
Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված
«Ճեմարանի բակում ռեգբի էինք խաղում, ու գնդակը կպավ ձախ ականջիս: Ուժեղ ցավ զգացի եւ ընկա ցեխի մեջ, հետո տղերքը նստացրին աստիճաններին: Մի օր խաղալուց, իմ ընկեր Հարութիկը ձախ ականջիս բան ասաց, չլսեցի, ընդհանրապես չլսեցի, հետո աջ ականջիս ասաց, նոր լսեցի: Էդ ժամանակ զգացի, որ ձախ ականջովս չեմ լսում: Բժշկին ասացի: Նա նայեց ու ասաց, որ բան չկա: Մի քանի օր դեղ կաթացրի, հետո ականջիցս ավազի հատիկներ եկան: Դրանով վերջացավ ականջիս բուժումը»,-պատմում է Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սան Նարեկ Արշակյանը:
Երեւանի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Միրաքյանը Նարեկի մորն ասել է, որ արդեն հնարավոր չէ վերականգնել տղայի ձախ ականջի լսողությունը:
1821թ. Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հիմնադրված ճեմարանը ղեկավարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված տնօրենը, որի թեկնածությունն առաջադրում է հոգաբարձուների խորհուրդը: 1999թ.-ից ճեմարանը ղեկավարում է ծագումով հայ Սոնյա Ջոնը: Հնդկահայ համայնքի անդամներից մեկը' Մաքս Գալստաունը, դեռեւս փետրվար ամսին մեզ մի քանի նամակներով ահազանգել էր ճեմարանում տիրող վիճակի մասին:
Նա ասում է, որ «180 տարվա պատմություն ունեցող ուսումնական հաստատությունը Սոնյա Ջոնի ղեկավարությամբ տակնուվրա է արվել»: Կալկաթայի հայկական համայնքում հարգանք վայելող մի կին, որն աշխատել է ճեմարանում Սոնյա Ջոնի հետ, 2003թ. նամակ է ուղարկել Վեհափառին, որտեղ հանգամանորեն ներկայացրել է Սոնյա Ջոնի աշխատաոճն ու վարքագիծը:
Սակայն Վեհափառը չի արձագանքել նամակին: «Տնօրեն նշանակելուց հետո Վեհափառը հսկողություն չի սահմանել»,-մեզ գրել է Մաքսը: Ըստ պրն Գալստաունի' հնդկահայերի թողած ավանդներից Սոնյա Ջոնը ապօրինի հատկացումներ է կատարում. հիվանդանոցին հատկացում անելու պատրվակով նա 15 մլն րուփի փոխանցել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցությանը (որի անդամ է նա), 30 մլն րուփի տվել է Նոր Դելիում Հայաստանի դեսպանատուն կառուցելու համար եւ այլն:
«Ոչ մի տեղացի հայ ներգրավված չէ ճեմարանի ադմինիստրացիոն աշխատանքներում: Սա կարելի է համարել դավադրություն մեր նկատմամբ, որին մասնակցում է Էջմիածինը»,-գրում է Մաքս Գալստաունը:
Նարեկի մայրը' Սուսաննա Արշակյանը, որդու լսողության կորստի մասին տեղյակ է պահել Մայր Աթոռ ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի սարկավագ Տիգրանին: Վերջինս խոստացել է դեպքի մասին տեղեկացնել Վեհափառին:
«Անուշադրության պատճառով երեխաս կորցրել է լսողությունը, եթե ժամանակին ստուգեին ու բուժեին, էսպես չէր լինի: Մեր երեխաներն այնտեղ անտերության ու անուշադրության են մատնված»,-ասում է տիկին Սուսաննան:
Մայիսին մեկ ամսով Հայաստան եկած 60 աշակերտները հունիսի 18-ին պետք է վերադառնային Կալկաթա: Սակայն մեկնել են այնտեղ աշխատող հայաստանցի ուսուցիչների ընտանիքներն ու ընդամենը մեկ աշակերտ' Էլիզա Մաթեւոսյանը:
Մնացածների մեկնման հետաձգումը պատճառաբանվում է մի քանի աշակերտների հիվանդությամբ: Սակայն ակնհայտ է, որ արձակուրդը Հայաստանում ացկացնելու համար եկած աշակերտների 80%-ը չի վերադառնալու Կալկաթա:
2001թ. Նարեկը «Զատիկ» մանկատնից մեկնել է Կալկաթա սովորելու: Նարեկն ունի երկու եղբայր, միայնակ մայրն էլ, լինելով սոցիալապես անապահով, ուղարկել է որդուն սովորելու: Եկեղեցում թելադրել են, մայրն էլ իր ձեռքով գրել է, որ համաձայն է իր որդուն 10 տարով ուղարկել սովորելու: Մի բան էլ է ստորագրել, բայց չի հիշում, թե ինչ:
«Ինչ ուզում է ստորագրած լինեմ, ես Նարեկին այլեւս չեմ ուղարկելու: Ես հո չէի հրաժարվել իմ երեխուց: Իրենք եթե տանում են, առաջին հերթին պատասխանատու են առողջության համար: Էնքան որ մեր երեխեքին կանգնած վիճակում բերել-հասցրել են մեզ, թե ով ինչ հիվանդություն ունի, հետո կպարզվի»,-ասում է Նարեկի մայրը:
Բոլոր երեխաները Հայաստան են վերադարձել բժշկական փաստաթղթերով, որոնցում նշված են ամենամյա ստուգումները եւ նրանց անհատական հիվանդությունները: Մի առանձին փաստաթուղթ էլ տրված է այն մասին, որ երեխան ոչ մի ինֆեկցիոն հիվանդություն,վարակ չի կրում: Սակայն վերադարձած երեխաներից 8-ն արդեն հիվանդ է մալարիայով, 2-ը գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Նրանք էնտեղից են վարակով եկել, որովհետեւ տեղական մալարիայի համար դեռ վաղ է, սա տեղական մալարիա չէ»,- ասում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը:
Նարեկը չի շարունակելու իր ուսումը ճեմարանում: «Զատիկ» մանկատունն էլ ընդունելություն չի կատարում: Նա հայերենից լավ տիրապետում է անգլերենին ու սովորական դպրոց հաճախելը նրա համար բարդ է' չհաշված ձախ ականջի չլսելու հանգամանքը:
Սուսաննայի միակ հույսը եկեղեցին է: Նա հավատում է, որ Վեհափառ Հայրապետը չի կարող անտարբեր մնալ, քանի որ Նարեկը սովորել է եկեղեցու պատասխանատվության տակ գտնվող ճեմարանում:
շարունակելի
Մեկնաբանել