Կուբան ազատ կարձակի 2900 բանտարկյալի
Կուբան ներում կնշորհի ավելի քան 2900 բանտարկյալի: Խոսելով Ազգային ժողովում՝ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն ասել է, որ առաջիկա օրերին ազատ արձակվելիք անձանց թվում է 25 երկրից 86 բանտարկյալ:
CNN-ի հաղորդմամբ՝ Ռաուլ Կաստրոն ասել է, որ բանտարկյալներին ազատ արձակելու որոշումը կայացվել է նրանց ընտանիքների անդամների և կրոնական հաստատությունների «բազմաթիվ խնդրանքներից» հետո և մարդասիրական ժեստ է:
Ազատ արձակվելիք բանտարկյալների թվում են 60 տարեկանից մեծ անձինք, ինչպես նաև հիվանդ բանտարկյալները, կանայք և երիտասարդները, ովքեր նախկինում դատված չեն եղել: Որոշ բացառություններով՝ ազատ չեն արձակվի նրանք, ովքեր դատապարտվել են լրտեսության, ահաբեկչության, սպանության և թմրամիջոցների տարանցման մեղադրանքներով:
Ըստ Cubadebate պետական կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության՝ ազատ արձակվելիք բանտարկյալներն արդեն իսկ «նստել են» իրենց պատժաժամկետի զգալի մասը և դրսևորել են լավ վարք:
Ռաուլ Կաստրոն ասել է, որ բանտարկյալներին ազատ արձակելու դրդապատճառներից մեկն էլ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առաջիկա այցն է: Հռոմի պապը ծրագրում է Մեքսիկա և Կուբա այցելել մինչև Զատիկ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել