Արդարադատության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԻԳՀԳ տեղային գործունեության և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Պատվիրակության կազմում են եղել ՄԻԳՀԳ Ամերիկաների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի ղեկավար Խոսե Մարի Արանազը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հուլան Ցեդևն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Դրագան Լալոշևիչը:
Դ. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Հայաստան կատարած այցի համար և նշել, որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով պայմանավորված ՀՀ օրենսդրության ոլորտում ներկայումս կարևոր գործընթացներ են իրականացվում՝ կիսանախագահական կառավարման ձևից դեպի խորհրդարանական կառավարում անցումը սահուն կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ընթացքում նախարարը ՄԻԳՀԳ ներկայացուցիչների հետ անդրադարձել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ մշակված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին:
Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ գործողությունների ծրագրի իրականացման փորձառությունը հաշվի առնելով՝ նոր ծրագրով ստեղծվել է նաև համակարգող մարմին, որը մշտադիտարկում է պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը:
Այս համատեքստում նախարարն առանձնացրել է 2017 թվականի դեկտեմբերին սպասվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումը, որի ընթացքում կքննարկվի Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել