HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

55 անձ կեղծ անձնագրեր են ստացել. ՀՔԾ-ն քրեական գործեր է հարուցել

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված 55 անձանցից 43-ը, կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով, հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Բացի այդ, պարզվել է, որ անձնագրավորված անձանցից ոմանց կենսագրական տվյալները մտացածին են:

Կատարված նախաքննության ընթացքում նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Ք.-ն երկու անձանցից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որի դիմաց կազմել, տպագրել և հանձնել է կեղծ հիմքերով նույնականացման քարտեր և կեղծ տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Այսպիսով, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իրացնելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Գ. Ք.-ի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և վերջինիս ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ 1-ին մասերով, 3111-րդ հոդվածի 1-ին մասով ու 3-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter