HY RU EN

Եռակողմ հուշագիր՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը,  կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում արդեն ունենք շուրջ 6500 հայտեր, 3100 հոգի անցել են հավաստագրման դասընթացներ և կարող են իրենց ծրագրերով դիմել ֆինանսական կառույցներ ու վարկունակության դեպքում օգտվել վարկերից», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Միաժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվորեն շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը և արդեն շուրջ 300 գյուղացիական տնտեսություններ վարկավորվել են տարբեր ֆինանսական կառույցների կողմից: Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ հաջողության դեպքում ծրագրի իրականացման ծավալները հաջորդ տարիներին կավելանան:

«Ծրագիրը հնարավորություն կտա արտոնյալ, մատչելի պայմաններով ֆինանսավորում ստանալ ծրագրերի իրականացման համար: Համոզված եմ, որ պահանջարկը մեծ է լինելու», - իր հերթին նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:  

Վահե Հարությունյանի խոսքով` ծրագրի պայմաններն ավելի մեծ հնարավորություն են տալիս ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան ավելացնել իրենց ներդրումներն ու ունենալ ավելի մեծ եկամուտներ:

«Գործընթացը ուղեկցվում է նաև կրթական, վերապատրաստման դասընթացներով, որոնք իրականացվում են  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից: Իրականացվում են դասընթացներ, որոնք բարձրացնում են ֆերմերների իրազեկվածության մակարդակը ծրագրի վերաբերյալ, և արդեն հնարավորություն են տալիս ավելի գիտակցորեն մոտենալ ծրագրին, որպեսզի վարկեր վերցնելուց կարողանան կանխատեսել ռիսկերը», - նշել է Վահե Հարությունյանը:     

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: