HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Բնակիչները գիշերային ակումբի դեմ

«Անկախ ամեն ինչից, մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով եւ մինչեւ վերջ: Երբ օրենքը չգործի, արդեն բիրտ ուժի կանցնենք. ուղղակի կսկսենք ծեծել: Ամեն քայլի կդիմենք: Ուրիշ ելք չկա»,- ասում են Երեւանի Թումանյան անցուղի 13 շենքի բնակիչները: 

Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի 2003 թվականի մայիսի 21-ի գրությամբ ժամը 12-ից հետո գործունեություն ծավալելու թույլտվություն ստանալով՝ հունիսից Թումանյան անցուղի 13 շենքի նկուղային հարկում սկսեց գործել «Յոժիկ» գիշերային ակումբը: «Յոժիկ» ՍՊԸ-ին տրված թույլտվության մեջ օբյեկտի գործունեության տեսակը նշված է սրճարան: Սակայն Թումանյան անցուղի 13 շենքի բնակիչները պնդում են, որ իրենց շենքի նկուղային հարկում ոչ թե սրճարան է, այլ ստրիպտիզ ակումբ, իսկ նկուղի դիմաց մի քանի տարի առաջ կառուցված շինությունը՝ ապօրինի: Այս կառույցի հետեւանքով շենքի առջեւի մայթը զրկվել է գազոնից, իսկ հետիոտները՝ փողոցով քայլելու հնարավորությունից:

Ակումբի բացման օրվանից բնակիչները հանգիստ չունեն: Ամբողջ գիշեր՝ ժամը 11-ից մինչեւ լուսաբաց, ակումբի այցելուները բջջային հեռախոսներով, մեքենաների աղմուկով, իրենց բարձր խոսակցություններով եւ հայհոյանքներով խանգարում են բնակիչների անդորրը: «Քանի անգամ իջել եմ ու զգուշացրել, որ դադարեցնեն աղմուկը, հակառակ դեպքում ամեն ինչ ջարդուփշուր կանեմ: Դադարեց, բայց 10 օր: Հետո ամեն ինչ սկսվեց նորից եւ շարունակվում է մինչ օրս»,-ասում է Թումանյան 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ Լեւոն Չուքասզյանը: Այս ամենի հետեւանքով «Յոժիկի» հենց վերեւում բնակվող միայնակ թոշակառու Լիլյա Կարագույլանը երկու ամիս ստիպված է եղել գիշերել բարեկամների տանը:

Դրանից հետո նա վաճառել է բնակարանը եւ տեղափոխվել: Բնակիչները բազմիցս դիմել են պետական այրերին՝ վարչապետին, քաղաքապետին, ոստիկանությանը, նույնիսկ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայություն՝ իրենց գիշերային անդորրն ապահովելու խնդրանքով: Սակայն ոչինչ չի արվել: «Մեզ մոտ պարզ լսվում է մեքենաների աղմուկը, հայհոյանքներն ու բջջային հեռախոսների ձայները: Մեր ննջարանները բակի կողմն են, եւ քնելն այնտեղ անհնարին է: Բացի այդ, դիմացի շենքերը շատ մոտ են կառուցված, եւ ձայնն ավելի է արձագանքում»,-ասում է Թումանյան 12 շենքի 4-րդ հարկի բնակիչ Ֆելիքս Դանիելյանը: 

ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի մասնագետները բազմիցս եկել եւ Թումանյան փողոցի։ 

1-ին անցուղու թիվ 13 շենքի տարբեր բնակարաններում չափել են «Յոժիկ» գիշերային բարի գործունեության հետեւանքով առաջացած ձայնի մակարդակը: Վերջիններս մի քանի անգամ արձանագրել են, որ ստացված արդյունքները գերազանցում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմերի թույլատրելի սահմանը: Կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանի ստորագրությամբ «Յոժիկի» տնօրինությանը մինեւ 15.01.04թ.-ն առաջարկվել է ակումբում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ, հակառակ դեպքում կենտրոնի կողմից կկիրառվեն համապատասխան վարչական միջոցառումներ: Հունվարի 16-ի չափումների համաձայն՝ ժամը 23.00-ից մինչեւ 23.30-ն ընկած ժամանակահատվածում ակումբի երաժշտության ձայնը թիվ 3 եւ 20 բնակարաններում չի գերազանցել սանիտարական նորմերի թույլատրելի սահմանը: Բնակիչները կենտրոնի աշխատակիցներին խնդրել էին չափումներն անցկացնել ժամը 12.00-ից հետո, սակայն վերջիններս ոչ մի կերպ էին համաձայնել մնալ նշված ժամին եւ կատարել չափումներ: Մարիետա Հախվերդյանը դա բացատրում է նրանով, որ աշխատակիցները չէին կարող այդ ուշ ժամին մնալ ուրիշի բնակարանում: Բացի այդ, նրանք դրա համար չեն վարձատրվում: Իսկ այն հարցին, թե ինչու տիկին Հախվերդյանը չի պատասխանել իրավաբանական գրասենյակի կողմից ուղարկված այն նամակին, որով իրեն խնդրել են տեղեկացնել՝ արդյոք «Յոժիկ» ակումբում կատարվե՞լ են ձայնամեկուսացման աշխատանքներ եւ ի՞նչ տեխնոլոգիաներով, Մ. Հախվերդյանն ասաց, որ իրենք նման նամակ չեն ստացել կամ էլ վրիպել են: Տիկին Հախվերդյանը զրույցի ընթացքում նշեց, որ ինքն անձամբ գնացել եւ ստուգել է, թե ինչ աշխատանքներ են տարվել ակումբում: «Ես նույնիսկ խնդրել եմ մեզ ուղարկել այն նյութը, որով կատարել են ձայնամեկուսացման աշխատանքներ: Իսկապես այդ նյութը նախատեսված էր նման աշխատանքների համար, որով էլ «Յոժիկի» տնօրինութունը երկու շերտով ծածկել է ակումբի առաստաղը: Դրանից հետո բնակիչներից ոչ մի բողոք չենք ստացել»: Իհարկե, դա չի նշանակում, որ այլեւս աղմուկ չկա, իսկ բնակիչներն էլ բողոք չունեն: Ձայնամեկուսացման համար նախատեսված ոչ մի նյութով, քանի շերտով էլ ծածկես, չես խլացնի շենքի բակում ամեն գիշեր հնչող գոռգոռոցներն ու հայհոյանքները:

Դատարանը պետք է որոշում կայացնի 

2004թ.-ի մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքներում առաջին ատյանի դատարանում «Թումանյան 13 շենքի բնակիչներն ընդդեմ «Յոժիկ» գիշերային ակումբի» դատական նիստն այդպես էլ չսկսվեց: Պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան՝ դատավոր Պ. Օհանյանին ներկայացնելով ակումբի տնօրենի վատառողջ լինելու մասին փաստաթուղթ: Մայիսի 20-ի դատական նիստի առաջին իսկ րոպեին պատասխանողի պաշտպան Նաիրա Չիքիլզյանն առարկեց նկարահանման դեմ, ապա ակումբի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերն ու նույնիսկ ակումբի՝ շրջակա միջավայրի վրա «դրական» ազդեցությունը մանրամասն ներկայացնելուց հետո դատարանում հրապարակեց անմիջապես ակումբի վերեւում գտնվող 3-րդ եւ 4-րդ բնակարանների սեփականատեր Կարեն Դարբինյանի գրած մի փաստաթուղթ: Վերջինս պնդում էր, որ ակումբի գործունեությունը գիշերային ժամերին չի խանգարում իր անդորրը: Դատավորը չբավարարվեց պաշտպանի ներկայացրած փաստաթղթով եւ որոշեց դատարան հրավիրել Կարեն Դարբինյանին: Բնակիչների պնդմամբ՝ Կարեն Դարբինյանը չի բնակվում այդ բնակարաններում, ուստի երաժշտության եւ այցելուների ձայները չեն էլ կարող խանգարել նրա հանգիստը: Բացի այդ, Կ. Դարբինյանը հետագայում վերը նշված բնակարանները մտադիր է դարձնել գրասենյակ, եւ մուտքը կարող է բացել միայն «Յոժիկի» գլխավերեւով: Ի դեպ, Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեչսության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանն ակումբի տնօրինությունից ստացել է մի նամակ, որտեղ վերջիններս նշում են, թե «Յոժիկի» աշխատակիցներից մեկը գնել է թիվ 3 եւ 4 բնակարանները, որպեսզի աղմուկը չխանգարի բնակիչներին: Այնինչ, թիվ 3 բնակարանի նախկին սեփականատեր Լիլյա Կարագուլյանը պնդում է, որ իր բնակարանը գնած քաղաքացին ոչ մի կապ չունի «Յոժիկ» ՍՊԸ-ի հետ: 

«Յոժիկի» տնօրինությունը դատարան էր ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ: Փաստաթղթի մեջ ասվում է, որ 2003թ. հոկտեմբերի 13-ին Թումանյան 13 շենքի թիվ 3, 4 եւ 20 բնակարաններում կատարած չափումների համաձայն՝ բնակարաններում ձայնի մակարդակը չի գերազանցում սանիտարական նորմերով սահմանված ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները: Հակառակ դրան՝ բնակիչ Լեւոն Չուքասզյանը հայտարարեց, որ իր բնակարանում կատարած չափումների արդյունքը գերազանցել է նորման, ինչի մասին հայտնել են հենց չափումներ կատարողները: Սակայն պարոն Վանյանը կազմել է այլ ցուցմունք: 

Թումանան 13 շենքի բանկիչների փաստաբան էմմա Մանուկյանը բազմիցս դիմել է նաեւ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով հայտնել, թե ում թույլտվությամբ է Թումանյան 13 շենքի նկուղային հարկում բացվել «Յոժիկ» գիշերային ակումբը, եւ արդյո՞ք նման գործունեություն իրականացնելու արտոնագիր ունի: Փոխթաղապետ Գ. Գյանջումյանը պատասխանել է, թե թաղապետարանը գործունեության թույլտվության հետ չի առնվում եւ ոչ մի տեղեկություն չունի ակումբի վերաբերյալ: Այնինչ, Երեւանի քաղաքապետարանը բնակիչների հարցմանը պատասխանել է, որ ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի, ինչպես նաեւ՝ գիշերային ժամերին գործունեություն ծավալելու հարցերը կարգավորում են տեղական ինքնակառավարման մարմինները: Ի դեպ, Գ. Բեգլարյանի կողմից տրված ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվություններն ուժը կորցրել են ս.թ. մայիսի 19-ից հետո: 

Կենտրոն թաղապետարանի լրատվական բաժնի պետ Արամ Յավրումյանը պարզաբանումներ տվեց փոխթաղապետ Գյամջումյանի փոխարեն: Նա նշեց, որ հարցման մեջ կոնկրետ չի նշվել, թե ինչ թույլտվության մասին է խոսքը՝ ընդհանրապես գործելու՞, թե ժամը 12-ից հետո: «Պարոն Գյանջումյանը պատասխանել է, թե թաղապետարանը սրճարանների ու գիշերային ակումբների գործելու համար թույլտվություն տալու հետ կապ չունի: Թաղապետարանը միայն գիշերային ժամերին գործելու ծխախոտի եւ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվությամբ է զբաղվում: Հետեւաբար, փոխթաղապետի պատասխանի մեջ ոչ մի անհամաձայնություն չկա»,-ասում է պարոն Յավրումանը: 

Բնակիչների վերջին հարցմանը, որտեղ նույնպես կոնկրետ նշված չի եղել գիշերային ժամերի գործունեության մասին, պարոն Գյանջումյանը պատասխանել է. «Հաշվի առնելով «Յոժիկ» ՍՊԸ-ի գործունեության հետ կապված Երեւանի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի բնակիչների բազմաթիվ բողոքներն ու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հարուցված քաղաքացիական գործը՝ Երեւանի Կենտրոն թաղապետարանը մինչեւ խնդրի լուծումը կամ հայցի քննարկման ավարտը, զերծ կմնա «Յոժիկ» ՍՊԸ-ին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալուց»: 

Մայիսի 20-ի դատական նիստի ժամանակ հայցվոր Լեւոն Չուքասզյանը միջնորդեց դատարան հրավիրել Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային Կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանին եւ Կենտրոն թաղապետարանի փոխթաղապետ Գ. Գյանջումյանին: Դատավորը բավարարեց միջնորդութունը եւ որոշեց նոր չափումներ անցկացնել բնակարաններում: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter