
Գյուղերում բնակվող կենսաթոշակառուները ծայրահեղ աղքատության առավել մեծ խումբն են
Կրթությունն ազդում է աղքատության մակարդակի վրա։ Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է։ Նրանց շրջանում աղքատության մակարդակը 2.4 և 2.2 անգամ ցածր է, քան տարրական և ցածր, ինչպես նաև թերի միջնակարգ կրթություն ունեցողների աղքատության մակարդակը:
Այս մասին եզրակացրել են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016 թվականին» զեկույցի հեղինակները։
Զեկույցը անդրադարձել է բարձրագույն կրթությամբ անձանց աղքատության ցուցանիշներին՝ այն համեմատելով կրթական այլ մակարդակ ունեցող անձանց հետ։
Մասնավորապես՝ հետազոտությունը պարզել է, որ բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է եղել՝ այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ։ Այդպիսի պատկեր արձանագրվել է ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին: Սակայն 2016թ.-ին աղքատության մակարդակը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում ավելի բարձր է եղել, քան 2008թ.-ին:
Հակառակ պատկերն է միջնակարգ կրթությամբ անձանց դեպքում։ Նրանք աղքատ բնակչության շրջանում ամենամեծ խումբն են` կազմելով բնակչության 51%-ը. «16-ից բարձր տարիքի բնակչության կազմում, այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս»,-ասվում է զեկույցում։
Աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է աշխատաշուկան։ Ինչպես ասվում է հրապարակման մեջ, աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Հետազոտության տվյալներով` աղքատության մակարդակը առավել բարձր է լինում տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում։
Որպես ապացույց՝ զեկույցում նշվում է այն փաստը, որ 2016թ.-ին աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը եղել է 35.8%։ Միևնույն ժամանակ աշխատող անդամներ չունեցող ընտանիքներում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.7%։
Ծայրահեղ աղքատության առավել բարձր մակարդակը գյուղերում բնակվող կենսաթոշակառուների շրջանում է
Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում 2008 թվականին առավել բարձր է եղել ծայրահեղ աղքատության պատկերը։ Այն 2016-ի համեմատ 0,5 տոկոսով նվազել է, սրան հակառակ նախորդ տարի ավելացել է աղքատ բնակչության թիվը։ ԱՎԾ-ն համեմատել է տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 2008, 2016 թվականների՝ 15 -75 տարեկան բնակչության տվյալները՝ ըստ դրանք ընդգրկող խմբերի և ստացել այսպիսի պատկեր.
2008-2016թ-ին աղքատության մակարդակը բարձրացել է ինչպես զբաղվածների և գործազուրկների, այնպես էլ աշխատանք չունեցող և չփնտրող անձանց շրջանակներում։ Աշխատանքն ապահովում է եկամուտ, հետևաբար և աղքատության ավելի ցածր մակարդակ: Համաձայն հետազոտության արդյունքների՝ աղքատների մեծ մասը չի ունեցել աշխատանք, մինչդեռ ոչ աղքատների զգալի մասը զբաղված է եղել որևէ տեսակի տնտեսական գործունեությամբ:
Եթե տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում 2016-ի համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել էր, ապա տնտեսապես ակտիվ բնակչության դեպքում այլ պատկեր է ստացվել։ 2008-ի համեմատ 2016-ին աճել է թե՜ աղքատ և թե՜ ծայրահեղ աղքատության մակարդակը։
2008-2016թ-ին աշխատանքի շուկայում ակտիվ բնակչության շրջանում աղքատության մակարդակն ավելացել է վարձու աշխատողների խմբում, իսկ ուսանողների շրջանում՝ 1.5 անգամ:
Հետաքրքիր է, որ 2008-2016թթ.-ին աղքատության մակարդակն ավելացել է աշխատանքի շուկայի տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում ավելի արագ տեմպերով, քան տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում։ Աղքատության ռիսկն առավել բարձր է գործազուրկների շրջանում։ Այն կազմում է 41.1%։
Հետազոտությունը դրական միտում է համարում այն հանգամանքը, որ 2008-2016թթ.- ին աղքատության մակարդակը 11%-ով նվազել է կենսաթոշակառուների շրջանում: Սակայն երևանաբնակ կենսաթոշակառուներն ունեն աղքատության ավելի ցածր ռիսկ, քան գյուղաբնակ (1.4 անգամ) և այլ քաղաքներում բնակվող կենսաթոշակառուները (1.2 անգամ): Մինչդեռ, ծայրահեղ աղքատության առավել բարձր մակարդակ գրանցվել է Երևանում և գյուղերում բնակվող կենսաթոշակառուների շրջանում։
Անդրադառնալով կնոջ և տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակին՝ հետազոտությունը եզրակացրել է, որ կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը (33.4%) 2016թ.-ին ավելի բարձր է եղել, քան տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը (28.0%): 2016թ.-ին կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների 30%-ը և ամբողջ բնակչության 27%-ը:
Հավելենք, որ մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ ռիսկ ունեն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել