
Բացի Փարաքարի դպրոցից Արմավիրի մարզում այլ դպրոց չի օպտիմալացվի
Կառավարությունը մարզերում սկսել է դպրոցների միացման կամ օպտիմալացման ծրագրեր իրականացնել: Իրար են միացվում մի շարք դպրոցներ, ինչը դժգոհությունների առիթ է հանդիսանում, քանի որ լրացուցիչ անհարմարություններ են առաջանում թե´ աշակերտների, թե´ ուսուցչական անձնակազմի համար:
Կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1051-Ն որոշումով «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել և միացվել է «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզի ծրագրերում այլ դպրոցների միավորում կամ լուծարում չի նախատեսվում:
Նշենք, որ կառավարության որոշումը Փարաքարում ևս միանշանակ չընդունվեց: Ծնողները բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ փակելով օդանավակայան տանող ճանապարհը: Ի վերջո, կյանքի կոչվեց կառավարության օպտիմալացման ծրագիրը:
Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանն էլ ասաց, որ նոյեմբերի 6-ից դասերը բնականոն շարունակվում են արդեն Փարաքարի միջնակարգ դպրոցում: Նրա հավաստմամբ՝ ոչ մի ուսուցիչ չի կրճատվել և աշխատանքը չի կորցրել: Բոլորն էլ աշխատում են խոշորացված դպրոցում:
Ըստ բաժնի պետի, հիմնական դպրոցի հարկերն իրարից առանձնացնող հատակը փայտից էր, շենքը՝ հարմարեցված: Իսկ միջնակարդ դպրոցը գործում է տիպային շենքում: Միացումից հետո միջնակարգ դպրոցում սովորում է մոտ 590 աշակերտ:
Նաիրա Սարգսյանն ասաց, որ մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում գործող ավագ դպրոցներն էլ թերբեռնված են: Խոսակցություն է եղել, որպեսզի ավագ դպրոցներն էլ միացնեն, սակայն այդ հարցը մնացել է միայն խոսակցության մակարդակի և նախագիծ չի դարձել:
Տեղեկացնենք, որ կառավարության նույն որոշումով Փարաքարի հիմնական դպրոցից հետ է վերցվել և Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինությանն է թողնվել պետության սեփականությունը հանդիսացող դպրոցի շենքը: Այն ունի 968.2 քառ. մետր ընդհանուր մակերես և ներառում է կաթսայատուն՝ 87.8 քմ, պահեստը՝ 20.2 քմ, օժանդակ շինությունը՝ 4 քմ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հա հողատարածքը: Գույքի սկզբնական արժեքը կազմել է մոտ 45 մլն դրամ:
Փարաքար համայնքի վարչական տարածքում գործել է 3 հանրակրթական դպրոց՝ «Փարաքարի միջնակարգ դպրոց», «Փարաքարի հիմնական դպրոց» և «Թաիրովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ները: Փարաքարի միջնակարգ և հիմնական դպրոցները գտնվում են գյուղի կենտրոնական մասում և նրանց շենքերի միջև հեռավորությունն առնվազն 300 մետր է, իսկ մյուս դպրոցը հեռու է ավելի քան 1 կմ:
Ըստ կառավարության հիմնավորումների՝ վերջին տասնամյակում էականորեն նվազել է Փարաքար համայնքում աշակերտների թիվը, ինչի արդյունքում Փարաքարի հիմնական և միջնակարգ դպրոցներում նվազել է աշակերտների թիվը:
2016-2017 ուսումնական տարում միջնակարգ դպրոցում սովորել է 405 աշակերտ, իսկ հիմնական դպրոց՝ 190: Մինչդեռ միջնակարգ դպրոցի հզորությունը 960 աշակերտի համար է, իսկ հիմնական դպրոցինը՝ 350:
Լուսանկարը՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել