
«Ես անհավասար պայմաններում եմ գտնվում». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հրաժարվեց ցուցմունք տալ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը հրաժարվեց ցուցմունք տալ:
«Կարծում եմ և համոզված, որ ես գտնվում եմ անհավասար պայմաններում՝ Դատախազության, Արդարադատության խորհրդի, որքան էլ զավեշտալի է՝ դատարանի, ամբաստանյալ Էլզա Զաքարյանի և նրա պաշտպանների հետ»,- հայտարարեց Բարսեղյանը՝ կարծիք հայտնելով, որ այն, ինչ ինքն ասում է, ակնհայտ իրողություն է:
Դատավորն ընդգծեց, որ այս գործով իր նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիմում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներն առ այսօր իրեն չեն տրամադրվել և նշեց, որ այդ ապացույցներն իրեն տրամադրելուց և դրանք հետազոտելուց հետո միայն ինքը պատրաստ է ցուցմունք տալ:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Իշխան Բարսեղյանն ու վերջիններիս պաշտպանները ժամանակ էին խնդրել, որպեսզի Բարսեղյանը պատրաստվի իր ցուցմունքին, սակայն այսօր, փաստորեն, դատավորը հրաժարվեց ցուցմունք տալ:
Բարսեղյանն իր լռելու իրավունքից օգտվեց և հրաժարվեց նաև կողմերի, այդ թվում՝ դատավորի հարցերին պատասխանել: Այնուամենայնիվ, մեղադրող կողմը որոշ հարցեր տվեց ամբաստանյալ դատավորին:
Մեղադրող Կարեն Բիշարյանը, մասնավորապես, ցանկանում էր ճշտել, թե ինչո՞ւ դատավորն այս գործով ԱԱԾ-ի հետ համագործակցած Նորիկ Հակոբյանի հակընդդեմ հայցի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում չի կայացրել, թե արդյոք նման վարքագիծ է դրսևորել, քանի որ գումարային ակնկալի՞ք է ունեցել, մեջբերումներ էր անում ամբաստանյալ Էլզա Զաքարյանի ցուցմունքից և փորձում դրանց շուրջ ձևակերպել իր հարցերը:
Նշենք, որ Նորիկ Հակոբյանն այն անձն է, ում օգտին վճիռ կայացնելու համար, ըստ գործի նյութերի, դատավոր Իշխան Բարսեղյանը 1000 դոլար կաշառք է պահանջել: Այս պահանջից հետո, ըստ գործի նյութերի, Հակոբյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, որի արդյունքում Իշխան Բարսեղյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Նշենք, որ մեղադրողի հարցերի ընթացքում Իշխան Բարսեղյանի պաշտպանները պահանջեցին հարցերի ձևակերպումներով չխախտել Բարսեղյանի անմեղության կանխավարկածը, սակայն դատավորը, ինչպես նաև մեղադրող Կարեն Բիշարյանը պատասխանեցին, թե հարցերը մեղադրանքի շրջանակներում են:
Այսօրվա դատական նիստին գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել իրադրության փոփոխման հիմքով` նշելով, որ Զաքարյանը չի հանդիսանում հանրային վտանգավոր անձ, ինչպես նաև նշելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը երեք ամսական երեխա ունի, ում խնամքով մշտապես ինքը՝ Զաքարյանն է զբաղվում:
Դատարանը, սակայն, նշեց, որ միջնորդությանը կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս` խորհրդակցական սենյակում:
Նշենք, որ Էլզա Զաքարյանը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: Վերջինս դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, Իշխան Բարսեղյանի դեմ ցուցմունք տվել: Զաքարյանը հրաժարվել է պատասխանել դատավոր Բարսեղյանի և վերջինիս պաշտպանների հարցերին:
Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Բարսեղյանն աշխատում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Մեկնաբանել