HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի փոխնախագահները հանդիպել են վարչապետի հետ

Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Կարապետյանը կարևորել է Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի կողմերի համար: Վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵՆԲ-ի հետ համագործակցությանն առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, կոշտ թափոնների կառավարումը, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և այլն: Նա առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով Հայաստանի հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ: 

Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել Հայաստանում ԵՆԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը և տեղեկացրել, որ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին և Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին: ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ տպավորված է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով և ավելացրել, որ բանկը պատրաստ է համագործակցության ընդլայնմանը հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ճանապարհային անվտանգության բարձրացման, էներգախնայողության, ՓՄՁ-ների համար էժան ու երկարատև վարկային միջոցների ներգրավման ուղղություններով: 

Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան ընթացիկ՝ 2015-2019 թթ. համագործակցության ռազմավարության հիմքում», - նշել է Կարապետյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգի ու օրենսդրական փաթեթի մշակման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մի շարք ուղղություններով տրամադրված տեխնիկական օժանդակության համար: Վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ վարչապետը կարևորել է մասնավոր սեկտորում ներդրումային ծրագրերի և մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը: 

«Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ և´ բիզնես սեկտորի խթանման, և´ քաղաքականության մշակման, և´ պետական-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի առումով: Մենք նաև արդեն իսկ շատ հաջող աշխատում ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ», - նշել է Ալան Պիյուն և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ: 

Հայաստանի վարչապետը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, ոսկերչության, դեղագործության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ բանկը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտներում և շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը կարևորել են նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը ևս կնպաստի երկկողմ գործակցության խորացմանը: 

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ծրագրերում, Հայաստանի կառավարության կողմից թե´ տեղական, թե´ օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում ՎԶԵԲ-ի ներգրավման հնարավորությունների շուրջ», -գրված է հաղորդագրության մեջ:

Ալան Պիյուն տեղեկացրել է վարչապետին, որ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրենի թեկնածությունն արդեն հաստատվել է, և 2018 թ. հունվարից նա կանցնի իր պարտականությունների կատարմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter