Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարարին
Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։ Նախարար Զարիֆը երախտագիտություն հայտնեց վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և համերաշխության համար։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Կողմերը արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում արտգործնախարար Զարիֆը նշեց, որ Երևանում հայ-իրանական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել գործարարների մեծ խումբ՝ հույս հայտնելով, որ ֆորումը կնպաստի հայ-իրանական առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձան ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
Արտգործնախարարները կարևորեցին միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնխանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել