Աիդա Թոփուզյանին պաշտոնանկ արեցին ծածկագիր փոխանցելու համար
ՀՀ վարչապետի հրամանով Կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մամուլը տարաբնույթ մեկնաբանություններ տվեց: Իրականությունն այն է, որ Աիդա Թոփուզյանը մամուլում ակնարկված Կրթության եւ գիտության նախարարության հենց այն բարձրաստիճան պաշտոնյան է, որին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները քննության ժամանակ խոչընդոտել են ծածկագիր-տետրը փոխանցել իր հովանավորյալին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դստերը: Տիկին Թոփուզյանին պաշտոնանկ անելու հարցը դրվել էր այս միջադեպից հետո:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը «Հետաքննող լրագրողների» հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2004թ. հունիսի 3-ին կայացած գերազանցության մեդալի հավակնորդների մաթեմատիկայի կենտրոնացված քննությունից անբավարար գնահատական են ստացել 6 շրջանավարտ: Դրանցից մեկը Լուսինե Դեմիրճյանն է, մյուս երեքը Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտներ են: Անբավարար գնահատական ստացածներից մեկը Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր դուստրն է, մյուսը` ՀՀ կառավարության Քաղաքաշինության եւ բնական ռեսուրսների վարչության պետ Սիրեկան Օհանյանի դուստրը:
Մեկնաբանել