Լոռիում խոշորացվող համայնքների մեծ մասում ջանք չեն թափել սեփական եկամուտները հավաքագրելու հարցում
Գայանե Սարգսյան
Այսօր Վանաձորում կայացած Լոռու մարզխորհրդի նիստը մեկնարկեց կիսադատարկ դահլիճով: Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի համայնքների թիվը կրճատվել է՝ 163-ից դառնալով 56:
«2018թ. մենք խոշորացման գործընթացը շարունակելու ենք ու շատ հավանական է, որ 2018թ․աշնանը ունենանք խոշորացման ևս մեկ ընտրություն, այդ 56 համայնքներն էլ կկրճատվեն ու կունենաք մոտավոր 22-25 համայնք»,- նկատեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտներին անդրադառնալով՝ Լոռու մարզպետարանի ֆինանսական ու տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը տեղեկացրեց, որ 2017թ. 10 ամիսների ընթացքում նախատեսված պլանային մուտքերը մարզի համայնքները կարողացել են ապահովել 98,3%-ով։ Նախատեսված 5 մլրդ 326 մլնի փոխարեն հավաքագրվել է 5 մլրդ 234 մլն դրամ:
Նոյեմբերի 1-ի դրությամբ եկամուտների 100 %-ից բարձր կատարողական է ապահովել մարզի 24, 80-100%՝ 49, 60-80 %՝ 29, մինչև 60%՝ 5 համայնք:

Ընդ որում, հավաքագրման նվազագույն ցուցանիշ ապահոված բոլոր 5 համայնքներն էլ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդգրկվել են խոշորացված համայնքների կազմում: Այսինքն, համայնքները խոշորացման ՏԻՄ ընտրություններին գնացել են՝ առանձնապես ջանք չթափելով բյուջեի հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Արդյունքում Պրիվոլնոյեն ապահովել է 38,3, Պետրովկան՝ 42, Արծնին՝ 42.2, Նորաշենը՝ 49,6, Կաթնաղբյուրը՝ 53,3%-ի հավաքագրում:
Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքները գույքահարկի գծով հավաքագրումը կատարել են 93.9%-ով: Նախորդ տարվա համեմատ մարզի թվով 40 համայնքներ հավաքագրման ցուցանիշի նվազում են արձանագրել: 39 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 60-80 %, ևս 15 համայնք չի կարողացել հաղթահարել կատարողականի 60%-ի շեմը:
Գույքահարկի հավաքագրման առավել ցածր ցուցանիշներ են արձանագրել Հովնանաձոր (23,5%), Պաղաղբյուր (28,3%), Պետրովկա (33.7%), Արծնի (36,7%), Ձյունաշող (41,3%), Շիրակամուտ (46,9%), Արջուտ (43,1%), Ձորամուտ (49,4%), Սարատովկա (49,6%) համայնքները: Ընդ որում, այս համայնքների գերակշիռ մասը ևս նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում ընգրկվել է խոշորացված համայնքների կազմում:

Հողի հարկի կատարողականը համայնքները կատարել են 83,3%-ով: Նախատեսված 272 մլն դրամի դիմաց հավաքագրվել է 227 մլն դրամ:
Նախորդ տարվա համեմատ՝ թվով 54 համայնք կամ համայնքների 50.5%-ն արձանագրել է հողի հարկի հավաքագրման ցուցանիշի նվազում: Ինչպես մյուս հարկատեսակների դեպքում, այս անգամ ևս հավաքագրման ցուցանիշի կտրուկ անկում ու ցածր կատարողական են ունեցել հատկապես խոշորացման գնացող համայնքները: Պրիվոլնոյեն ապահովել է կատարողականի 19,6, Նովոսելցովոն՝ 33, Ձյունաշողը՝ 36, Ուրասարը՝ 36.2, Կաթնաղբյուրը՝ 38,1, Դաշտադեմը՝ 41,9, Պետրովկան՝ 46,5, Շամլուղը՝ 53,4, Մեծ Այրումը՝ 54,5% :
Տեղական տուրքերի գծով մարզում կատարողականը կազմել է 99,5%: Չնայած սրան, մարզում թվով 5 համայնք նոյեմբերի 1-ի դրությամբ արձանագրել է կատարողականի 0% ցուցանիշ: Դրանք են Ազնավաձորը, Ծաղկաշատը, Չկալովը, Ձյունաշողը, Արծնին: Ջրաշենում տեղական տուրքերի հավաքագրումը կատարվել է 6.9, Մեդովկայում՝ 21,4, Կարմիր Աղեգիում ու Լեջանում՝ 40, Սարահարթում՝ 43,6%-ով:
Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ Ա. Նալբանդյանը ներկա համայնքապետերին հորդորեց ակտիվացնել հավաքագրման ցուցանիշները․ «Մինչև ամսվա վերջ մեզ մնացել է ընդամենը երեք աշխատանքային օր: Այս ամսվա բացը լրացնելուց բացի նախորդ տաս ամիսների կուտակված բացերն էլ եք լրացնում,- համայնքապետերին հանձնարարեց մարզպետը,- դեկտեմբերի 15-ից հետո ավելի դժվար է լինելու սեփական եկամուտների հավաքագրումը, որովհետև բոլորը մտածելու են իրենց ամանորյա ծախսերի մասին»:
Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի թվով երեք համայնքներ կուտակել են աշխատավարձի պարտքեր: Համայնքապետարանների, ենթակայությամբ գործող հիմնարկ- ձեռնարկությունների աշխատողներին ամենախոշոր պարտքը Վանաձորի քաղաքապետարանինն է. այն կազմում է 104 մլն դրամ: 60 հզր դրամի աշխատավարձի պարտք ունի Հաղպատը, 234 հզր դրամ՝ Ձորագյուղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել