HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես իմ մեղքը չեմ ընդունել»,- ասում է «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահի գործով անցնող անշարժ գույքի գնահատողը

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի հետ նույն գործով անցնող անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող «Պարտեր» ՍՊԸ-ի գնահատող Հարություն Խալաթյանն իր մեղքը չի ընդունում:  

«Ես իմ մեղքը չեմ ընդունել նախաքննության ժամանակ էլ»,- «Հետք»-ի հետ կարճ զրույցում հաստատեց Հարություն Խալաթյանը:  Հ. Խալաթյանը և նրա պաշտպան Արման Արզումանյանը չցանկացան որևէ մեկնաբանության տալ Հարություն Խալաթյանի մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս բազմաթիվ անհասկանալի հարցեր կան մեղադրանքում, որոնք դատական նիստերի ընթացքում պետք է պարզաբանվեն: Իսկ դատական նիստեր այս գործով տեղի չեն ունենում:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր նշանակված: Սակայն չէր ներկայացել Արա Կիրակոսյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինս դատարանին գրություն էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ «Սասնա ծռեր»-ի գործով ժամը 11:00-ին նշանակված դատական նիստին է մասնակցելու, ինչի պատճառով չի կարողանա ներակայանալ այս գործով նիստին:

Մեղադրողը ևս չէր ներկայացել: Նա էլ իր չներկայանալը հիմնավորել էր փաստաբանի չներկայանալու փաստով: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն այս բացակայություններին խոստացավ հաջորդ նիստին անդրադառնալ: Իսկ առայժմ նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 14-ը:

9-րդ ամիսն է անցնում, սակայն այս գործով դատական նիստ, ըստ էության, տեղի չի ունեցել: Նիստերը բացվել և փակվել են պաշտպանների բացակայության, գործին ծանոթ չլինելու և այլ հիմնավորումներով:

Հիշեցնենք՝ գործը դատարան է ուղարկվել մարտի 17-ին:

Այս գործով Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին, պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո»  ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր: 

Հարություն Խալաթյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ-ի գնահատող, առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:

Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter