HY RU EN

Արաքս Մամուլյան

Զինված խմբի գործով ամբաստանյալը հրաժարվեց իր հանրային պաշտպաններից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հրաժարվեց իր հանրային պաշտպաններից և նշեց, որ ցանկանում է, որպեսզի դատարանում իր շահերը ներկայացնի փաստաբան Նարինե Ռշտունին: Նկատի ունենալով, որ ամբաստանյալը, փաստորեն, հրաժարվելու պահից սկսած փաստաբան չունի, առանց որի ներկայության հնարավոր չէ շարունակել դատական նիստը,  դատարանը հետաձգեց այն: Թե ինչու է Սարիբեկյանը որոշել հրաժարվել պաշտպաններից, պարզ չէ. դատարանում վերջինս այդ մասին որևէ պատճառաբանություն չասաց:

Նշենք, որ այս ամբաստանյալը վերջերս տևական ժաանակ հացադուլ էր հայտարարել և հայտնում էր, որ բողոքում է իր վերաբերյալ մեղադրանքի և իրեն կալանավորելու որոշման դեմ:

Ըստ մեղադրանքի՝ Հարություն Սարիբեկյանը,  ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի միջոցով ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, ով, ըստ գործի նյութերի, համարվում է զիված խմբի ղեկավարը, և 2015թ. մայիսից հետո մասնակցել է Վարդանյանի  կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել Սարիբեկյանի կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նշենք, որ մինչև Սարիբեկյանի՝ պաշտպաններից հրաժարվելու մասին հայտարարություն անելը դատարանում շարունակվում էր գործում առկա փաստաթղթերի հետազոտումը, սակայն, այս ընթացքում էական նշանակություն ունեցող որևէ փաստաթուղթ չհրապարակվեց: