
«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն հարկային արտոնություն ստացավ
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի հարկային արտոնություն ստանալու դիմումը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:
«Բավարարել «ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ»,- նշված է նախագծի արձանագրության մեջ։
Ըստ նախագծի՝ ընկերությունը մինչև 100 տոննա տարողությամբ 45 հազար 60 հատ ցիստեռն է ներմուծում Բուլղարիայից, որոնց արժեքը կազմում է 1 միլիարդ 150 միլիոն դրամ, և 62 հազար 250 հատ 100 տոննա և ավելի տարողությամբ ցիստեռն կրկին Բուլղարիայից, որոնց արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ «Արարատի գինու գործարանը» նախկինում ևս հարկային արտոնություն է ստացել գործադիրի կողմից։
Մեկնաբանել