HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք տարի` առանց երթուղային տրանսպորտի. Լեռնարոտ գյուղի բնակիչները դժվարությամբ են Աշտարակ կամ Երեւան հասնում

Սիլվա Պետոյանը Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղից է: Ուսանողուհի է, սովորում է Երեւանում, դասերի շրջանում նա տեղափոխվում է Երեւան` հորեղբոր տուն, որովհետեւ արդեն երեք տարի է` իրենց գյուղում տրանսպորտ չի գործում:

«Տրանսպորտի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում բնակչության համար: Մարդիկ հիմնականում երթևեկում են տաքսիներով, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Շատերը տրանսպորի բացակայության պատճառով հրաժարվում են բուհերում սովորելուց: Ինքս, լինելով ուսանող և աշխատելով դպրոցում, ստիպված եմ շատ հաճախ գյուղից հասնել Երևան: Դա մի շարք անհարմարություններ է առաջացնում՝ կապված թե՛ ժամանակի և թե՛ գումարի հետ»,- նշում է Սիլվան:

Մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսը Լեռնարոտը և հարևան Ավան գյուղը ունեցել են երթուղային միկրոավտոբուս, որի երթուղային գիծն ավարտվել է մարզկենտրոն Աշտարակ քաղաքում: 2014 թվականի դեկտեմբերին, սակայն, երթուղայինը դադարեց գործել: Պատճառը ճանապարհային վատ պայմաններն էին:

Այժմ գյուղացիները Աշտարակ կամ մայրաքաղաք կարող են հասնել հարևան Կոշ գյուղի երթուղային տրանսպորտով, իսկ Կոշ հասնելու համար ստիպված են օգտվել տաքսիներից:

Խնդիրը հատկապես մտահոգում է գյուղի` բուհ ընդունվել պատրաստվող դիմորդներին և ուսանողներին: Լեռնարոտում կրկնուսույց չկա, աշակերտները ընդունելության քննություններին պատրաստվել կարող են Կոշում՝ որպես փոխադրամիջոց օգտվելով տաքսիներից: Ուսանողների դեպքում հարցն ավելի լուրջ է: Դասերին կանոնավոր հաճախելու համար նրանք ստիպված են ապրել վարձով կամ իրենց բարեկամների տներում և գյուղ գալ միայն շաբաթ-կիրակի օրերին ու արձակուրդների ժամանակ:

Լեռնարոտի միջնակարգ դպրոցում դասավանդող ուսուցիչներից մի քանիսը հարևան Ավան գյուղից են: Երեք տարի առաջ նրանց փոխադրամիջոցը եղել է գործող տրանսպորտը: Այժմ ուսուցիչները աշխատանքի են գալիս տաքսիներով:

Լեռնարոտցի Բելլա Սահակյանը ժամանակին շատ է օգտվել երթուղայինից: Թեեւ այժմ ավտոմեքենա ունեն, միեւնույն է, ասում է, որ գյուղացիների համար առանց տրանսպորտի դժվար է. «Մեքենա ունենք, բայց շատ դեպքերում գերադասելի է օգտվել երթուղայինից: Տրանսպորտը ցանկալի է ամեն հարցում: Երբ հյուրեր ենք ունենում, նրանք էլ գյուղ տաքսիներով են հասնում, բայց շատերը հնարավորություն չունեն տաքսիով երթևեկելու: Գյուղեր կան, որոնց ճանապարհներն ավելի վատ վիճակում են, բայց տրանսպորտ, միևնույն է, գործում է»:

2015-ի գարնանը փորձ արվեց գյուղը տրանսպորտով ապահովելու: Լեռնարոտի համայնքապետ Խաչիկ Մելքոնյանի առաջարկով Կոշ գյուղի երթուղայիններից մեկը երկարացրեց երթուղին՝ հասնելով Լեռնարոտ և Ավան: Բայց որոշ ժամանակ անց  երթուղայինի վարորդը հրաժարվեց նոր երթուղուց: Պատճառն այս անգամ ոչ միայն ճանապարհային վատ պայմաններն էին, այլև ուղևորների սակավաթիվությունը:

Խաչիկ Մելքոնյանը բացատրում է, որ երթուղայինը գյուղ բարձրացել է օրական մեկ անգամ և ոչ կանոնավոր ժամերի, դրա համար էլ ուղևորները շատ չեն եղել:

Հարցին, թե ինչու գյուղը չեն ապահովում առանձին տրանսպորտով, համայնքապետը պատասխանում է. «Առանձին երթուղային տրանսպորտ ունենալու համար պետք է մասնակցել մրցույթի և շահել երթուղային գիծը, իսկ երթուղայինը պետք է համապատասխանի մրցույթի պայմաններին: Քանի որ ճանապարհներն անմխիթար վիճակում են, ոչ մի վարորդ չի համաձայնում մասնակցել մրցույթին»:

«Ինչու չեն բարեկարգում ճանապարհները» հարցին էլ համայնքապետը տալիս է հետևյալ պատասխանը. «Գյուղի բյուջեում ճանապարհների վերանորոգման համար գումար հատկացված չէ, գումարը տրամադրված է ոռոգման և այլ կարևոր խնդիրների լուծմանը: Անցած տարի ճանապարհների որոշ հատվածներում լցոնումներ արել ենք, բայց դրանք անձրևներից փչացել են»:

Պարոն Մելքոնյանը նշում է, որ վարորդներին գրավելու միակ միջոցը գյուղ հասնելու համար նրանց աշխատավարձ վճարելն է, բայց իրենք բյուջեում բավականաչափ գումար չունեն: Համայնքապետը հույս է հայտնում, որ գոնե համայնքների սպասվող խոշորացումից հետո հնարավորություն կունենան գյուղը տրանսպորտով ապահովելու:

Տոնական Հովհաննիսյանը, որի վարած երթուղային մեքենան անցած տարի ապրիլին ընդամենը մի քանի օրով բարձրացել էր Լեռնարոտ և Ավան, նշում է. «Լեռնարոտ տանող ճանապարհները վատ վիճակում են: Երթուղայինը քանդված ճանապարհներով ու ոլորաններով բարձրանալուց հաճախ կհայտնվի անսարք վիճակում: Ուղևորներն էլ քիչ են, հետևաբար մեզ համար ձեռնտու չէ Ավան ու Լեռնարոտ բարձրանալ»:

Չնայած այս ամենին՝ նա որոշել է ձմեռվանից հետո նոր երթուղային միկրոավտոբուս տրամադրել Լեռնարոտ և Ավան գյուղերին: Երթուղային գիծն այս դեպքում կավարտվի Երևան քաղաքում: Եթե Ավան ու Լեռնարոտ բարձրանալը ձեռնտու լինի, ուղևորներն էլ` շատ, երթուղայինը կշարունակի գործել այս գյուղերում:

Համայնքապետ Խ. Մելքոնյանը խոստանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Լեռնարոտում երթուղային տրանսպորտ գործի:

Բայց մինչ այդ, առջևում ձմեռ է: Ձմռան երեք ամիսներին ճանապարհների վիճակն ավելի կվատանա, գյուղի ոլորաններն առատ տեղումների դեպքում գրեթե անանցանելի կդառնան նույնիսկ տաքսիների համար: Լեռնարոտի բնակիչները ստիպված են այս ձմեռ ևս մնալ առանց տրանսպորտի:

Աննա Սահակյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter