
Խմբակային գողության համար է դատապարտվել, բայց մենակ է կրում պատիժը
Ստեփանավան քաղաքի բնակիչ, Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, 24-ամյա Գագիկ Կարապետյանը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի' 2010 թ. փետրվարի 15-ի որոշմամբ 3 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 1691 հոդվածով: Այժմ նա պատիժ է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Գագիկ Կարապետյանին մեղսագրված գլխավոր արարքը խոշոր չափերի գողությունն է, որը, համաձայն մեղադրանքի եւ դատավճռի, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Խումբն այդպես էլ չի բացահայտվել: Գործում որեւէ ձեւով չի նշվում հանցագործության կազմակերպումը, դերերի բաշխումը: Խմբի անդամներից միայն մեկն է որպես մեղադրյալ կալանավորվել, որն էլ 2 ամիս անց ազատ է արձակվել: Վերջինիս, ինչպես նաեւ խմբի մյուս` անձը չպարզված անդամների մասով գործը կասեցված է: Այնինչ Գագիկ Կարապետյանի մեղադրանքը մնում է անփոփոխ. նա շարունակում է պատասխանատվություն կրել կազմակերպված խմբակային հանցագործության համար:
Գագիկ Կարապետյանի մայրը` Սուսաննա Սարգսյանը, պնդում է, որ որդին մեղավոր չէ նշված հանցագործության մեջ, զոհ է դարձել հանցավոր խմբին: Հանցավոր խմբի կազմում Սուսաննա Սարգսյանը մատնանշում է Ստեփանավան քաղաքի բնակիչներ Սուրեն Մանուչարյանի, Վարուժան Մովսիսյանի (Ստեփանավանի ոստիկանության նախկին աշխատակից), նրա որդու` Արտյոմ Մովսիսյանի, Գագիկ Ամիրխանյանի («Դաշնակցություն» խմբակցության անդամ), նրա որդու` Միքայել Ամիրխանյանի անունները: Նրա համոզմամբ` խումբը գործել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ղեկավարության հովանավորչությամբ:
Ամեն ինչ սկսվել է բջջային հեռախոսի վաճառքից: Արտյոմն ու Միքայելը 40 հազար դրամով այն վաճառել են Գագիկին: Վերջինիս կողմից այդ գումարը ժամանակին չվճարելու համար այն ավելացնելով' հասցրել են 120 հազար դրամի: Գագիկն այն վճարել է Վարուժան Մովսիսյանին ոստիկանության Ստեփանավանի բաժնում, իրավապահների ներկայությամբ: Բայց դրանից հետո էլ նշված անձանց կողմից Գագիկի հանդեպ հալածանքները չեն դադարել:
Դեռ 2010 թ. հունվարի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սուսաննա Սարգսյանը զանգահարել է ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել, որ «Թուրքի թաղում» «Նիվա» մակնիշի 22 900 պ/հ-ի եւ «Օպել» մակնիշի 11 557 պ/հ-ի ավտոմեքենաների վարորդները (Միքայել Ամիրխանյան եւ Գեւորգ Բաղդասարյան) անհանգստացնում են որդուն: Զանգահարել է նաեւ ԱԱԾ Ստեփանավանի բաժին: Գագիկն էլ իր հերթին է դիմել իրավապահներին օգնության խնդրանքով: Հաղորդումը գրանցվել է, բայց թողնվել է անհետեւանք. ոստիկանության բաժնից գրությամբ տեղեկացրել են, թե որեւէ կոնֆլիկտ, վիճաբանություն կամ քաշքշուկ չի եղել:
«Մի քանի օր անց Միքայելը եւ Արտյոմը 2 անծանոթ անձանց հետ գնացել են որդուս աշխատանքի տեղը, սպասել են' մինչեւ հանձնի հերթապահությունը, փող են պահանջել նրանից, հետո նստացրել են մեքենան ու տարել: Քաղաքից դուրս գալու պահին ավտոմեքենան կանգնեցրել է Ստեփանավանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Դավթյանը,- պատմում է Սուսաննա Սարգսյանը:- Իմ երեխուն ծեծի են ենթարկել: Զենքի կոթով որդուս քներակին հասցրած հարվածի հետքը տեսել է Դավթյան Վարդանը: Տեր չի եղել, ասել է' գնա գլխիդ արյունը մաքրի: Ծեծել են, գումարներ են պահանջել որդուցս, նաեւ զենքով են հարձակված եղել: Հարեւանները բոլորը տեսել են: Տեսել են ոստիկանապետի տեղակալներ Դավթյանը, Ավետիսյանը: Զանգել եմ, ասել են' մենք տեղյակ ենք, մեր մոտ գրանցված ա, ծնողներին ասված ա: Դեպքից առաջ էլ եմ զանգել, զգուշացրել, որ հալածում են որդուս»:
Դեպքը տեղի է ունեցել 2010-ի հունիսի 26-ին: Սուսաննա Սարգսյանի ասելով' նույն անձինք զանգել, դուրս են կանչել որդուն: Բայց նրանց փոխարեն ավտոմեքենայի մեջ 3 ուրիշ անծանոթ մարդիկ են եղել: Գագիկին նստեցրել են ավտոմեքենան ու տարել Ֆ. Նանսենի փողոցի («Թուրքի թաղ») թիվ 3/2 հասցեի բնակարանը, որտեղից կատարվել է գողությունը:
Դեպքից 2 օր անց ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել ու ձերբակալել են Գագիկ Կարապետյանին: Նրա մոտ հայտնաբերվել են գողացված ոսկյա զարդերի պիտակները: Հայտնաբերվել է նաեւ գողոնը, որը Երեւանի ոսկու շուկայում Գագիկը վաճառել է տարբեր անձանց: Գագիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքում նշվում էր, որ անձը, նախնական համաձայնության գալով 3 անձանց հետ, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել բնակարան եւ գողացել 1 մլն ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Գագիկ Կարապետյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռից 5 ամիս հետո միայն Հատուկ քննչական ծառայությունը, վերանայելով գործի նյութերը, ձեռք բերված ապացույցները համարելով բավարար' գործում որպես մեղադրյալ էր ներգրավել նաեւ Սուրեն Մանուչարյանին, որը տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ:
«Սուրեն Մանուչարյանին ձեւականորեն կալանքի տակ պահելը անհրաժեշտ էր, որ Գագիկ Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մնար ուժի մեջ»,- ասում է Գագիկ Կարապետյանի շահերի պաշտպան Կարինե Գասպարյանը: Նկատի ունի, որ խմբի անդամներից մեկին «ձեւական» կալանավորելով' նպատակ են ունեցել հիմնավորել Գագիկ Կարապետյանին առաջադրված' կազմակերպված խմբային հանցագործության մեղադրանքը:
Բայց 2 ամիս անց Սուրեն Մանուչարյանը Լոռու մարզի դատախազության որոշմամբ ազատ է արձակվել կալանավայրից: Այդ ընթացքում, երբ նա դեռ կալանավորված էր, վերաքննիչ քրեական դատարանի` (դատավոր Արայիկ Պետրոսյան) վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշման մեջ նշվում էր, թե Սուրեն Մանուչարյանի գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի այդ հիմքով նրա նկատմամբ վարույթը կասեցված է: Վերաքննիչ դատարանը նշված որոշումը կայացրել է 2011 թ. մարտի 3-ին, այնինչ Սուրեն Մանուչարյանը 2010 թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2011 թ. մարտի 10-ը գտնվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Փաստաբան Կարինե Գասպարյանի ասելով' բավարարվելով միայն Գագիկ Կարապետյանի դատավճռով' Սուրեն Մանուչարյանին ազատ են արձակել: Վերջինս կալանավորվել եւ առանց հիմքերի ազատ է արձակվել դատախազի ցուցումով: Գործի վարույթն էլ նրա հանդեպ ձեւակերպվել է կասեցված' նրա գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այն դեպքում, երբ նա այդ ընթացքում գտնվելիս է եղել կալանավայրում:
Փաստաբանի համոզմամբ` օբյեկտիվ չէ նաեւ դատարանի մոտեցումը. դատաբժշկական փորձաքննություն չեն նշանակում, հեռախոսազանգերի վերծանումներ չեն տրամադրում: Ձեռք բերված ապացույցների համակցությունն էլ, ըստ նրա, բավարար չէ մեղադրական դատավճիռ տալու համար: Նրա ասելով` կան հանգամանքներ, որոնք բացահայտված չեն:
Նախ` քննություն չի կատարվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողության վերաբերյալ: Չի քննարկվել իր կամքին հակառակ, ճնշումների, սպառնալիքների ազդեցության տակ գործելու հանգամանքը: Գործում առկա է միայն լուսամուտի ապակուց վերցված մատնահետքը, որը Գագիկին է պատկանում: Ուրիշ հետքեր Գագիկից չկան: Հետքեր չեն վերցվել մյուս տղաներից: «Տան ներսում ոտնահետքեր կլինեին, առարկաների ձեռք տված կլինեին: Հետքեր չեն վերցվել բնակարանից: Ինչը պետք է, դրել են գործի հիմքում, ինչը' չէ, չէ»,- ասում է փաստաբանը:
Տուժողի ցուցմունքով` տան լուսամուտը փակ է եղել: «Ինչպե՞ս բացվեց դուռն ու լուսամուտը ներսից, փակած տեղից, եթե ոչ մի կոտրված բան չի եղել»,- զարմանում է փաստաբանը:
Վերջինիս տարօրինակ է թվում Գագիկի հայտնաբերումը իրավապահների կողմից: Դեպքից 2 օր անց Երեւանի Երիտասարդական մետրոյի շրջակայքում իրավապահները ձերբակալել են ավտոմեքենայից իջնող Գագիկին:
«Որտեղի՞ց իմացան, որ նրան պետք է բերեին իջեցնեին: Հենց իջեցրել են, նույն պահին բռնել են: Կամ' մենակ Գագիկի՞ն տեսան, բա մեքենան չտեսա՞ն: Ինչո՞ւ այդ պահին չշրջափակեցին մեքենան: Չհարցրի՞ն` ի՞նչ մեքենա էր, ովքե՞ր էին: Արդյո՞ք հանցագործ խումբը չի համագործակցում Ստեփանավանի ոստիկանության հետ»,- եզրակացնում է փաստաբանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել