HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սերիկի փոխարեն՝ ընկեր Գասպարյան

«Բացում եմ պահարանս. շորերիս մեկ երրորդը ուսուցչի կերպարին չի համապատասխանում։ Ամեն ինչ շատ տարբեր է. Կալյումեի փոխարեն 11-րդ դասարանի աղջիկների հետ վոլեյբոլ եմ խաղում, Սերիկի փոխարեն ընկեր Գասպարյան են ասում»։

Սերինե Գասպարյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից է։ Նա այս ուսումնական տարում է միացել ծրագրին. Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում դասավանդում է ֆիզկուլտուրա, նաև անգլերեն՝ որպես արտադասարանային։ 2 տարի գործող այս կրթական ծրագիրն այժմ ունի 71 մասնակից, որոնք դասավանդում են Հայաստանի 6 մարզերի գյուղական դպրոցներում։ Ինչպես ծրագրի մասնակիցների մեծ մասի, այնպես էլ Սերինեի համար սովորական միջավայրը, հիմնական զբաղվածությունը, կենցաղը փոխելը մեծ պատասխանատվությամբ փորձառություն է, որը տևում է երկու տարի։ «Հետք»-ն այցելել է Սերինեի, ավելի ճիշտ՝ ընկեր Գասպարյանի դպրոց։

Հանդերձարանս կաթսայատունն է։

Ծրագրի մասին իմացա Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի գրառումներից: Առանց երկար մտածելու դիմեցի: Հետաքրքիր փորձություն էր թվում: Մինչև իմանալը, որ անցել եմ, տեղափոխվեցի Թիֆլիս։ Այնտեղ մի քանի սկայպ հարցազրույցներից հետո առաջին փուլը հաղթահարեցի: Դրան հաջորդեց Դիլիջանում մեկ ամիս ամառային դպրոցը: Ամառային դպրոցում ծանոթացա ապագա ուսուցիչների հետ. նրանցից շատերը մոտ ընկերներս են հիմա։

Ամառային դպրոցին մասնակցում էին Դիլիջանից և մոտակա գյուղերից երեխաներ, մենք տարբեր մասնագիտական խմբերով աշխատում էինք նրանց հետ։ Մեզ հետ էլ աշխատում էին մեր մենթորները։ Ես բնագիտություն էի պարապում, երեխաները շատ հետաքրքրասեր և ակտիվ էին: Ամեն օր առավոտից մինչ ուշ գիշեր զբաղված էինք: Ամառային դպրոցի վերջում մեզ առանձին կանչում էին, ասում՝ ով որ գյուղում է դասավանդելու. ոնց որ զորակոչվելուց լինեինք:

Գույք չունենք։ Գյուղապետը վոլեյբոլի ցանց ու բասկետբոլի գնդակ է նվիրել։ 

2012թ.-ի դեկտեմբերից մինչև 2017 թ.-ի փետրվար աշխատել եմ «Կալյումե»-ում: 

«Կալյումե»-են երբևէ ունեցածս միակ միջավայրն է եղել, որտեղ ես ես էի՝ իմ ամենաիդեալական աշխատակիցներով։ 

Ու էսքանից հետո՝ գյուղ. բացում եմ պահարանս. շորերիս մեկ երրորդը ուսուցչի կերպարին չի համապատասխանում:

Ամեն ինչ շատ տարբեր է. Կալյումեի փոխարեն 11-րդ դասարանի աղջիկների հետ վոլեյբոլ եմ խաղում, Սերիկի փոխարեն ընկեր Գասպարյան են ասում։

Առաջին անգամ չէի աշխատելու երեխեքի հետ: Լիտվայում մանկատանն էի աշխատում:

Ամեն օր դժվարությամբ էի զարթնում. գնում ավտոկայան, ուղևորվում դպրոց:

Դասերից հետո գազելով գնում եմ Հոռոմի խաչմերուկ, սպասում Մարալիկի գազելին: Դեռ ամիսներ առաջ ուզում էի Հռոմ գնալ, հիմա Հոռոմի խաչմերուկն է, ի՞նչ վատ է որ։

Ապրում եմ Գյումրիում, մայրական պապիս հետ։

Իրիկունները պլեճ ենք սարքում, նարդի խաղում։

Ազատ օրերին Երևան եմ գնում, երբեմն Վանաձոր, երբեմն Թիֆլիս։

Նստում եմ Արթիկի ավտոբուսը ու բախվում կարծրատիպերի՝ «ամուսնացած չե՞ս»-ից մինչև «բա քեզ տանը ո՞նց են թողել գաս»։

Այսօր դասալսում է՝ սկայպով։

Էս ամեն ինչը փորձ ու երկիրս տարբեր կողմերից ճանաչելու հնարավորություն է տալիս։ Երեք դասարանի հետ եմ աշխատում՝ 9, 10, 11-րդ։ 

Ֆիզկուլտուրայի դասատու լինելը մեծ պատասխանատվություն է. ռիսկը սովորական դասերից մի քանի անգամ բարձր է՝ վնասվածք ստանալու, ընկնելու և էմոցիոնալ վիճակը փոխելու։ Փորձում եմ լավագույն օրինակը լինել։

Բնականաբար դժվարություններ կան։ Ես նոր եմ, դպրոցականները տարիքային բարդ փուլում են. աղջիկները շատ ընկերական են, տղաները՝ իրենց տարիքին բնորոշ, ակտիվ։

Ֆիզկուլտուրան դպրոցում լուծում է մի շարք խնդիրներ՝ առողջականից մինչև կարգապահական։

Աշակերտներիս մեջ ապագա մանկավարժներ ու բժիշկներ կան. անգլերեն պարապելու առաջարկությունս երեխաների կողմից միաձայն անցավ:

Դպրոցում գերմաներեն են անցնում: Անգլերենը կօգնի նրանց հետագա մասնագիտացումների մեջ, ինչպես նաև կկոտրի ֆիզկուլտուրայի ուսուցիչների հանդեպ թերահավատությունը։

Ուզում եմ, որ մի օր բոլորը հետ գան, ու գյուղերի ավտոբուսներում լիքը մարդ լինի, որ էրեխեքի աչքերում հույս լինի, բախչից խնձոր բերեն ուսուցչանոցում կոֆե խմենք։

Կուզեմ մարդիկ մի քիչ փոքր քաղաքներում ապրեն, ու ձմեռը սիրուն լինի, ոչ թե թանկ, ու ամեն ինչ իսկական լինի։

Մեկնաբանություններ (2)

Խորեն Գասպարյան
Ծառայում է իր երկրին ու պետությանը:
Արամ
Սերիկը ուղղակի ազատ ու ընտիր մարդա, էս երևանյան նողկալի աղմուկի մեջ իր լռության ու ազատության հետևից գնացող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter