
Նոր Արմավիրում երեխաները մատնված են անուշադրության
Դպրոցներում հանրակրթական դասարան բացելը պարտադիր է, սակայն Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի համար այն իսկական գլխացավանք է դարձել: Դպրոցում նախակրթարան բացելու հիմնական խնդիրը հարմարությունն է: 20 տարուց ավելի է` դպրոցը չի վերանորոգվել, իսկ երկրորդ մասնաշենքը, շինարարությունը դեռ ավարտին չհասցրած, արդեն վթարային է դարձել:
1980-ական թվականներին երկրորդ մասնաշենքի պատերը կանգնեցվել են, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո այդպես էլ ֆինանսական միջոց չի գտնվել, որ շինարարությունը ավարտին հասցվի: Դպրոցի տնօրեն Վաչիկ Կարապետյանի ասելով` շատ պետական մարմինների է դիմել, սակայն ապարդյուն:
«Շատ հնարավոր է, որ նույնիսկ երկհարկանի մասնաշենքի առաջին հարկի ծածկը քանդվի, քանի որ տանիք չլինելու պատճառով տարիներ շարունակ ձյան կաթոցներն ու անձրեւաջրերը լցվել են ներս: Պանելներ կան, որ արդեն ճկվել են»,- ասում է Վաչիկ Կարապետյանը:
Այժմ դպրոցը տեղավորվել է եռահարկ շենքում, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Տնօրենի խոսքերով` դասարանների թվի սղության պատճառով չեն կարողանում անցնել կաբինետային համակարգի, լաբորատորիան օգտագործվում է որպես դասասենյակ, «Շախմատ» եւ «Տնտեսվարություն» առարկաների գույքը կենտրոնացվել է մեկ սենյակում: Նույնիսկ գրադարանին հատկացված մասն է փոքրացվել, որ դասարան ավելանա: Դպրոցի շենքում չկան նույնիսկ տարրական կենցաղային պայմաններ, զուգարանը գտնվում է շենքից դուրս: Այս պայմաններում սովորում է 231 աշակերտ:
«Շենքն արտաքին տեսքից լավն է, սակայն պայմաններ չկան: Եթե դպրոցում հանրակրթարան բացվի, սպասվում է, որ հաճախելու է մոտ 30 երեխա: Ոչ մի դասասենյակ չունենք, որ երեխաներին տեղավորենք, իսկ Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ հնարավորության դեպքում նախակրթարանի հարցը լուծվի, սակայն պատասխանեցի, որ ազատ տարածք չունենք: Մեզ ասել էին, որ մինչեւ 2012 թ. դպրոցը կվերանորոգվի, սակայն տեղեկացա, որ մեր դպրոցի վերանորոգումը նույնիսկ 2012 թ. բյուջեով նախատեսված չէ: Դպրոցում նախակրթարան չի բացվելու մինչեւ շենքը չվերանորոգվի»,- ավելացրեց Վաչիկ Կարապետյանը:
Արմավիրի մարզպետարանից «Հետքին» տեղեկացրին, որ քայլեր են ձեռնարկվում դպրոցը վերանորոգելու ուղղությամբ եւ փնտրում են ֆինանսական միջոցներ:
Նոր Արմավիրում երեխաները տուժում են ոչ միայն նախակրթարանի, այլեւ մանկապարտեզի հարցում: «Հետքը» մի քանի հոդվածներով անդրադարձել է գյուղի մանկապարտեզի խնդրին: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Բաղդասարյանն ասաց, որ մանկապարտեզն այս տարի է գրանցվել որպես պետական հաստատություն, սակայն սեփական շենք չունի: Կ. Բաղդասարյանի խոսքով` դպրոցի մասնաշենքի վերանորոգումից հետո այնտեղ կարող են տեղակայվել եւ նախակրթարանը եւ մանկապարտեզը:
«Գյուղում մանկապարտեզի կարիքը կա: Հատկապես ամռան շրջանում ծնողները ցանկանում են, որ երեխաները հաճախեն մանկապարտեզ, որպեսզի իրենք էլ հողի մշակությամբ զբաղվեն, բայց պայմանների բացակայության պատճառով չենք կարողանում շատ երեխաներ ընդունել»,- հավելեց մանկապարտեզի տնօրենը:
Այժմ մանկապարտեզը գործում է մասնավոր անձի պատկանող մի շենքում, որը նախկինում հիվանդանոց է եղել, սակայն սեփականաշնորհվել է 1990-ական թվականներին: Մանկապարտեզ է հաճախում 50-ից ավելի երեխա: Մսուր բացելու կարիք կա, բայց պայմանները բավարար չեն նոր երեխաներ ընդունելու համար:
Մանկապարտեզի գույքի հարցն էլ ծնողներն են լուծում: Ծնողներն իրենք են սեզոնին մանկապարտեզ տանում երեխայի սեփական մահճակալը, աթոռը, անկողինը, քանի որ մանկապարտեզը սեփական գույք չունի: Մանկապարտեզը վճարովի է, ծնողները մեկ երեխայի համար վճարում են 5000 դրամ, որը, ըստ Կարինե Բաղդասարյանի, ծախսվում է միայն սննդի վրա:
Գյուղը նախկինում մանկապարտեզի շենք ունեցել է, սակայն անկախության առաջին տարիներին այն նույնպես մասնավորեցվել է: Դիմել են սեփականատիրոջը, որպեսզի այն գոնե ժամանակավոր տրամադրվի երեխաներին, մինչեւ նոր շենքի կառուցումը, քանի որ շենքը, ուր հաճախում են երեխաները, գտնվում է գլխավոր փողոցի վրա եւ բակ չունի:
Անուշադրության դեպքում շատ հնարավոր է, որ երեխաները հայտնվեն փողոցում ու դժբախտ պատահարի զոհ դառնան: Նախկին մանկապարտեզի սեփականատերը մերժել է այն տրամադրել երեխաներին: Խոսակցություններ կան, որ այն օգտագործվելու է որպես հարսանյաց սրահ:
Ներդրումների համար մանկապարտեզի տնօրինությունը դիմել է տարբեր բարերարների, սակայն մանկապարտեզի հաշվապահ Նարինե Ավետիսյանի ասելով` ոչ ոք չի ցանկանում ներդրում անել: Պատճառաբանում են, թե մանկապարտեզը սեփական շենք չունի: «Ծնողները հազիվ կարողանում են 5000 դրամ վարձավճարը տալ, ծնողներն այդքան ներդրում չեն կարող անել, որ մեր ուժերով խնդիրը լուծենք»,- հավելեց Կարինե Բաղդասարյանը:
Մեկնաբանել