Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի իր պաշտոնակցին
Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:
Իրանի գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: Մորթազին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա ուղղությունները:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ Իրանի իր պաշտոնակցի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Արթուր Դավթյանը իր հերթին Մորթազերիին հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել