HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկան համայնքի խոշոր հարկատուները հողի հարկ չեն վճարում

Տարեվերջը 7 սարի հետեւում չէ, իսկ Լոռու մարզի Ճոճկան համայնքում վտանգված է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումը: Ճոճկանի 2011 թ. բյուջեի 53,5 մլն դրամ նախատեսված եկամուտների փաստացի մուտքերը, ըստ բյուջետային հաշվետվության, դեկտեմբերի 19-ի դրությամբ կազմում էին 39,3 մլն դրամ:

Այստեղ հողի հարկի 15,8 մլն դրամ եկամուտներից փաստացի մուտքագրվել է 7,8 մլն դրամ, նախատեսված 2 մլն դրամ գույքահարկի հավաքագրումը կազմում է 1 մլն դրամ, պետական տուրքերինը` 50 հազար դրամի փոխարեն 14.000 դրամ: Համայնքապետ Սամվել Գիգոլյանն անհանգիստ է. նա տեղեկացրեց, որ համայնքի բյուջեի ապառքները կազմում են 19 մլն 57 հազար դրամ: Համայնքի 24 խոշոր հարկատու բյուջեին 12,5 մլն դրամ հողի հարկի պարտք ունի: Սամվել Գիգոլյանի ասելով` վերջիններիս արդեն 4-րդ անգամ է հրավիրում համայնքապետարան:

Ճոճկանցի Սեյրան Խուդինյանը համայնքի բյուջեին պարտք է 661 հազար դրամ հողի հարկ, Արամ Անդրեասյանի պարտքը կազմում է 436 հազար դրամ, Վոլոդյա Կիրակոսյանը պարտք է 616 հազար դրամ, Մերուժան Հովակիմյանը` 418 հազար դրամ:

«Պահանջում եմ որոշակի գումար մուծել, իսկ մնացածի համար ժամանակացույց ենք կազմում` տարվա ընթացքում վճարումը մաս-մաս կատարելու համար, սակայն ոչ բոլորն են այդ պայմանն ընդունում: Մոտ 10 հոգու մասով ստիպված ենք դիմել դատարան»,- ասաց համայնքապետը: Վերջինս ակնկալում է, որ գոնե մի 80%-ով կապահովի հարկերի հավաքագրումը:

Ճոճկանի համայնքապետարանի թերակատարվող հարկային եկամուտների մասին այս տարվա հուլիսին ահազանգել է նաեւ Լոռու մարզպետարանը: Համայնքում վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը 14.09.2011 թ. կազմած ակտում արձանագրել է. «2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ Ճոճկան համայնքի բյուջեի եկամուտների կատարման ցուցանիշները նվազել եւ կազմել են 65,5%, այդ թվում` սեփական եկամուտները հավաքագրվել է 41,9%-ով: Թերակատարվել են հողի հարկի, գույքահարկի, պահուստային հողերի վարձավճարների եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշները»:

Սամվել Գիգոլյանն ասաց, որ Ճոճկանի 6 մթերային խանութներից 2-ի սեփականատերերը` Անահիտ Վահրամյանը` եւ Կարեն Խուդինյանը, զլանում են վճարել խմիչքի եւ սիգարետի վաճառքի տուրքերը` համապատասխանաբար 53.000 դրամ եւ 18.000 դրամ: Թերացողներին Ճոճկան համայնքի ղեկավարն արգելել է ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառել, սակայն խանութատերերը շարունակում են անօրինական վաճառքը:

Ճոճկանի բյուջեի ծախսային մասը ներկայումս կազմում է 39,4 մլն դրամ: Ծախսային մասում կառավարման մարմնի պահպանման տողով 2011 թ. նախատեսվել է 26 մլն դրամ, որից 18,8 մլն դրամն արդեն ծախսվել է: Առաջիկա 12 օրում բյուջեի եկամուտների հավաքագրումը պատշաճ չկազմակերպելու դեպքում համայնքապետարանը համայնքի բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի վճարման խնդիրներ կունենա:

Այս տարի համայնքի միջոցներից 5,3 մլն դրամ է հատկացվել գյուղի նորաբաց մանկապարտեզի 7 աշխատողների աշխատավարձի եւ սոցվճարների համար: Մանկապարտեզ հաճախող 38 երեխաների սննդի համար համայնքի բյուջեից գումարներ չեն հատկացվել, երեխաները սնվում են ծնողներից գանձվող ամսական 3,5 հազար դրամ վարձավճարով:

Ճոճկանի 914 հա վարելահողերը տխուր հիշողություններ են առաջացնում գյուղացիների մոտ: Վարելահողերի տեղում տարիներ առաջ Ճոճկանի դեղձի ու խաղողի այգիներն են եղել: Դրանք հետխորհրդային առաջին տարիներին ոռոգման ջրի պատճառով չորացել են, այն դեպքում, երբ 1999-2000 թթ. Ճոճկանում ՄԱԿ-ի պարենային ծրագրով 1 մլն դոլարի ներդրում է կատարվել «Լալվար-Ճոճկան» ջրատարը կառուցելու նպատակով:

Գումարը մսխվել է, ոռոգման ջուրն էլ երազանք է մնացել ճոճկանցիների համար: Ներկայումս ճոճկանցիները մի քանի պոմպերի օգնությամբ ոռոգման նպատակով օգտագործում են Դեբեդ գետի ջուրը:

Անդրադառնալով գյուղի 2008-2012 թթ. զարգացման քառամյա ծրագրով կատարված աշխատանքներին` Սամվել Գիգոլյանն ասում է, որ այս տարի պետբյուջեից հատկացված 7,2 մլն դրամով կառուցվել է 968 մ երկարությամբ ջրագիծ, որի շնորհիվ խմելու ջրի ծորակներ են ավելացել մանկապարտեզում, գյուղի դպրոցում եւ էլի 4 թաղամասերում:

Համայնքապետը կարեւորեց գյուղի ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները: «Վերականգնվել է գյուղի 2-րդ աստիճանի ջրհան կայանը, «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով 10 կմ երկարությամբ խցանված ոռոգման ջրագիծը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով վերականգնվել է ջրագծից եւս 3 կմ 300 մ: Այսուհանդերձ, համայնքապետի ասելով` գյուղի ոռոգման ներքին ցանցի առանձին հատվածներ դեռեւս քանդված են:

«Ներկայումս Ճոճկանում դեղձի եւ խաղողի մոտ 30 հա նոր այգիներ են ստեղծվել»,- ասում է Սամվել Գիգոլյանը: Վերջինս գյուղի ապագան կապում է այգեգործության հետ: Տրակտորիստ Լեւոն Գաբոյանի կարծիքով` ճոճկանցին պետք է հողը ճիշտ մշակի, որ կարողանա եկամուտ ստանալ ու հարկը վճարել:

«Մեր հողում ոչ ցորենն է աճում, ոչ գարին, եթե գյուղում ոռոգման ջուր լինի, գյուղի մեծամասնությունը այգեգործությամբ կզբաղվի»,- ասաց Լեւոնը: «Համայնքապետն ասում է, որ պոմպերով Դեբեդից ոռոգման ջուր եք ստանում»,- ասացի Լեւոնին: «Է~, դե մենք էլ օգտվեինք, մեկի ուժը պատում է, մեկինը` չէ: Գյուղի մեծ մասը հնարավորություն չունի դրանից օգտվելու»,- ասաց Լեւոն Գաբոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter