«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային գիտաժողով Գյումրիում
Դեկտեմբերի 2-ից 4-ը Գյումրիում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, անցկացվեց միջազգային գիտաժողով «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով: Սա երկրորդ գիտաժողովն է, որ կազմակերպվում է Գյումրիում: Առաջին նմանատիպ գիտաժողովը տեղի է ունեցել 2007թ-ին: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանի փոխանցմամբ՝ առաջին գիտաժողովի հիմնական մասնակիցները տեղացիներն էին, միակ հյուրերը` հարեւան Վրաստանից:
Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղության մշակույթ տարածելու ԿՀԶ հասարակական կազմակերպության, վերջինիս գործընկեր կազմակերպությունների եւ համագործակցող դպրոցների փորձն ու ձեռքբերումները: Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես էին եկել ուղերձով՝ միանալու 1999թ. Հաագայում կայացած «Կոչ հանուն խաղաղության» կոնֆերանսի գլխավոր նպատակների իրագործմանը Հայաստանում, այն է՝ խաղաղության կրթության գաղափարը կրթական բոլոր մակարդակներում ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով տարածելու, ինչպես նաեւ խթանելու ուսուցիչների վերապատրաստումը խաղաղություն ուսուցանելու գործում:
10 տարի անց ընդլայնվել է ոչ միայն մասնակիցների քանակը, այլեւ օտար երկրների ցանկը՝ 25 օտար պետությունից եւ Հայաստանից ընդհանուր առմամբ 130 մասնակից: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ղեկավարն ասում է, որ անցած 10 տարիներին արձանագրվել են էական արդյունքներ խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում: Կրթության ազգային ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում խաղաղության կրթությունն ուսուցանվել է Հայաստանի ավելի քան 850 դպրոցում, ավելի քան 70.000 դպրոցական ձեռք են բերել եւ իրենց առօրյա կյանքում կիրառել են կոնֆլիկտների կառավարման հմտությունները՝ զգալիորեն նվազեցնելով բռնի ելքով կոնֆլիկտների թիվը դպրոցներում:
«Մեր կազմակերպությունն այս ոլորտում ունի 15 տարվա փորձառություն: 2002թ-ին, երբ սկսում էինք, բնականաբար սովորում էինք այլոց փորձի, օրինակների վրա՝ միաժամանակ ձեռք բերելով սեփականը: Այս տարիների ընթացքում մենք հասցրել ենք Շիրակի մարզի դպրոցներում ստեղծել խաղաղության կրթության 16 կենտրոն, որից 4-ը Գումրիում,- նկատում է Գոհար Մարկոսյանը,- արել ենք նաեւ ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն են գործել կենտրոնները աշակերտների վրա, արդյոք կարողացե՞լ են նրանք հետագայում կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները կոնֆլիկտների հաղթահարման եւ խաղաղաշինության գործում»:
Գոհար Մարկոսյանը
Զրուցակիցս պատմում է, որ շատ տարիներ առաջ նամակ է ստացել Գյումրու թիվ 7 դպրոցի արդեն նախկին աշակերտուհի Ինգա Դանիելյանից: Վերջինս եղել էր խաղաղության կենտրոնի աշակերտ եւ Flex փոխանակման ծրագրով մեկնել մեկ տարով ԱՄՆ սովորելու: Աղջնակն իր նամակում շնորհակալություն էր հայտնել այն գիտելիքների եւ հմտությունների համար, որ ստացել էր խաղաղության կենտրոնում եւ որոնք անչափ պետք էին եկել օտար երկրում, օտար մշակույթում, դպրոցում ու ընտանիքում առաջացած կոնֆլիկտների հաղթահարման ընթացքում: «Գրում էր, որ իրեն շատ են օգնել կենտրոնի դասերն ու ստացվել էր այնպես, որ Ինգան` ինքը, ամերիկյան այդ դպրոցում ստեղծել էր խաղաղության անկյուն եւ սկսել էր օգնել հասակակիցներին»,-պատմում է զրուցակիցս:
Ողջ աշխարհում ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուսուցման միջոցով խաղաղության կրթության տարածումը, խաղաղության մշակույթի ձեւավորումը դպրոցականների ու երիտասարդների շրջանում, համարվում է խաղաղության հաստատման, բռնությունների եւ ահաբեկչությունների դեմ պայքարի կարեւորագույն միջոցներից մեկը: Խաղաղության եւ կոնֆլիկտների կառավարման կրթության միատեսակ մոտեցումների ներմուծումը, հատկապես հակամարտող երկրների կրթական համակարգ՝ խաղաղասիրական ոգով նոր սերունդ դաստիարակելու անհրաժեշտ պայմաններից մեկն է: Սակայն միայն կրթությունը բավարար չէ խաղաղության հաստատման, բռնությունների եւ ահաբեկչությունների դեմ տարվող պայքարում՝ շատ դեպքերում պահանջվում է ամբողջական եւ համապարփակ մոտեցում:
«Ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդ գիտաժողովի հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել խաղաղությանն ուղղված հիմնախնդիրներին՝ որպես լուծման հնարավոր տարբերակ ներկայացնելով խաղաղության մշակույթ կրող նոր սերնդի դաստիարակության անհրաժեշտությունը տարածաշրջանի բոլոր երկրներում եւ ամբողջ աշխարհում»,- ասում է Գոհար Մարկոսյանը:
Կոնֆերանսի եւ դասընթացների համար նախատեսված 4 օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան խաղաղության կրթության «հայաստանյան մոդելին», ինչպես նաեւ ներկայացրեցին խաղաղության կրթության ոլորտում ունեցած իրենց սեփական փորձն ու ձեռքբերումները: Քննարկվեցին խաղաղության կրթություն դպրոցներում եւ բուհերում, կոնֆլիկտների կառավարում համայնքներում, գենդերի դերը կոնֆլիկտների կառավարման եւ լուծման գործում, երիտասարդություն եւ խաղաղաշինություն, բռնի ծայրահեղականության կանխարգելում խաղաղության կրթության միջոցով, համաշխարհային քաղաքացիություն, համագործակցություն հանուն խաղաղաշինության, միջսահմանային կոնֆլիկտների կանխարգելում խաղաղության կրթության միջոցով թեմաները:
Ջենիֆեր Բաթթոնը
Ջենիֆեր Բաթթոնը (ԱՄՆ) «Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության» (GPPAC) խաղաղության եւ կոնֆլիկտների լուծման աշխատանքային խմբի ղեկավարն է: Ունի 21 տարվա փորձառություն կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում: Գյումրիում կայացած գիտաժողովի ժամանակ նա ներկայացրեց խաղաղության եւ կոնֆլիկտների լուծման կրթության նախաձեռնությունների լավագույն փորձն ու դասերը, որոնք հնարավոր են կիրառել ողջ աշխարհում կառավարության եւ քաղաքացիական հասարակության կառույցների փոխադարձ համագործակցությամբ:
«Ես շատ հաճախ ասում եմ՝ եթե դու ունես քույր կամ եղբայր, ամուսնացած ես կամ ունես ընկեր՝ դու ունես կոնֆլիկտ,- Ջենիֆեր Բաթթոնը ծիծաղում է,- այստեղ հարցն այն է, թե ինչպես հասնել բոլոր տեսակի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը: Եվ ուսուցումը ճիշտ է սկսել նախադպրոցական տարիքից, որքան վաղ տարիքից ենք սկսում կոնֆլիկտների հաղթահարման հմտությունները սովորեցնել, այնքան արդյունավետ է: Իհարկե, մեծահասակաները եւս պետք է սովորեն: Նրանցից շատերն ասում են, օ՜, մենք խնդիր չունենք, մենք կոնֆլիկտ չունենք, որովհետեւ կարծում են, որ կոնֆլիկտ ունենալը դա վատ բան է կամ իրենց կմեղադրեն դրա համար, սակայն կարեւորն առաջացած կոնֆլիկտի լուծման ուղիներն են»:
Քառօրյա գիտաժողովն ու դասընթացները Գյումրիում հնարավոր էր եղել կազմակերպել «Հաց աշխարհին» միջազգային կառույցի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ «Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության» ցանցի անմիջական աջակցության շնորհիվ:
Մեկնաբանել