HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը պաշտպանում է մարդկանց ոչ թե իրական, այլ վերացական իրավունքները

Չնայած Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորի քաղաքապետարանին պարտավորեցրել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրել պահանջված տեղեկությունները` քաղաքապետարանը հրաժարվում է կատարել մայիսի 15-ին ուժի մեջ մտած վճիռը: 

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը պետք է կազմակերպությանը տրամադրել 2002-2003թթ. քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճենները: 

Օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի ընձեռած հնարավորություններից՝ քաղաքապետարանը դատարան է դիմել վճիռը պարզաբանելու համար: Պարզաբանման է ենթակա վճռի այն մասը, ըստ որի Հելսինկյան գրասենյակը թվով 2614 որոշման տրամադրման դիմաց պետք է վճարի ընդամենը 1000 դրամ: Քաղաքապետարանը համաձայն չէ տեղեկության տրամադրման համար գանձվող վճարի չափին, քանի որ ի սկզբանե կազմակերպությունից պահանջել էր յուրաքանչյուր որոշման համար վճարել 1000 դրամ, ընդհանուր առմամբ՝ երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ: Քաղաքապետարանն առաջնորդվում է 2003թ. Վանաձորի ավագանու ընդունած որոշմամբ, որի համաձայն համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար պետք է վճարել 1000 դրամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը դեռ դատարանում հայտարարել էր, որ անկախ որոշումների քանակից` վճարման ենթակա է միմիայն 1000 դրամ՝ որպես միանգամյա դիմելու համար:

Քաղաքապետարանի պահանջը անհիմն է, որովհետեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության տրամադրման համար գանձվող վճարը ներառում է միայն այդ տեղեկության տրամադրման տեխնիկական ծախսերը  (պատճենահանում, դիսկետի գին եւ այլն): Բացի այդ, ավագանու որոշումն իբրեւ ենթաօրենսդրական ակտ ստորադաս է «ՏԱ մասին» օրենքին, ուստի եթե օրենքով սահմանված է այլ բան, քան ենթաօրենսդրական ակտով, իրավաբանական ուժ ունի օրենքի համապատասխան նորմը: 

Կազմակերպության ղեկավարը գրավոր դիմել է դատավոր Մուշեղ Հարությունյանին: «Դատարանն իրավունք ունի պարզաբանել վճիռը՝ չփոխելով վճռի բովանդակությունը եւ էությունը: Քննարկվող վճռի եզրափակիչ մասը «վճռեց» բառից հետո ձեւակերպված է հստակ, առանց վրիպակների եւ թվաբանական սխալների, ուստի վճիռը պարզաբանման կարիք չունի: Այն ենթակա է միմիայն կատարման»,-ասված է դատավորին ուղղված նամակում: 

Հունիսի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն ընդունեց վճիռը պարզաբանելու մասին որոշում, որով յուրաքանչյուր որոշման համար հասարակական կազմակերպությանը պարտավորեցրեց վճարել 1.000 դրամ: 

«Հակառակ խելամտության բոլոր կանոնների եւ իրավական տարրական գրագիտության, առաջին ատյանի դատարանը Վանաձորի քաղաքապետի գրության պատասխանով փոխեց իր իսկ կայացրած վճիռը: Սա եւս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպիսի աբսուրդի թատրոն է ներկայացնում արդարադատությունը»-վճռի պարզաբանման կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: 

«Քաղաքապետի եւ ավագանու յուրաքանչյուր որոշում ինքնուրույն, առանձին փաստաթուղթ է եւ տեղեկատվության առանձին աղբյուր, հետեւաբար դրանից յուրաքանչյուրի համար պետք է վճարիվի սահմանված չափով տուրք»,- ասված է վճիռը պարզաբանելու մասին որոշման մեջ: 

«Այն փաստարկները, որով քաղաքապետարանը պայմանավորում էր իր կողմից կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրելը, իր վերջնական արտահայտությունը գտավ դատարանի պարզաբանման մեջ: Մինչդեռ կազմակերպությունը հենց այդ գումարի անօրինականության հայցով էր դիմել դատարան, որն էլ բավարարվել էր: Այսինքն՝ մի ձեռքով մի ամբողջ դատարան չորս ամիս շարունակ հասկացավ մի կերպ, որ կազմակերպությունն իրավունք ունի ստանալու տեղեկատվություն համաձայն ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի, մյուս ձեռքով չցանկացավ քաղաքապետարանի խաթրից դուրս գալ եւ տրամաբանորեն հակառակ պարզաբանմամբ ի չիք դարձրեց այդ իրավունքը: Սա է իրականությունը: Եվ մեզ ցանկանում են ցույց տալ, որ մենք ունենք ոչ թե իրական, այլ՝ վերացական իրավունքներ»,-ասում է Ա. Սաքունցը: 

Փաստորեն, դատարանը «իրավունքների պաշտպանության հարցում ընդամենը դիտորդի դերում է հայտնվել»: Ըստ Ա. Սաքունցի՝ իրականում դատարանը հանդես է գալիս գործադիր իշխանության շահերի քաջարի պաշտպանի դերում՝ չապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքը: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտադիր է որոշումը բողոքարկել դատական վերին ատյաններում, ինչպես նաեւ` հայտարարությամբ դիմել Արդարադատության նախարարություն եւ Դատարանների նախագահների խորհուրդ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter