
Կարաոկեների, գիշերային ակումբների, սաունաների գործունեությունը բազմաբնակարան շենքերում կարգելվի
Գործադիրն այսօր՝ դեկտեմբերի 7-ի նիստին, հավանության արժանացրեց «Առևտրի և ծառայությունների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների նախագծերի փաթեթը փոփոխության ենթարկելու որոշումը։
Նախագիծը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ այն վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախկինում տրված հանձնարարականներից մեկին։
Ըստ նախագծի՝ բազմաբնակարան շենքերում նախատեսվում է կարաոկեների, գիշերային ակումբների, բաղնիքների, սաունաների վայրերը սահմանել որպես սահմանափակման ենթակա օբյեկտներ՝ արգելելով նրանց գործունեությունը բազմաբնակարան շենքերում, կրթության և պատմամշակութային տարածքներում, բժշկական հաստատությունների տարածքներում:
«Ամրագրել դրույթ, համաձայն որի՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները` կարաոկեն, դիսկոտեկը, ակումբը, սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է: Սահմանել դրույթ, համաձայն որի՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, սաունա և շոգեբաղնիք) գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը»,- նշված է նախագծի արձանագրության մեջ։
Մեկնաբանել