HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չտեսնող մարդիկ եւս կրթության կարիք ունեն

Վահան Սարգսյանի համար առաջնային խնդիրը տարածությունում կողմնորոշվելն է: «Ինչքան էլ շատ ուզենամ, սակայն այն փաստը, որ մի մայթից չեմ կարող մյուսն անցնել, արդեն խնդիր է»,-ասում է 32-ամյա Վահանը:

Նա 6 տարեկանում զրկվել է տեսողությունից: Կրթություն է ստացել Երեւանի կույրերի գիշերօթիկ դպրոցում: Ուսումը շարունակել է Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Սակայն լրագրող այդպես էլ չի դարձել, քանի որ 90-ականներին Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նրան ստիպեց վերադառնալ Վանաձոր ու ուսանել մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Աշխատում է Վանաձորի կույրերի միավորումում որպես բանվոր: «Էլեկտրասարքեր, կենցաղային իրեր եմ պատրաստում, այն, ինչը մատչելի է կույրերին»: Եթե աշխատանքի վայրում այդ օրն անելիք չի ունենում, ապա օրը հիմնականում անց է կացնում տանը` ծնողների հետ: Չնայած սիրահարվել է, սակայն ամուսնանալու եւ սեփական ընտանիք ունենալու մասին չի էլ երազում: Ասում է, որ իրեն այսպես էլ է լավ զգում: «Իմ տարիքի մի ուրիշ երիտասարդ վատ թե լավ կարող է նյութական հարցեր լուծել, զբաղվել աշխատանքով, իսկ ես՝ ոչ»: 

Տան հոգսը հոր ուսերին է, մայրը հիմնականում զբաղվում է որդուն օգնելով: Սակայն երբեմն Վահանն ինքն է օգնում ծնողներին տնային գործերում, վառարանի համար փայտ է բարձրացնում բնակարան, մանրացնում: Իսկ ազատ ժամերին ընթերցանությամբ է զբաղվում: Հայ դասականներից ամենից շատ սիրում է Եղիշե Չարենցին, թեպետ սիրում է կարդալ նաեւ արտասահմանյան գրողներին: Վահանի համար անլուծելի խնդիր է ժամանակակից գրողների ստեղծագործություններին ծանոթանալը: «Եթե ժամանակին բրայլյան տառերով գրականություն է տպագրվել, ապա հիմա ոչինչ այդ ուղղությամբ չի արվում»,- ասում է Վահանն ու շարունակում երազել համակարգիչ սովորելու, չտեսնող մարդու համար համակարգչից օգտվելու հատուկ տեխնիկական սարքի մասին: Մտահոգված է, որ կույրերի համար նոր գրքեր չեն տպագրվում: Իսկ ամսական միջինը 10.000 դրամ աշխատավարձով ու հաշմանդամության համար տրվող 4.600 դրամով հնարավոր չէ ձեռք բերել «խոսող գրքեր» կամ էլ գնել համակարգիչ: 

 Վահանն իր ազատ ժամանակը նվիրում է նաեւ հասարակական կյանքին: Ընդգրկվել է «Լուսաստղ» հասարակական կազմակեպության աշխատանքներում եւ անցյալ տարվանից մասնակցում է «Սպիտակ ձեռնափայտ» ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում Լոռու մարզի կույրերի միավորումում ձեւավորվել է 20 հոգանոց խմբակ: Մանկավարժ են ընտրել Վահանին, որն էլ այբբենարանը հարմարեցրել է չտեսնող մարդկանց պահանջներին: 6 ամսվա ընթացքում 20-50 տարեկան չտեսնող մարդիկ սովորել են գրել, կարդալ Բրայլի այբուբենով: 

 Խմբակի անդամները հիմնականում մեծ տարիքում տեսողությունը կորցրած մարդիկ են, որոնք տեղյակ չեն բրայլան տառերին: 

 «Մենք կարեւորում ենք նաեւ տարեց մարդկանց ուսուցումը, որովհետեւ նրանց մեծ մասը երեխաներ ունեն, որոնց հարկավոր է օգնել դպրոցում սովորելու համար: Բրայլի այբուբենին ծանոթանալուց հետո կույր ծնողներն արդեն իրենք են օգնում իրենց դպրոցական երեխաներին»,- ասում է Վահանը: 

 Չտեսնող մարդիկ կրթության խնդիրը կարեւորում են այնքան, որքան սոցիալական ու առողջապահական խնդիրները: «Մենք դրանում ամեն օր ենք համոզվում: Մեր խմբակի անդամները տարիքով մարդիկ են, նրանք սիրով են սովորում, չնայած չունեն այն ճկունությունը, ինչ երեխաները»: Խմբակի անդամները ծանոթացել են նաեւ կույրերի միավորման աշխատանքներին, եւ ոմանց մոտ արդեն աշխատելու ցանկություն կա: 

 «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել հանրապետության չտեսնող մարդկանց շրջանում: Հարցվածների միայն փոքր մասը՝ 11.4%-ը ունի բարձրագույն կրթություն: Նույնքան մասը նույնիսկ տարրական կրթություն չունի: Նրանց գրեթե կեսը կուրացել է 40-ից բարձր տարիքում եւ ծանոթ չէ Բրայլի տառերին: Հարցվածների 23.9%-ը գերադասում է տանից դուրս չգալ: Հասարակությունում իրենց սովորաբար զգում են լարված, անհագիստ: Նրանց մեծ մասն անլիարժեքության բարդույթ ունի, ինչը խոչընդոտում է հասարակության այլ անդամների հետ նրանց շփմանը: «Հասարակությունն այսօր հաշմանդամին այլ ձեւով է նայում»,-իր մտահոգությունն է հայտնում Վահանը՝ կարեւորելով կույր մարդկանց կրթությունը: Սակայն, ըստ «Լուսաստղի» իրավաբան Էդմոն Մարուքյանի, կույրերի կրթության իրավունքը ներկայումս պաշտպանված չէ: Պետությունն ինչ-որ քայլ արել է նրանց կրթության համար, բայց նախատեսված չէ ուղեկցողի համար գումար տրամադրել: Հայաստանում նման խնդրի առջեւ կանգնած է ավելի քան 4.000 չտեսնող մարդ, որոնք տարբեր պատճառներով մեկուսացված են հասարակական կյանքից: Լոռու մարզում այդ մարդկանց թիվը հասնում է 400-ի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter