Ֆիլիպիններում «Վաշի» մրրիկից հետո անհետ կորած է համարվում 1097 մարդ
Անցյալ շաբաթվա վերջում Ֆիլիպինների հարավը պատուհասած «Վաշի» արևադարձային մրրիկի զոհերի թիվը հասել է 1080-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի հայտարարությունը:
Անհետ կորած է համարվում 1097 մարդ: Ավելի վաղ այս շաբաթ խորհուրդը հայտարարել էր, որ կորցրել է անհետ կորածների հաշիվը, երբ փորձում էր գնահաստել ավերածությունների մասշտաբը:
Մրրիկն առաջացրել է սողանքներ ու ջրհեղեղներ, որոնք սրբել-տարել են ամբողջ գյուղեր: Երկրում հումանիտար ճգնաժամը սրվում է:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ն ասաց, որ Մինդանաոս կղզում, որն ամենից շատ է ավերվել փոթորկից, հսկայական հումանիտար օգնության անհրաժեշտություն կա: ՄԱԿ-ը հանդես է եկել 28 մլն դոլար հանգանակելու կոչով, որպեսզի կարողանա լուծել տարածքի հրատապ խնդիրները:
«Ես ցնցված էի, երբ տեսա ավերածությունների մասշտաբները»,- դեկտեմբերի 22-ին՝ տարածաշրջան այցելելուց հետո, CNN-ին ասել է Ֆիլիպիններում հումանիտար խնդիրների համակարգման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Քարդենը: Նրա խոսքերով՝ տարածքը այնպիսի տեսք ուներ, ասես այն պատուհասել էր ցունամին:
Դեկտեմբերի 23-ին Ֆիլիպինների Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդն ասաց, որ մրրիկն ազդեցություն է ունեցել 675 հազար մարդու վրա, որից ավելի քան 300 հազարին այս պահին խնամում են էվակուացման կենտրոններում:
Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն մրրիկից հետո արտակարգ դրություն է հայտարարել:
Ըստ Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի հաշվարկների՝ մրրիկի հասցրած վնասը գերազանցում է 1 մլրդ ֆիլիպինական պեսոն (23 մլն դոլար):
Լուսանկարը՝ cnn.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել