HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապագան առաց կոռուպցիայի

Մարտի 31-ին Վանաձորում անցկացված «Հակակոռուպցիոն օր» անունը կրող միջոցառումը շատ վանաձորցիների էր բերել Հայքի հրապարակ: 80-ամյա Թամարա Սմբատյանին եւս հետաքրքրեց Լոռու մարզպետարանի շենքի առջեւ հավաքված մարդիկ ու կավճանկարով տարված երեխաները: Երբ իմացավ օրվա թեմայի մասին, սկսեց բողոքներ տեղալ իշխանությունների ու երկրում իշխող կոռուպցիոն երեւույթների հեղինակների հասցեին:

«Ինչի՞ են ժողովրդին ասում կոռուպցիայի մասին: Թող իշխանավորներին ասեն, ժողովուրդն է՞ կաշառք վերցնում»,-բողոքեց Թամարա տատիկն ու մեկ առ մեկ թվարկեց այն ոլորտներն ու մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա կյանքում զբաղված են կաշառք վերցնելով: Չժխտելով խորհրդային տարիներին առկա կոռուպցիոն երեւույթները, ներկայիս իրավիճակը նա գնահատեց առավել քան վատթար: Նրա «սեւ ցուցակում» տեղ էին գտել բժիշկներ ու դասախոսներ, որոնք առանց կաշառքի գործ չեն անում:

«Ձուկը գլխից է հոտած»,-ամփոփեց 80-ամյա վանաձորցին ու անտարբեր շարունակեց հետեւել միջոցառմանը: 

Վանաձորի Հայքի հրապարակում էին հավաքվել մարզպետարանի ու քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ: Ներկա էր շուրջ 100 մարդ:

Միջոցառման հեղինակներն էին Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի ինթրնեշնլ հայաստանյան մասնաճյուղը եւ Հայկական Սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը /ՀՍԻԿ/, որոնց նպատակն էր բարձրացնելու հասարակության իրազեկությունը կոռուպցիայի երեւույթի վերաբերյալ եւ քաջալերելու նրանց մասնակցությունը հակակոռուպցիոն պայքարում: Միջոցառմանը ներգրավվել էին մանկապարտեզի սաները, որոնց կազմակերպիչները նվիրել էին սպիտակ վերնաշապիկներ`«Ապագան առանց կոռուպցիայի» խորագրով, ինչպես նաեւ նկարչական պիտույքներ:

«Նրանք արեւ են նկարում, տուն, ծառ, մենք չենք ուզում նրանց հոգիները պղտորել, պարզապես այս ամենը կրում է խորհրդանշական բնույթ»,-նշեց ՀՍԻԿ նախագահ Գեւորգ Մանուկյանը, միաժամանակ կարեւորելով կոռուպցիայի վերացման գործում իշխանությունների հետ համագործակցությունը: 

Կոռուպցիայի վերաբերյալ իր տեսակետն հայտնելու համար Կարինե Սուքիասյանը խնդրելով կազմակերպիչներին` բեմ բարձրացավ ու ներկայացրեց Վանաձորի քաղաքապետարանի անօրինականությունը:

«15 տարի է արդեն պայքարի մեջ եմ: Տեղական իշխանություններից պահանջում եմ վերականգնել բնակարանային իրավունքս»,-ամբիոնից մարզային ու տեղական իշխանությունների հասցեին բողոքներ տեղաց Կ. Սուքիասյանը: Սակայն ըստ ՀՍԻԿ նախագահ Գեւորգ Մանուկյանի, Լոռու մարզն այն եզակի մարզերից է, որտեղ բաց հասարակություն է ձեւավորվել:

Դրա վառ ապացույցն է հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Կետրոնն արդեն հասցրել է աշխատանք տանել Վանաձորի դպրոցներում: 15 աշակերտ շարադրություններ են ներկայացրել հակակոռուպցիոն թեմայով, եւ արդեն հայտնի են երեք հաղթողները: Միջոցառման ժամանակ առաջին տեղ գրաված Գոհար Ղազարյանը ներկայացրեց իր աշխատանքը, որը պատկերում է Հայաստանի առողջապահական հաստատություններում` մասնավորապես ծննդատներում գոյություն ունեցող վիճակը:

«Նորածինը աշխարհ գալով` մոր կաթի հետ կուլ է տալիս այդ անհանգստությունը` կապված բժիշկներին կաշառք տալու խնդիրների հետ: Կցանկանայի, որ կոռուպցիա բառը չհնչեր մեր հանրապետությունում, որ ուսումնական հաստատություններում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում չլինեին կաշառք վերցնող մարդիկ»: 

Նորաբաց կենտրոնը նպատակ ունի Վանաձորում կազմակերպել հակակոռուպցիոն քարոզարշավներ, կրթական ու վերապատրաստման ծրագրեր, հանրային քննարկումներ եւ այլ միջոցառումներ: Երկու ժամ տեւած միջոցառման ժամանակ քաղաքացիներին տեղեկացվեց կենտրոնի հետագա քայլերի մասին` հայտնելով նաեւ կոռուպցիայի վերաբերյալ նյութերի ու գրականության մատչելիության մասին:

Վանաձոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter