
Ազգային ժողովի սերվերը վատ հեղինակություն ունի Google-ում
Ազգային Ժողովի պատգամավորների էլեկտրոնային փոստերը, որոնք գրանցված են Parliament.am դոմեյնում, Google-ի էլեկտրոնային փոստի ծառայության համար այնքան էլ վստահելի չեն, ինչի պատճառով էլ Parliament-ից Gmail-ին ուղարկված էլ․ նամակը դիտարկվում է որպես «սպամ»։
Խնդրի մասին տեղեկացանք օրեր առաջ, երբ «Հետք» էլեկտրոնային պարբերականի գրավոր հարցումներին պատգամավորների օգնականները չէին կարողանում պատասխանել՝ ասելով, որ Աժ պատգամավորների էլ․ հասցեներից Gmail-ի կողմից սպասարկվող հասցեներին ուղղված նամակները հետ են գալիս։ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խնդիրը կապում է Gmail-ի ֆիլտրման համակարգի հետ։
«Մեր հասցեն հավանաբար Gmail-ը «սպամի» ֆիլտր է գցել, իսկ դրա պատճառները բազմաթիվ կարող են լինել՝ էլեկտրոնային հաղորդակցության կանոնները չպահպանելուց մինչև նամակներ գրելու կանոնները չպահպանելը, օրինակ՝ անուն-ազգանունների բացակայությունը, առարկայի (subject) բացակայությունը, վիրուսով վարակված համակարգչից ավտոմատացված սպամների ուղարկումը»,-ասում է Բաբայանը։
Վարչության պետի խոսքով՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո խորհրդարանի ՏՏ մասնագետները որոշակի աշխատանքներ են տարել, մասնավորապես սերվերի IP հասցեի փոփոխությունը, որի արդյունքում այժմ նամակներ հնարավոր է ուղարկել, սակայն դրանք հայտնվում են ստացողի փոստաղբ (spam) բաժնում։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի էլեկտրոնային փոստն արդեն մի քանի տարի է՝ վատ է աշխատում։ Նույնիսկ պատգամավորներից շատերը հրաժարվել են այդ էլ․ փոստից, և իրենց պաշտոնական գրագրությունը կատարում են անձնական, օրինակ՝ Gmail համակարգում գրանցված փոստերով։ Մի քանի պատգամավորներ «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ եղել են դեպքեր, երբ պաշտոնական նամակներ են ուղարկել իրենց Gmail-ի անձնական էլ․ հասցեից։
Արսեն Բաբայանը, սակայն, զարմանալի ոչինչ չի տեսնում, երբ ԱԺ պատգամավորը կարող է պաշտոնական նամակներ ուղարկել տեղացի կամ օտարերկրացի գործընկերներին ոչ թե խորհրդարանի, այլ իր անձնական էլ․ փոստից։
«ԱԺ աշխատակազմը բոլոր պատգամավորներին parliament.am դոմեյնում հատկացնում է էլեկտրոնային փոստ, բայց դա որևէ կերպ չի պարտավորեցնում պատգամավորին միայն այդ փոստից օգտվել կամ պաշտոնական բոլոր նամակները բացառապես այդ փոստից անել։ Եթե պատգամավորը որոշում է իր անձնական էլ․ փոստն օգտագործել, այդտեղ ոչ մի խնդիր չկա, ամբողջ աշխարհում ընդունված է»,-ասաց նա։
Նմանատիպ խնդիրներ ունեցել են նաև Google-ի այլ օգտատերեր, որի մասին բազմաթիվ գրառումներ կան Gmail-ի հաճախորդների սպասարկման ֆորումներում։ Ըստ նշված գրառումների՝ Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը ֆիլտրում է վատ հեղինակություն ձեռք բերած սերվերները և արգելափակում դրանք։
Հ․Գ․ Հոդվածին կցում ենք նաև պատգամավորներից ստացված պատասխանները, որոնք հայտնվել են փոստաղբում։
Մեկնաբանել