HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին կրկնակի քիչ երեխա է ծնվել՝ 1990-ի համեմատ

2016 թվականին Հայաստանում մոտ երկու անգամ ավելի քիչ երեխա է ծնվել, քան 1990թ-ին: Եթե 1990-ին հանրապետությունում ծնվել է 79 900 երեխա, ապա 2016-ին՝ ընդամենը 40 600։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 1996-2016թ-ի Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող վիճակագրություն։ Հրապարակման մեջ ծառայությունը նաև անդրադարձել է ծնելիության և մահացության ցուցանիշներին։

Պաշտոնական մարմինը վիճակագրությունը վարել է մի քանի տարվա կտրվածով։ Օրինակ՝ նման տվյալներ հավաքագրվել են 1990-ին, 1996-ին, 2000-ին, իսկ 2006-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի։

Ըստ այդ վիճակագրության՝ քաղաքներում ավելի շատ երեխա է ծնվում, քան գյուղերում։ Քաղաքներին բաժին է ընկնում ծնունդների կեսից ավելին։ Մինչդեռ ծնունդների թիվը նվազել է թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։

2007-ից սկսված՝ հանրապետությունում տարեցտարի ավելի քիչ ծնունդներ են եղել։ Միայն 2014 թվականին է ավելի շատ ծնունդ գրանցվել, քան նախորդ և հաջորդ մեկ տարում։

Հրապարակման հաղորդմամբ՝ 2016թ.-ին գրանցված ծնվածների շուրջ 33.6%-ը չգրանցված ամուսնություններից են եղել (այդ թվում` արտաամուսնական)՝ 2006թ.-ի՝ 35.9%-ի և 1996թ.-ի 20.2%-ի համեմատ:

Մահվան հիմնական պատճառները

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ամեն տարի Հայաստանում մահանում է 22-28 հազար մարդ։ Վերջին տասը տարիների ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են նախորդ տարի՝ 2016-ին։ Առավել շատ մահացել են քաղաքային համայնքերում, քան գյուղերում։ Միայն 1996-ին հակառակ պատկերն է եղել. այդ տարի մահացել է 24 900 մարդ, 16 500-ը՝ քաղաքային համայնքներից, 18 400-ը՝ գյուղերից։

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցած տվյալներով՝ մահվան հիմնական պատճառները արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն են եղել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դրանք մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան երկու երրորդն են:

Եթե անդրադառնանք միայն նախորդ տարվա մահացության դեպքերին, պետք է նշենք, որ 2016թ.-ին` նախորդ տարվա համեմատ մահվան դեպքերը 1.2%-ով աճել են։ Այդ տարի մահացել է 28 226 մարդ, որոնցից 13 690-ը՝ կին, 14 536-ը՝ տղամարդ։

Ինչպես արդեն նշեցինք, հիմնական մահերը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (13571 դեպք) և չարորակ նորագոյացություններից  (5662 դեպք)։ 2016 թվականի մահացության դեպքերի տվյալներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով.

2016թ.-ին արձանագրված մահացությունների թվում 51.5%-ը եղել են արական, իսկ 48.5%-ը` իգական սեռի ներկայացուցիչներ՝ 2006թ.-ի 51.9% և 48.1%-ի համեմատ:

ԱՎԾ-ն արական և իգական սեռերի մարդկանց մահացության տարբեր մակարդակները պայմանավորում է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողության ցուցանիշներով:

2016թ.-ին կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 71.6 տարի, իսկ կանանց համար` 78.3 տարի:

Քաղաքային բնակչության դեպքում տղամարդկանց համար այն կազմել է 71.7 տարի, կանանց համար` 78.4։ Գյուղական բնակչության դեպքում կյանքի միջին տևողությունը առավել ցածր է. համապատասխանաբար` 71.3 և 78.1 տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter