HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական առեւտրի հայկական շուկան

Գեղամ Վարդանյան

# 13213403 քրեական գործը

2003թ.-ի սեպտեմբերի 13-ին Երեւանի փողոցներից մեկում սպանվեց 16-ամյա Գագիկ Հակոբյանը։ Նա իր երկու ընկերների հետ փողոցում կռվի էր բռնվել երկու մարմնավաճառի հետ։ Գագիկն այդ օրը մասնակցել էր ընկերներից մեկի ծննդյան օրվա խնջույքին։ Ընկերների հետ տուն վերադառնալիս, տեսնելով Գրիգոր Լուսավորիչ փողոցի «վելոտրեկի» պատի մոտ կանգնած մարմնավաճառներին, որոշել են վարձել նրանց։ Սեռական ծառայություններ մատուցող աղջիկները չեն ցանկացել սպասարկել անչափահասներին։ Պատանիների ինքնասիրությունը վիրավորվել է։ Առաջացած քաշքշուկի ընթացքում Գագիկը սպանվել է։ 

Ազնիվ Բաղդասարյան 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ շուրջ 9 տարի մարմնավաճառությամբ զբաղվող Ազնիվ Բաղդասարյանը «իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով սպանելու դիտավորությամբ հարվածել է Գագիկ Հակոբյանի պարանոցի շրջանին եւ պատճառել կյանքի համար վտանգավոր կենսական օրգանների վնասումով վնասվածքներ»։ Դատարանում Ազնիվը իրեն մեղավոր չճանաչեց։ Կինը պատմեց, որ ընդամենը ցանկացել է վախեցնել իրեն վիրավորող պատանիներին. «որ խփել էին փորիս, ցավեր ունեի։ Ու որ խփել էին աչքիս, կատաղած էի։ Մանավանդ որ ասին` մորդ գերեզմանի վրա… սենց անեմ։ Դրա վրա էի կատաղած»։ 

 Դատարանը Ազնիվին չհավատաց եւ դատապարտեց 10 տարի ազատազրկման։ Սպանվածի հոր՝ Սահակ Հակոբյանի կարծիքով որդու մահվան համար առաջին հերթին մեղավոր է հասարակությունը, քանի որ հանդուրժում է փողոցում տեղի ունեցող սեռական առեւտուրը։ 

Երեւանի փողոցներում աշխատող մարմնավաճառների համար հաճախորդների հետ ընդհարումները սովորական բան են։ Պատահական չէ, որ դեպքի պահին Ազնիվ Բաղդասարյանի մոտ դանակ է եղել։ Մարմնավաճառները, որպես կանոն, իրենց մոտ առնվազն սրիչ են պահում եւ փորձում են գործ չունենալ հարբածների եւ անչափահասների հետ։ Ազնիվի մարմնավաճառ ընկերուհիներից մեկը՝ Զառան, (անունը փոխված է), խոստովանում է, որ ինքն էլ կարող էր նույնպիսի պատմության մեջ ընկնել։ Երեւանի փողոցներում հաճախորդի սպասող կանայք սովոր են հարբած հաճախորդների հարձակումներին։ Լինում են դեպքեր, երբ հաճախորդը վերջում չի վճարում, կամ էլ ծեծելով տված փողը հետ է վերցնում։ Զառան երազում է ինքնապաշտպանության համար զենք գնելու մասին։

 Սիլվա 

Երեւանում գործող սեռական շուկայի հնաբնակներից մեկը՝ Սիլվան, բարձրացնում է շապիկը եւ ցույց է տալիս տարիներ առաջ հաճախորդների հետ հերթական «հանդիպման» վկայությունը՝ փորի երկայնքով ձգվող 20 սմ երկարությամբ սպին։ «Ես մի հաճախորդի հետ գնացի։ Տարավ Նորք, իսկ այնտեղ եւս 5 հոգի ինձ էին սպասում։ Որ ամեն ինչ չէի անում, վատ հարաբերություն չէի անում, բացեցին փորս։ Ասին, որ չես անում՝ մի ապրի»,- հիշում է Սիլվան։ 

Սիլվան մեծացել է մանկատանը, ծնողները զոհվել են ավտովթարից։ Տառապում է ռեւմատիզմով եւ երեւանյան հիվանդությամբ։ Երկրորդ կարգի հաշմանդամ է։ Մանկատնից հետո որոշ ժամանակ ստիպված է եղել ապրել փողոցում։ «Կենտրոն համայնքի ոստիկանությունը տեսնում էր, որ քնած եմ, խղճում էր, շորեր էին բերում, նստացնում էին ավտոն, որ տաքանայի, շնորհակալ եմ իրենցից… խելոք երեխա եմ եղել, հըլը որ ման եկող չէի»,-պատմում է Սիլվան։ Նա մարմնավաճառությամբ զբաղվելու որոշումը կայացրել է մանկատանն իր հետ ապրած ընկերուհու խորհրդով։ Մի օր երեկոյան դասընկերուհու հետ գնացել է Երեւանում մարմնավաճառների ամենահայտնի հավաքատեղիում՝ վելոտրեկի պատի կամ, ինչպես ինքն է ասում, «ցիրկի» մոտ կանգնելու եւ դարձել է մարմնավաճառ։

Ոստիկանները մարմնավաճառներին ստիպում են «գործ տալ» 

Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում գրանցված է 2000 մարմնավաճառ։ Սա պաշտոնական թիվն է։ Իրական հաշվարկների ժամանակ այդ թիվը բազմապատկվում է տարբեր գործակիցներով՝ հինգով, տասով, անգամ՝ քսանով։ Երեւանում մարմնավաճառության ամենատարածված ձեւը փողոցայինն է։ Փողոցում հաճախորդի սպասող կանանց հետ սեռական հարաբերության վճարի չափը տատանվում է 5-ից 50 դոլարի սահմաններում։ «Մոտենում են, ասում են՝ ի՞նչ արժես։ Ասում եմ 20 դոլար, օրալ սեքսով չեմ զբաղվում։ Չեն հասկանում օրալը ինչ ա, ասում եմ` մինետ չեմ անում։ Ասում են՝ բա խի՞ չես անում, որ 20 դոլար ես ուզում...Հարցնում են՝ որ 40 դոլար տամ, չե՞ս անի։ Ո՛չ, ասում եմ, միլիարդ տուր»,-իր ամենօրյա աշխատանքի մասին պատմում է Զառան։ 

Հայաստանում մարմնավաճառությունը քրեական հանցագործություն չի համարվում։ Վարչական օրենսգրքի 179.1 հոդվածը կրում է «պոռնկությամբ զբաղվելը» անունը։ Ըստ այդ հոդվածի` մարմնավաճառները տուգանվում են՝ առաջին անգամ բռնվելու դեպքում նվազագույն աշխատավարձի կեսից մինչեւ լրիվ չափով՝ 500-ից 1000 դրամ։ Եթե կինը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է ձերբակալվում պոռնկությամբ զբաղվելու համար, տուգանվում է 1000-ից 2000 դրամ։

 Տիգրան Պետրոսյան 

Մարմնավաճառներին պարբերաբար փողոցներից հավաքում, բերման է ենթարկում եւ տուգանում է Ոստիկանության թմրամոլության եւ զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի 4-րդ վարչությունը։ Վարչության ավագ օպեր-լիազոր Տիգրան Պետրոսյանն ասում է, որ Երեւանի փողոցներից մարմնավաճառներին հավաքելու ժամանակ ուժ գործադրելու կարիք չի լինում. «Բոլորն էլ ճանաչում են մեզ` որպես այդ ստորաբաժանման աշխատակիցներ, հասկանալով են վերաբերվում մեր աշխատանքին»։ 

 Մարմնավաճառները ոստիկաններից վախենում են։ Կանայք պատմում են, որ լինում են դեպքեր, երբ ոստիկանը փորձում է ձրի սպասարկվել։ Սա կաշառքի մի ձեւ է՝ աշխատատեղ ունենալու դիմաց։ Նա, ով համագործակցում է ոստիկանի հետ, փողոցում տեղ ունի։ Զառան, վառելով հերթական սիգարետը, պատմում է իր մասնագիտական դժվարությունների մասին. «Ոստիկաններն ասում են՝ մեզ համար գործ տվեք՝ անօրինական զենք, մարդասպան, նարկոտիկ վաճառող, շորը փոխած զինվոր, տեղն ասեք, մենք ձեզ ոչինչ չենք անի։ Ես դուրս եմ գալիս աշխատելու, ընտանիքս պահելու, թե՞ դուրս եմ գալիս, տեսնեմ զենքը օրինական է, թե ոչ»։ 

 Տիգրան Պետրոսյանը մարմնավաճառների պատմածը համարում է «ուղղակի խոսակցություններ, ասեկոսեներ` հաճոյանալու կամ ոստիկանական մարմիններին փնովելու համար»։ Օրենքի պահապանների հետ գրեթե ամեն օր շփվող Զառան խոստովանում է, որ երբեք չի բողոքել, երբ ոստիկանի կողմից ծեծի է ենթարկվել։ Նա վախենում է, որ բռնություն թույլ տված ոստիկանը կարող է մնալ անպատիժ եւ թշնամանալ իր հետ։ 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter