HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն

Հունիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է լրագրողների դեմ բռնարարքներ գործած անձանց՝ Աշոտ Ավետիսյանի եւ Հրայր Հարությունյանի քրեկան գործը: Երեւան քաղաքի դատախազությունը նրանց է հանցավոր ճանաչել 2004թ.-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում զանգվածային լրատվության մի շարք աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու ու խմբագրությունների գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ: 

 Տուժող լրագրողները դատարանում հայտարարել են, որ նախաքննությունը թերի է կատարվել եւ բոլոր մեղավորները չեն բացահայտվել: Նախաքննական մարմինը գործը լղոզելու մոտեցում է ցուցաբերել, իսկ դատարանը նրանց նկատմամբ մեղմ պատիժ է սահմանել «զղջալու» արդյունքում: Սափրած գլուխները նույն խուլիգանական վարքագիծը երեկ դրսեւորել են դատարանի դահլիճում: Նրանք արգելել են լրագրողներին ներս մտնել դատական նիստերի դահլիճ, ծաղրել են ու վիրավորել նրանց: «Նոյյան Տապան» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանի պահանջին՝ չխոչընդոտել իր աշխատանքին, նրանք վիրավորել են եւ սպառնացել ջարդել լրագրողուհու գլուխը: 

Oրինականության պահպանմանը կոչված իրավապահները դատարանում ցուցաբերել են նույն անտարբերությունը, ինչ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ: Ավելին, նրանք ոչ միայն անտարբերությամբ հետեւել են հասարակական կարգը խախտողներին, այլեւ միացել են զազրախոսներին եւ իրենց հեթին վիրավորել լրագրողներին: 

 «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն գտնում է, որ տեղի ունեցած դատավարությունն ընդամենը պատրանք էր ազատ խոսքը պաշտպանելու եւ օրենքի առջեւ բոլորի իրավահավասարությունը ցուցադրելու առումով: Իրականում, դատարանի դահլիճում սափրած գլուխների հայտնվելը, լրագրողներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները խոսում են այն մասին, որ հանցագործներն անպատիժ են եւ իշխանությունները ազատ խոսքը պաշտպանելու կամք չեն դրսեւորում: 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter