինքը տեսել է Կարեն Շիրվանյանի վնասվածքները. Հարությունյանը բացառում է, որ իր պաշտպանյալի վնասվածքները կարող են վայր ընկնելու հետևանք լինել: Նշենք, որ Կարեն Շիրվանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Փաստաբանն ընդգծեց նաև, որ դեպքի վայրը տեսագրվում է, և համոզմունք հայտնեց, որ եթե այդ տեսագրությունները սահմանապահների օգտին լինեին, ապա իրավապահ մարմինները վաղուց դրանք հրապարակած կլինեին:

Փաստաբանը, ամեն դեպքում, պահանջել է այդ տեսագրությունները և նշում է, որ եթե մերժեն դրանք իրեն տրամադրել, ապա իր հաջորդ քայլը լինելու է պահանջելը, որպեսզի Կարեն Շիրվանյանի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն  իրականացվի:

Բագրատաշենի բնակիչների պնդմամբ` նոյեմբերի 19-ին սահմանային անցակետում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել

Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ սահմանապահ զորքերի հետ խնդիրներ են առաջանում: Ըստ փաստաբանի՝ սահմանապահ զորքերի ծառայողների կոպիտ վերաբերմունքի մասին այլ դժգոհություններ ևս իրեն հասել են:

Նշենք, որ Բագրատաշենի բնակիչների պնդմամբ՝ նույն օրը սահմանապահ զորքերի աշխատակիցների մասնակցությամբ մեկ այլ միջադեպ ևս տեղի է ունեցել. այս դեպքում սահմանապահները վիճաբանել են վանաձորցի ինչ-որ անձանց հետ ու, բնակիչների պնդմամբ, նրանց ծեծի ենթարկել: Մեզ հետ զրույցում Գուրգեն Հարությունյանն ասաց, որ այս լուրերի առնչությամբ ևս ինքը քայլեր կձեռնարկի՝ պահանջելով դրանց շուրջ քննություն կատարել և առգրավել այդ օրն անցակետի տարածքում արված տեսագրությունները:

Անդրանիկ Այունցի պնդմամբ՝ իր ցուցմունքն ամբողջությամբ գրավոր չի արձանագրվել

Դեպքից ժամեր անց՝ նոյեմբերի 20-ին, գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկաններն այցելել են Անդրանիկ Այունցի բնակարան ու վերջինիս տարել հարցաքննության: Այունցի խոսքով՝ ինքը բանավոր կերպով պատմել է դեպքի այն բոլոր մանրամասները, որոնց մասին պատմեց մեզ: Մեր հարցին՝ Այունցն այս ամենի մասին նաև գրավո՞ր է գրել, վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ միայն գրել է, որ սահմանապահների հետ վիճաբանություն է սկսվել:

«Ինչ կա, պատմել եմ, բայց ինձ չեն ասել, որ պատմածս գրեմ, միայն վիճաբանության մասն եմ գրել»,- ասաց Այունցը: Վերջինս նշեց, որ դեպքից երեք օր անց, առանց նախապես ծանուցելու, երկրորդ անգամ են եկել ու իրեն տանից հարցաքննության տարել: