HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանային խառնաշփոթ Գյումրիում

2003-ի սեպտեմբերին` «Լինսի» բնակարանաշինության ծրագրի ավարտին, Շիրակի նորանշանակ մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հայտարարեց ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1935 որոշման մասին, որի համաձայն աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական միջոցներով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխման գործընթացն իրականացնելու էին մարզպետարանները:

Թեեւ կառավարության որոշումը ուժի մեջ մտավ 2002 թվականի դեկտեմբերի 14-ին, Գյումրիում այն իրականացվեց մոտ մեկ տարի ուշացումով: Այսինքն` մեկ տարի շարունակ Գյումրիում բնակարանները բաշխվեցին` շրջանցելով կառավարության նշված որոշումը, որը կռվախնձոր դարձավ Շիրակի մարզպետարանի ու Գյումրիի քաղաքապետարանի միջեւ: Մեկը պահանջում էր այն, ինչ կառավարության որոշմամբ արդեն իրեն էր վերապահվում, մյուսը չէր համակերպվում ՙկորստի՚ հետ: Քաղաքապետարանի եւ մարզպետարանի բախման արդյունքում տուժեցին անօթեւանության հերթացուցակում ընդգրկված այն քաղաքացիները, որոնց քաղաքապետարանն արդեն հասցրել էր նախնական բնակարան հատկացնել: 

Մարզպետարանը քաղաքապետարանի նախնական հատկացումների մեծ մասը չեղյալ համարեց ու բնակարանների նոր բաշխում սկսեց: 30 ընտանիք, ձեռքին ունենալով քաղաքապետարանի նախնական հատկացման որոշումը, որը մարզպետարանը չեղյալ է համարել, ապօրինի բնակություն է հաստատել այդ բնակարաններում: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը 2004թ. ապրիլին հայտարարեց, թե մարզպետարանը դիմել է դատարան եւ արդեն ունի այդ բնակիչների վտարման որոշումները:

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի թիվ 5 շենքի 4 ընտանիք եւս, իրավաբանական ձեւակերպմամբ, բնակարանները զբաղեցրել է ապօրինի: Սակայն, ի տարբերություն բնակարանն ապօրինի զբաղեցրած մյուս քաղաքացիների, նրանք զբաղեցրել են իրենց նախկին բնակարանները: 

2002թ. Տ. Մեծի 5 շենքն ընդգրկվեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով ամրացվող շենքերի տիտղոսացուցակում: 2003թ. սեպտեմբերին շենքը հանձնվեց շահագործման, ու այդ ժամանակ նախկին բնակիչներից 4 ընտանիք հայտնվեց  «խաղից դուրս» վիճակում: Հասմիկ Պողոսյանի ընտանիքը դրանցից մեկն է: 1937 թվականից Պողոսյանների ընտանիքը բնակվել է շենքի 1 սենյականոց բնակարանում: Այն ժամանակ շենքն իր կարգավիճակով եղել է կոմունալ: Լենինականի քաղսովետի գործկոմի 1971թ. հունվարի 15-ի որոշմամբ` Պողոսյանների 6 անձից բաղկացած ընտանիքի բնակպայմանները բարելավվում են` նրանց տրամադրելով կից մեկ սենյականոց բնակարանը: Փաստորեն, Լենինի պողոտա (ներկայիս Տիգրան Մեծ) 5 շենքի թիվ 2 երեք սենյականոց կոմունալ բնակարանի 2 սենյակը զբաղեցրել են Պողոսյանները, իսկ մեկ սենյակը` Բալասանյանների ընտանիքը: 88-ի երկրաշարժից հետո շենքը դառնում է վթարային:

Պողոսյանների ընտանիքը տասնյակ հազարավոր անօթեւանների պես հանգրվանում է ժամանակավոր կացարանում, որը տեղադրում են հենց շենքի բակում: 2002թ. ընտանիքը բարի լուր է ստանում, թե շենքն ամրացնելուց հետո Գյումրիի քաղաքապետարանն իրենց բնակարանը նորից իրենց է հատկացնելու: Սակայն, ամրացման ընթացքում շենքը նախագծային փոփոխություններ է կրում, եւ նախկին կոմունալ բնակարանները միացվում են: Պողոսյանների 2 սենյականոց բնակարանին միացվում է հարեւան մեկ սենյականոցը, եւ հիմա թիվ 2 բնակարանը դարձել է 3 սենյականոց: Մեկ տարի շարունակ Պողոսյանների արդեն 10 անձից բաղկացած ընտանիքը հետեւում է շինարարության ընթացքին եւ սպասում, թե երբ է այն շահագործվելու:

Շենքի շահագործման օրը պարզվում է, որ Պողոսյանների բնակարանը Շիրակի մարզպետարանը վերաբաշխել է եւ տրամադրել մեկ այլ ընտանիքի: Պողոսյաններին առաջարկվում է 2 սենյականոց բնակարան մեկ այլ` Գորկու 80 շենքից: Պողոսյանները գրավոր հայտարարագրով հրաժարվում են` պահանջելով վերադարձնել իրենց նախկին բնակարանը: 

Փաստորեն, Պողոսյանների մասով մարզպետը կայացրել է նախկին բնակարանը նրանց տրամադրելու մերժման որոշում: Մարզպետի մեկ այլ որոշմամբ բնակարանը տրվել է այլ ընտանիքի: Հասմիկ Պողոսյանը բազմիցս դիմել է Շիրակի մարզպետարան` ստանալու մարզպետի մերժման որոշումը կամ դրա պատճեն: Այդ փաստաթուղթը նրան անհրաժեշտ է դատական կարգով մարզպետի մերժման որոշումը բողոքարկելու համար:

«Դատարանում ինձ ասել են, որ մինչեւ այդ որոշումը չլինի, հայցով դիմել չեմ կարող»,-ասում է Հասմիկ Պողոսյանը: 

Երբ մարզպետարանում իմացել են Հասմիկ Պողոսյանի` դատարան դիմելու մտադրության մասին, բնակբաշխման հանձնաժողովի տեսուչները փորձել են համոզել, թե դատարան դիմելուց հետո գործերը, միեւնույն է, գալու են իրենց մոտ: 

Շիրակի մարզպետարանի դուռը 6 ամիս ապարդյուն թակելուց հոգնած` Պողոսյանները եւ Տ. Մեծի 5 շենքի եւս 3 ընտանիք (որոնք հայտնվել են նույն կարգավիճակում) 2003թ. մարտին կոտրում են իրենց նախկին բնակարանների դռների փականները եւ ներս մտնում: Արդեն 3 ամիս է` նրանք բնակվում են իրենց նախկին բնակարններում` առանց լույսի ու գազի: Հասմիկ Պողոսյանն ասում է, որ մարզպետարանի տեսուչ Թաթուլ Ումրոյանն այցելել է իրենց եւ ահաբեկել, թե` «Սպասեք, դուք կտեսնեք, թե ես ձեր գլուխը ինչ կանեմ»: Անհանգստացած բնակիչները գնում են մարզպետարան, որտեղ սակայն դարձյալ տեղեկացնում են, թե 4 բնակարաններն էլ վերաբաշխած են այլ ընտանիքների: 

Շիրակի մարզպետի տեղակալ Արծրունի Աղաջանյանը, որը մեկ ամիս առաջ նշանակվել է բնակարանների սեփականաշնորհման հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, հրաժարվեց Տիգրան Մեծի 5 շենքի վերաբերյալ որեւէ տեղեկություն տալ մեզ` պատճառաբանելով, թե ինքն այդ ժամանակ հանձնաժողովի մեջ չի եղել եւ խնդրին անտեղյակ է: Այնուամենայնիվ, բնակբաշխման 432 եւ 116 որոշումների որոշակի պարզաբանում պրն Աղաջանյանը տվեց: Ըստ այդմ, եթե քաղաքացին բնակարանի փոխհատուցում չի ստացել, ապա նախկին կորցրած բնակարանը ամրացվելուց հետո հատկացվում է նրան: Ընդ որում` բնակչին տրվում է այնքան բնակմակերես, որքան նա կորցրել է երկրաշարժի ժամանակ: Հասմիկ Պողոսյանին մերժում են` առաջնորդվելով որոշման հենց այս դրույթով, այն է` կորցրած 2 սենյակի դիմաց ստանալու են ոչ թե 3, այլ 2 սենյականոց բնակարան: Տկն Հասմիկը նշում է, որ ներկայիս բնակարանը նախկինի համեմատ ընդամենը 8 քռ. մետրով է ավելի, իսկ նախագծային փոփոխություններ կատարելու մասին իրենց նախկինում ոչ մի անգամ չեն տեղեկացրել: 

Մինչ փորձում էինք մարզպետարանից տեղեկություններ ստանալ, Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ իրենց դիմել է մի քաղաքացի` Դերենիկ Վարդանյան անունով, որն իբրեւ իմացել է, թե 2-րդ բնակարանը վաճառվում է: Իսկ երկու օր անց նույն մարդն արդեն ներկայացել է որպես բնակարանի տեր` ասելով, թե Շիրակի մարզպետի մարտի 30-ի որոշմամբ բնակարանը հատկացվել է իրեն: Նա Պողոսյաններին տեղեկացրել է, որ բնակարանը կամավոր չհանձնելու դեպքում վտարման հայցով կդիմի դատարան: 

Բնակբաշխման մարզային հանձնաժողովի նախկին անդամ Թաթուլ Ումրոյանի հավաստմամբ, քաղաքապետարանի եւ բնակիչների միջեւ պայմանագրի բացակայությունն է առաջացած քաշքշուկի հիմնական պատճառը:

Պայմանագրի բացակայության պարագայում հանձնաժողովն առաջնորդվել է կառավարության 1995թ. դեկտեմբերի 22-ի թիվ 116 որոշմամբ` «Աղետի գոտում երկրաշարժից հետո վթարային դարձած եւ պետական միջոցների հաշվին ամրացված շենքերի բնակարանների բնակեցման մասին»:

Այն սահմանում է. «Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած եւ պետական միջոցների հաշվին ամրացված պետական եւ հանրային բնակֆոնդի, շենքերի սեփականաշնորհված բնակարանները հանձնել նրանց սեփականատերերին: Եթե ամրացման ընթացքում շենքի սեփականատիրոջ բնակարանի բնակելի սենյակների քանակն ավելացել է կամ պակասել, ապա բնակարանի սեփականատիրոջը տվյալ շենքում սեփականության իրավունքով հատկացվում է նրա կողմից սեփականաշնորհված բնակարանին համարժեք բնակարան: Այն բնակարանները, որոնց բնակելի սենյակների քանակն ամրացման ընթացքում ավելացել է կամ պակասել, բաշխվում են` ելնելով վարձակալների կողմից նախկինում զբաղեցված սենյակների քանակից»: 

Թեեւ կոմունալ հասկացությունն այլեւս չկա, մարզպետարանն առաջարկել է Պողոսյաններին եւս մեկ ընտանիքի հետ զբաղեցնել երեք սենյականոց դարձած թիվ 2 բնակարանը: Սկայան 2 ընտանիքն էլ մերժել են կոմունալ պայմաններում բնակվելու առաջարկը: 

Խառնաշփոթը պարզելու նպատակով բնակիչները մարտ ամսին նամակով դիմել են Հանրապետության Նախագահին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Մայիսին նրանք ուղարկել են երկրորդ նամակը: Ապաստանի տրամադրման խնդրանքով բնակիչները դիմել են նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Այս ընթացքում Պողոսյանները մարզպետարանից մարզպետի մերժման որոշման պատճեն ստանալու եւս մեկ փորձ են կատարել, սակայն մարզպետարանի ընդհանուր բաժինը մերժել է ընդունել Ռուբեն Պողոսյանի (Հասմիկի ամուսինը) դիմումը` բանավոր նշելով, թե այն ճիշտ ձեւակերպված չէ, եւ որ մարզպետը որոշման պատճե տալու իրավունք չունի:

Այնինչ մարզպետի որոշումները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն հրապարակային, բաց փաստաթղթեր են, եւ ցանկացած ոք կարող է դրանց ծանոթանալ: Պողոսյաններն առավելեւս ունեն այդ փաստաթղթի պատճենը ունենալու իրավունք, քանի որ որոշումն առնչվում է անմիջապես իրենց շահերին:

Անկախ ամեն ինչից, Պողոսյանները չեն պատրաստվում բնակարանը զիջել որեւէ մեկին, մանավանդ` անձնագրում առկա գրանցումը «Տիգրան Մեծի 5 շենքի 2-րդ բնակարան» հասցեով է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter