HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երրորդ եռամսյակում տնտեսական աճը դանդաղել է

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)  կազմել է 1.583 տրիլիոն դրամ։ 2016 թվականի նույն եռամսյակի համեմատ տնտեսական աճը` ՀՆԱ-ի աճը, կազմել է 3.5%:  Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության նոր տվյալները (ՀՀ ԱՎԾ):

Ըստ նույն աղբյուրի՝ տարվա առաջին երկու եռամսյակների համեմատ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 7%-ով, իսկ երկրորդում՝ 5.5%-ով։

Տնտեսական աճին տարվա ընթացքում նպաստել են գլխավորապես առևտուրն ու ծառայությունները, որոշ չափով էլ արդյունաբերությունը։ Երրորդ եռամսյակում քիչ դրական ազդեցություն է  թողել նաև շինարարությունը։

Իսկ գյուղատնտեսությունը բացասաբար է ազդում ՀՆԱ-ի վրա։ Այն շարունակում է զսպել ՀՆԱ-ի աճը։ Եվ ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է հենց գյուղատնտեսության ոլորտի բացասական ազդեցությամբ։

Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 3.5%  աճի 3.8 տոկոսային  կետը ապահովել են ծառայություններն ու առևտուրը, 1.5 տոկոսային կետն՝ արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան), 0.6 տոկոսային կետը շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը -3.1 տոկոսային  կետով է ազդել ՀՆԱ-ի վրա։ -0.1 տոկոսային  կետով հավելաճին նպաստել է  ՖՄԱՉԾ-ն է (Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ), 0.8 տոկոսային  կետով էլ արտադրանքի հարկերը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

Հասկանալու համար, թե որքանով է գյուղատնտեսությունը բացասաբար ազդել տնտեսական աճի վրա, նշենք, որ առաջին եռամսյակում գյուղատնտեսության՝ ՀՆԱ-ի հավելաճին նպաստման չափը կազմել է -0.2  տոկոսային կետ, երկրորդ եռամսյակում -0.4 տոկոսային  կետ, իսկ արդեն երրորդում այն դարձել է -3.1 տոկոսային կետ։

 

ՀՆԱ-ի կառուցվածքը

Իսկ ինչ վերաբերում է ՀՆԱ-ի կառուցվածքին, ապա վերևում նշված 1.583 տրլն դրամի  մոտ 49%-ը բաժին է հասել առևտրին ու ծառայություններին։

Այս տարվա համար պետական մարմինները կանխատեսում են տնտեսական աճ 4.5%-ի շրջանակներում։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, կանխատեսել է 4-4.3%  տնտեսական աճ, Կենտրոնական բանկի նոր կանխատեսումը՝ 4.4-4.9%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter