HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իմաստուն նախագահը, ուրիշի հաշվին ճոխ ապրող չինովնիկներն ու բումերանգի էֆեկտը

«Այս պահին ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը ինձ բացարձակապես տրամաբանական չի թվում: Կարծում եմ, որ այս ինֆորմացիան նետել է ինչ-որ մեկը, եւ բոլոր լրագրողները դրան գերի են դարձել,- այսօրվա ասուլիսին հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,- չի լինելու նման բան: Համոզված եմ, որ ամեն մի քաղաքական ուժ, հատկապես որ հայտարարել է այդ մասին, կգնա առանձին` իր համամասնական ցուցակով: Ինչ վերաբերում է դաշինքներին եւ այլ միություններին, բնականաբար, այդ մասին կլինեն համապատասխան հայտարարություններ»:

«Այդ դեպքում ինչու՞ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը» հարցին ԲՀԿ-ականը պատասխանում է. «Համաձայնագրի իմաստն այն է, որ ցանկացած քաղաքացի ուզում է ունենալ ուժեղ իշխանություն, եւ կոալիցիոն ուժերը պետք է ի դեմս այս հուշագրի արտահայտեին իրենց վերաբերմունքն առ այն, որ իրենք կողմ են այս իշխանություններին, նրա ուժեղացմանը»:

Տնտեսագետ պատգամավորը գտնում է, որ ոչ միայն մանր ու միջին, այլեւ ընդհանուր գործարար միջավայրը արգելքների է հանդիպել վերջին շրջանում. «Բիզնես ինստիտուտը կարծես թե վերջին ժամանակներում չի ողջունվում մեզ մոտ, որի արտացոլումը պետք է համարել այսօր գոյություն ունեցող վիճակը: Երկրի նախագահը վերջին խոսքերի ընթացքում ահազանգ բարձրացրեց, եւ դա ուղղված էր գործադիր այն մարմիններին, որոնք պետք է էականորեն բարձրացնեին կառավարման գործունեությունը: Կարծում եմ, որ այս առումով դեռեւս ունենք պրոբլեմ, եւ այս խնդիրը մինչեւ անգամ իր բացասական ազդեցությունն ունենում է ամողջ տնտեսական ու սոցիալական համակարգի վրա»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ խնդիրները նոր չէին, հետեւաբար, ինչու՞ նոր միայն իշխանությունը որոշեց դրանց դեմն առնել, Բոստանջյանը նկատեց. «Մինչ այս, կարելի է ասել, որ մենք գտնվել ենք դեռեւս ինկուբացիոն ժամանակաշրջանում, որի ընթացքում երկրի նախագահը դեռեւս հակված չի եղել կաշկանդելու ամենատարբեր կառույցներում գտնվող մարդկանց գործունեությունը: Հիմա, փաստորեն, պահն այնպիսին է, երբ հնարավոր չէր սպասել: Առաջադրանքները պետք է լինեն ուղղակի, դիպուկ ու անվերապահ»: ԲՀԿ-ականը չի կարծում նաեւ, թե իշխանությունների գործողությունները ուղղված են ՀԱԿ-ի շարժումը թուլացնելուն. երկուսի նպատակն էլ երկիրն ուժեղացնելն է:

Իսկ ի՞նչ գործողություններ են կատարվել առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: «Ես չեմ համարձակվի ասել, որ հասցնում եմ նկատել նման բաներ,- խոստովանում է պատգամավորը,- ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնությունը այդ օրը հանկարծակի իմացավ, որ վատ է աշխատում ու հանկարծակի շատ մտահոգ դարձավ, առավել եւս որոշները ուզեցին ընդհանրապես սովորեցնել, թե ինչպես կարելի է աշխատել: Բնականաբար, այդ ամենը կարող էին անել ավելի շուտ, ավելի առարկայական մոտեցումներ հանդես բերել: Կուզենայի որ սա արդյունք տար, բայց մտածում եմ, որ նման մոտեցումներով մենք չենք կարող շտկել խնդիրները»:

Ապրիլի 9-ին լրանում է Ս. Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին: Ինչպե՞ս է գնահատում երրորդ նախագահի գործունեությունը բանախոսը: «Մեր հանրապետության նախագահը դարձել է որպես այդպիսին հատկապես արտաքին քաղաքականության առումով, ինչպես նաեւ մեր պաշտպանության, անվտանգության առումով,- հայտարարում է Բոստանջյանը,- տարածաշրջանում կա բարդ խնդիր, եւ սրա վերաբերյալ անխնա գեոկառավարողները հաստատ մեզ կնեղեին, բայց չեն կարողանում դա անել: Մենք այս խնդրի առումով գտնվում ենք շատ լավ դիրքերում, ինչը պայմանավորված է նախագահի իմաստուն քաղաքականությամբ»:

Ըստ տնտեսագետի` իշխանությունը ցանկանում է երկիրը տեսնել ավելի լավ վիճակում, սակայն խնդիրը կառավարումն է եւ այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է լուծեն այդ հարցերը. «Կառավարման առումով ես ասել եմ, որ դեռեւս չենք կարողանում արդյունավետության բարձր մակարդակ ապահովել, դա ասաց նաեւ նախագահը: Թողտվության պայմաններում ստացվել է այնպես, որ տարբեր տրամաչափի չինովնիկներ առավոտից երեկո մտածում են մի բանի մասին. ինչպե՞ս կարելի է ուրիշի հաշվին ճոխ ապրել: Այդպիսի բան տեղի չի ունենում: Նման պարագայում աշխատելու է բումերանգի էֆեկտը, եւ այդ մարդիկ համապատասխանաբար հարվածը կստանան իրենց վրա»: «Կառավարությունում կա՞ն նման մարդիկ» հարցադրմանը պատգամավորը խուսափողական պատասխան տվեց. «Դուք կարծում եք, որ չկա՞ն այդպիսի մարդիկ: Ես ասացի այն, ինչ ասացի, ու կարծում եմ, որ հասկանալի ասացի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter