HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ամենախոցելի խավի եկամուտները նվազել են, առավել ապահովվածներինը՝ աճել

Հայաստանում սոցիալապես ամենախոցելի խավի եկամտի հիմնական աղբյուրները պետական կենսաթոշակներն են ու նպաստները։ 2016 թվականին նրանց դրամական եկամուտները նվազել են։ Փոխարենն առավել ապահովված խավի եկամուտներն ավելացել են։ 

Ինչից են գոյանում եկամուտները 

Հայաստանում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը 2016 թվականին կազմել է 59 690 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» զեկույցում տեղ գտած ցուցանիշներից։ 

Վիճծառայությունը եկամուտների մեջ հաշվարկում է ինչպես դրամական, այնպես էլ ոչ դրամական եկամուտները։ Դրամական եկամուտները ներառում են աշխատավարձը, ինքնազբաղվածության արդյունքում կամ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումարները, սոցիալական տրանսֆերտները, օրինակ՝ կենսաթոշակները, արտերկրից ստացվող գումարները՝ մասնավոր տրանսֆերտները, վարձակալության տրված սեփականության դիմաց վարձավճարները, տոկոսավճարները, դիվիդենտները, շահաբաժինները և այլն։ Մի խոսքով՝ այն ամենը, որը կարող է քաղաքացուն եկամուտ բերել փողի տեսքով։ 

Իսկ ոչ դրամական եկամուտ է համարվում, օրինակ, սեփական տնտեսությունից ստացված սննդամթերքը, բարեկամներից կամ այլ անձանցից անվճար ստացված ոչ պարենային ապրանքները և ծառայությունները: ԱՎԾ-ն այս ամենը վերածում է դրամի և ներառում եկամուտների մեջ։ 

Իսկ գլխավորապես ինչից են գոյանում հայաստանցիների եկամուտները։ Ըստ վիճակագրության՝ միջին վիճակագրական քաղաքացու եկամուտների կեսից ավելին գոյանում է աշխատավարձից։ Ոչ փոքր մաս են կազմում պետական թոշակներն ու նպաստները, ինքնազբաղվածության արդյունքում ստացված եկամուտները, տրանսֆերտները և այլն։  Ընդ որում՝ 2015 թվականի համեմատ այս պատկերն էական փոփոխություններ չի կրել։ 

Ընդհանուր առմամբ, 2016-ի տվյալներով մեկ շնչի հաշվով միջին ամսական  59 690 դրամ եկամուտից  ոչ դրամական է 3 146 դրամը, իսկ մնացած  56 544-ը դրամական եկամուտներն են։ 

2015 թվականի համեմատ մեկ շնչի հաշվով եկամուտներն աճել են 4 381 դրամով կամ մոտ 8%-ով։ Այն աճել է հիմնականում աշխատավարձերի ու ինքնազբաղվածության արդյունքում ստացված եկամուտների ոչ բարձր աճի հաշվին։ Իսկ թոշակների ու նպաստների մասով, օրինակ, փոփոխությունը չնչին է (մեկ շնչի հաշվով այն 9 284 դրամից 2016 թվականին դարձել է 9 569  դրամ)։

Դիտարկելով տնային տնտեսությունների եկամուտների աղբյուրներն ըստ բնակավայրերի` ակնհայտ է դառնում, որ վարձու աշխատանքից ստացված եկամուտների կարևորությունը մեծ է հատկապես քաղաքաբնակների համար, որտեղ այն 2016 թվականին կազմել է ամբողջական եկամուտների 60.3%-ը։ Գյուղաբնակ տնային տնտեսություններում վարձու աշխատանքից ստացված եկամուտների մասնաբաժինը 1.7 անգամ ցածր է քաղաքայինից և կազմել է ամբողջական եկամուտների 36.2%-ը:

Եկամուտների բևեռացումը 

Բնակչության եկամուտների մասին վիճակագրությունը շատ ավելի հետաքրքրական է, երբ այն դիտարկում ենք ըստ դեցիլային խմբերի։  Վիճակագրական ծառայությունը բնակչությանը բաժանում է 10 խմբերի՝ ըստ եկամուտների։  Դրանք դեցիլային խմբեր են, որոնց շարքում առաջինն ամենախոցելի խումբն է՝ ամենացածր եկամուտ ունեցողը, իսկ  տասներորդը՝ ամենաբարձր եկամուտ ունեցող խումբն է։ Այսինքն՝ որքան բարձր է խումբը, այնքան բարձր է եկամուտը։ Այստեղ ներառված  են միայն դրամական եկամուտները։ 

2016 թվականի տվյալներով I դեցիլային խմբի մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը կազմել է  9 349 դրամ, իսկ  X խմբինը՝  163 336 դրամ։ Սա ահռելի տարբերություն է հասարակության շերտերի միջև։ 2016-ին այս տարբերությունը փոքր-ինչ կրճատվել է։ Նշված խմբերի ամսական եկամտի տարբերությունը 2015 թվականին կազմել է 158 305 դրամ, իսկ 2016-ին՝ կազմել է  153 987 դրամ։ 

Ցավոք, վիճծառայության այս զեկույցում չկան տվյալներ, թե, օրինակ, IV դեցիլային խումբը բնակչության քանի տոկոսն է կազմում։ 

Ամենամտահոգիչ երևույթներից է այն, որ 2016 թվականին I, II, III   դեցիլային խմբի դրամական եկամուտները նվազել են։ Հիշեցնենք, որ դրանք առավել խոցելի խմբերն են։ 

Իսկ համեմատաբար բարձր խմբերի՝ IV-IX դեցիլային խմբերի եկամուտներն աճել են։ Աճն ակնհայտ է հատկապես VII-IX խմբերի պարագայում։ Իսկ ամենաբարձր եկամուտն ունեցողների մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը նվազել է։ 

Այսպիսով, նախորդ տարի ամենախոցելի խավերի եկամուտները նվազել են, առավել ապահովվածներինը՝ աճել։ 

Աղյուսակում մեկտեղել ենք վերջին հինգ տարիների տվյալները, որտեղ երևում է դեցիլային խմբերի եկամուտների շարժը։ Օրինակ՝ երևում է, որ ամենաբարձր խմբի՝ X  խմբի եկամտի չափը 2014 թվականից զգալի աճել է։ Իսկ ավելի ցածր խմբերում աճի տեմպը շատ ավելի համեստ է եղել։ 

Հայաստան. Դրամական անվանական եկամուտների շարժընթացն դեցիլային խմբերի (ՀՀ դրամ)
Infogram

Պետական տրանսֆերտները՝ կենսաթոշակներն ու նպաստները, դրամական եկամտի հիմնական աղբյուր են հենց առաջին դեցիլային խմբի տնային տնտեսությունների համար։ Այս խմբի մեկ շնչի հաշվով թոշակները, նպաստներն ու կրթաթոշակները 2015-ին կազմել են 4 945 դրամ, իսկ 2016-ին նվազել են` դառնալով 4 507 դրամ։

Նպաստներն ու թոշակները զգալի կշիռ ունեն նաև II և III խմբերի համար։ 

Իսկ տասներորդ դեցիլային խմբում եկամտի այդ աղբյուրի մասնաբաժինը շատ փոքր է։  

Ինչ վերաբերում է արտերկրից ուղարկված գումարներին՝ մասնավոր տրանսֆերտներին, ապա այս աղբյուրի մասնաբաժինն ամենաբարձրն է ութերորդ դեցիլի եկամուտների կազմում (13.4%): 

Իսկ որքան բարձր է դեցիլային խումբը, այնքան մեծ է աշխատավարձի կշիռը նշված խմբի եկամուտների կազմում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter