HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորագավիթցիները բողոքում են. «Եկեղեցին դարձրել են մեռելանոց»

Արդեն 2 տարի է` Նորագավիթ թաղամասի Սբ. Գեւորգ եկեղեցին ավելի շատ ծառայում է որպես հոգեհանգստի վայր:

Սբ. Գեւորգ եկեղեցու ներսում առաջին անգամ դրվել է Սեդրակ Դավթյանի (DJ Սեդրակ) դին: Դրանից հետո արդեն սովորություն է դարձել, շաբաթը 2-3 անգամ մտնելով եկեղեցի` մարդիկ ներսում` հենց կենտրոնական մասում, հանդիպում են ննջեցյալի: Եկեղեցու քահանան` Տեր Մկրտիչ Թովմասյանը, հոգեհանգստի կարգ է մատուցում նաեւ այնպիսի օրերի, երբ եկեղեցին սովորականից մարդաշատ է լինում: Օրինակ` անցյալ տարի Նորագավիթ համայնքի շրջանավարտները վերջին զանգի օրը մտնելով եկեղեցի` տեսել են, որ դագաղ է դրված: Նույնը պատահել է այս տարվա ապրիլի 17-ին` Ծաղկազարդի օրը: Սերգեյ Հովհաննիսյանը պատմում է, որ իր պապերն են հիմնադրել Նորագավիթը, եւ ինքը' որպես ժառանգ, չէր ցանկանա ականատես լինել համայնքի եկեղեցու այսօրվա վիճակին:

 Սերգեյը «Հետքին» պատմում է, որ Ծաղկազարդի օրը ծաղիկներով մտել է Սբ. Գեւորգ եկեղեցի' մասնակցելու պատարագին եւ ծաղիկները դնելու նախատեսված վայրում: Նկատել է, որ եկեղեցու մի հատվածը սեւ վարագույրներով փակված է ու կարծել, թե այդ հատվածում են ծաղիկներ դնում, շարժվել է դեպի այդ կողմ: Վարագույրը մի կողմ տանելով` տեսել է, որ այնտեղ հանգուցյալ կա: «Մեկ էլ մի կերած-խմած տղամարդ դուրս եկավ, թե` արա, էս ի՞նչ ես անում: Հասկացա` ինչ է կատարվում, հետ-հետ գնացի»,- պատմում է Սերգեյը:

Նրա կարծիքով, եկեղեցում հոգեհանգստի կարգ անցկացնելուն կողմնակից են հիմնականում մեծահարուստները, ովքեր ունեն թիկնապահներ, տունը հսկվում է տեսախցիկներով եւ անվտանգության սարքավորումներով, եւ չեն ուզում իրենց տանը հոգեհանգիստ անել ու այդքան մարդ ընդունել: Սերգեյ Հովհաննիսյանը լսել է, որ եկեղեցում մահացածի աճյունը դնելու համար քահանային վճարում են 1000-2000 դոլար:

Նորագավիթցիները դեմ չեն, որ հոգեհանգիստն անցկացվի եկեղեցում, սակայն գտնում են, որ դիակը պետք է դրվի ոչ թե եկեղեցու մեջտեղում, այլ եկեղեցու տարածքում կառուցվի մի մատուռ, որտեղ էլ տեղի ունենա ամբողջ արարողակարգը: Այս առնչությամբ համայնքի բնակիչները բազմիցս գրավոր դիմում-բողոքներ են հղել տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն: Երկու անգամ 800 մարդու ստորագրությամբ նամակ են ուղարկել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին, սակայն պատասխան չեն ստացել: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը «Հետքին» փոխանցեց, որ նամակներին պատասխանել են, սակայն տեղյակ չէ` դրանք հասցեատերերին հասե՞լ են, թե՞ ոչ:

 Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Տեր Մկրտիչ քահանա Թովմասյանին: Լսելով հարցը` նա մեղադրական տոնով սկսեց հետաքրքրվել, թե ով է ինձ ուղարկել Սբ. Գեւորգ եկեղեցի եւ պահանջեց տալ այդ բնակչի անունը: Ապա «հայրական խորհուրդ» տվեց. «Վազն անցեք այս գործից: Խորհուրդ կտամ ձեզ կողքի մնալ, որովհետեւ այս հարցը ՀՀ նախագահի, վարչապետի, կաթողիկոսի մակարդակով քննարկվել է: Սա մեր եկեղեցու օրենքն է, մենք վերադառնում ենք մեր ակունքներին: Եկեղեցին միայն ուրախության համար չէ, եկեղեցին նաեւ ննջեցյալի համար է»,-ասում է քահանան:

Նրա ասելով, նորագավիթցիները Շենգավիթ համայնքի 1 տոկոսն են կազմում, եւ բողոքում է այդ մեկ տոկոսի միայն մի մասը, որոնք «աբիժնիկներ» են:

Համոզվելով, որ հոդվածը գրելու եմ, Տեր Մկրտիչը սկսեց հոգեբանորեն ճնշել, թե մեղք եմ գործում եկեղեցու դեմ նյութ գրելով, քանի որ հոգեւորականի, եկեղեցու հետ գործ ունենալու համար պետք է մաքուր մարդ լինեմ: Հետո էլ ասաց, թե եկեղեցում ննջեցյալ դնելն արդեն աքսիոմ է եւ քննարկման առարկա լինել չի կարող: Պատճառներից մեկն էլ այն է, որ երկրի նախագահը, վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են հենց Սուրբ Գեւորգ եկեղեցում մատուցված հոգեհանգստի կարգին, երբ մահացել էր արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի եղբայրը, եւ իրենց աչքով տեսել, թե ինչ է կատարվում: Ապա ավելացրեց, թե կաթողիկոսը տեղյակ է եկեղեցում տիրող վիճակին, իսկ կաթողիկոսի ասածն օրենք է իր համար: «Իշխող կոալիցիան գիտի այս մասին, բոլորն էլ ասում են` կեցցեք, որ վերադարձել եք մեր արմատներին»,- ասում է Տեր Մկրտիչը:

Քահանայի կարծիքով` բողոքողներն անելիք չունեցող մարդիկ են, որոնք նույնիսկ եկեղեցու դռան տեղը չգիտեն: Նրանց մի մասն էլ իբր աղանդավորական խմբերի մեջ է ընդգկված եւ փորձում է եկեղեցին նսեմացնել: «Բողոքողները հավատացյալներ չեն, երեւի մեկը 190կմ/ժամ արագությամբ BMW-ով շուռ է եկել, մեռնելուց է պրծել, հիշել է Աստծուն ու ուզում է մոմ վառել, եկել տեսել է` ննջեցյալ կա, աղմուկ է բարձրացնում: Անբարոյական, հեղինակություն չունեցող մարդիկ են բողոքողները»,- ասում է Մկրտիչ քահանա Թովմասյանը:

Ըստ քահանայի` ինքը բոլորից շատ է շահագրգռված, որ կից կառույց լինի, որտեղ էլ կկատարվի հոգեհանգստի կարգը, քանի որ եթե եկեղեցում ննջեցյալ է դրված, մարդիկ նույնիսկ աղոթելու չեն գնում, պսակադրություն չի լինում: Քահանայի հաշվարկներով` եկեղեցուց քիչ հեռու գտնվող հնադարյան մատուռը վերականգնելու համար կես մլն դոլար է անհրաժեշտ, ինչի հնարավորությունը եկեղեցին չունի:

Նորագավիթցի Սերգեյ Հովհաննիսյանը կարծում է, որ քահանան անկեղծ չէ, թե շահագրգռված է մատուռ ունենալու հարցում, քանի որ այդ դեպքում ֆինանսական հոսքերը կքչանան: «Բոլորս էլ գիտենք, որ այսօր եկեղեցին ֆինանսական մեծ հնարավորություններ ունի: Եթե մատուռ լինի, ախպեր-տղերքը շատ գումար չեն տա եկեղեցուն, դրա համար էլ մատուռ չեն կառուցում: Բիզնես է, էլի, եթե այդպես մեծ գումար է պտտվում, դրա դեմ դժվար է պայքարել»,- կարծում է Սերգեյը: Նրա ասելով, եկեղեցում տիրող վիճակից բողոքողները հենց հավատացյալներն են` հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները: «Աղանդավորները ինչի՞ պիտի բողոքեն, ընդհակառակը` պիտի ուրախանան, ասեն` տեսեք, թե ինչ է կատարվում եկեղեցում, եկեք մեր շարքերը համալրեք»,- նշում է Սերգեյը:

Տեր Մկրտիչն ասաց, որ իրեն վճարում են հոգեհանգստի կարգ անցկացնելու համար, սակայն ինքը գումարային պահանջ չի ներկայացնում, եւ հանգուցյալի հարազատներն են իրենց սրտի ուզած գումարը վճարում: Երբ հարցրի, թե որքան է եղել վճարված առավելագույն գումարի չափը, քահանան չպատասխանեց. «Եկեք գումարի չափի մասին չխոսենք, դա ոչ մեկին չի հետաքրքրում»:

Նրա ասելով, հիմա բնակչության 2-3 տոկոսն է եկեղեցում հոգեհանգիստ անում, բայց դա ավելանալու միտում ունի, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց տանը «դուդուկ պզպզացնեն, խաշլամի հոտը տարածեն տնով մեկ» եւ այլն: Բացի այդ, եկեղեցում մարդիկ մխիթարվում են: «Ծնողին բերում են ծերանոցից, դնում եկեղեցում, 2000 դոլարանոց դագաղ են առնում, 1000 դոլարանոց կոստյում են առնում հագցնում, մի 400 հոգու համար էլ ռեստորանում սեղան են գցում, մի 100 հազար դոլար գերեզմանի վրա են ծախսում, հեկտարներով տարածք են վերցնում, սա՞ է հայկականը»,- հարցնում է Տեր Մկրտիչը:

 Մեկ այլ բնակիչ` Նինա Ազիզյանն էլ ասաց, թե եկեղեցում վախի մթնոլորտ է տիրում, մահացածին տեսնելով` մարդիկ սարսափում են: «Խի մեռելը բերում դնում են եկեղեցու ներսու՞մ, դա ի՞նչ անելու բան է, որ Տեր հայրն անում է, թե՞ գումար առնելու միջոց է: Գնում կպնում ենք եկեղեցու դռանը, տեսնում ենք մեռել կա դրած, հետ ենք դառնում: Մարդիկ պաշտում են Աստծուն, բայց եկեղեցում չեն կարողանում արտահայտվել: Իբր քիչ ենք մեռել թաղում, հիմա էլ գնամ եկեղեցի, այնտեղ մեռել տեսնե՞մ»,- ասում է Ն. Ազիզյանը: Տիկնոջ ասելով' հատկապես երեխաների հետ իրենք վախենում են եկեղեցի մտնել, քանի որ շաբաթվա մեծ մասը եկեղեցում դագաղ է դրված:

Երբ քահանային փոխանցեցինք բնակիչների զայրույթը, նա էլ սկսեց բարկանալ. «Գլուխները պատին են տալիս, թե երեխան վախենում է, իրենք են ձեւեր թափում: Այդ երեխայի տատը որ մեռնի, երեխան կվախենա՞, որ մտնի իրենց տուն: Այդ աբիժնիկները հերիք է քչփորեն, հանգած հրաբուխ են, անցել է նրանց ժամանակը, այս հարցը փակված է, սիրելիս»,- ասաց Տեր Մկրտիչը:

Վոլոդյա Սեդրակյանը նույնպես տեւական ժամանակ է' եկեղեցի չի հաճախում կամ էլ գնում է այլ համայնքների եկեղեցի: Չգնալու պատճառը նույնն է. «Գրեթե ամեն օր եկեղեցին զբաղեցված է մեռելով»: Վարդան Աբրահամյանն էլ ասաց, որ եկեղեցուց մարդիկ արդեն վախենում են, ինքն էլ հազարից մեկ է գնում, քանի որ ինչքան գնացել է` մեռել է դրված եղել:

«Եկեղեցին դարձրել են մեռելանոց: Մեր կաթողիկոսին որպես հայ մարդ արդեն սկսել եմ չհարգել, որովհետեւ դա նույնն է, ոնց որ ցեխավիկները ցեխ բացեն: Դիակը եկեղեցում դնելը նոր չէ, հնուց եկած բան է, բայց դրան գիտականորեն պետք է նայել: Առաջներում անատոմիկ չի եղել: Եկեղեցին միակ հով տեղն էր, դրա համար են եկեղեցում մահացածի մարմին դրել: Հիմա այդ մարդիկ եկեղեցին օգտագործում են որպես փող աշխատելու միջավայր»,- ասում է Ռազմիկ Ասլանյանը, ով եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա է ապրում, սակայն նախընտրում է չհաճախել Սբ. Գեւորգ:

«Հետքը» հարցում էր ուղարկել նաեւ Արարատյան թեմ' փոխանցելով քաղաքացիների դժգոհությունը:

Մեր հարցերին դարձյալ պատասխանել է Տեր Մկրտիչ քահանա Թովմասյանը: Քանի որ հոգեւորականները աշխատավարձ չեն ստանում, հոգեհանգստի համար քաղաքացիներից ստացված գումարը հիմնականում ծախսվում է հոգեւորականի կարիքների համար' որպես վարձատրություն, եւ չնչին մասով օգտագործվում է եկեղեցու կարիքների` տեխնիկական աշխատողների աշխատավարձի, կոմունալ ծախսերի, մաքրության եւ այլ ծառայությունների համար:

Տեր Մկրտիչն ասում է, թե եկեղեցական տոներին, առավել եւս Ծաղկազարդից մինչեւ Ավագ շաբաթ, ինչպես նաեւ Ս. Պատարագի, Մկրտության կամ Պսակի արարողության ընթացքում եկեղեցում ննջեցյալ չի դրվում: «Եկեղեցու ավազանում մկրտվածները համարվում են Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ: Եվ երբ հայ քրիստոնյան ննջում է, շարունակում է մնալ Հայ Եկեղեցու զավակ: Եկեղեցին նրանից չի հրաժարվում: Մենք պետք է տվյալ պարագայում հանդուրժող լինենք, քանի որ բոլորս մահկանացու ենք: Ս. Հարության տոնի խորհուրդը մահվան դեմ հաղթանակն է: Եթե չլիներ մահը, անիմաստ կլիներ հրաշափառ հարության վարդապետությունը»,- գրել է քահանան: Նա հնարավոր չի համարել նաեւ հոգեհանգստի արարողակարգն անցկացնել ոչ թե եկեղեցու ներսում, այլ կից կառույցում. «Դա նույնն է, ինչ պսակը կամ մկրտությունը եկեղեցու բակում կատարել, այլ ոչ ներսում' Ս. Սեղանի առաջ»:

Մեկնաբանություններ (5)

Aram
As Karekin indicates the Church is where Taghman Karq and Hokehangist are conducted if the deceased family requires`either one. However, I believe the problem arises from the fact that in Hayastan these two religious services are not conducted in every Church in the country, but rather this is the only(?) Armenian Ohrthodox Church (at least in and around Yerevan)where funeral services or requiems are conducted. As a matter of fact , in diasporan Armenian communities these two relgious servives are regularly coducted in in each and every Armenian Orthodox Church whether they are Antiliassakan or Echmiadsnakan. Father Mkertich should know this and explain it to the reporter rather than be defensive or secretive.
haykUS
I do not agree with Karekin. Church is not place for hokehangist, have separate place for it. Church is for prayer and for people. What Diaspora does is not necessarily right thing to do. We in Armenia have our own ways, and yes we both Christians, but have separate ways. Do not force your ways on us.
SEda
Shat shnorhakal em nman temain andradarnalu hamar............verjin shrjanum shat hogevorakanner moracel en irenc gorcuneutyan volorty.ev ekexecin ditarkum en biznesi vayr...chen el mtacum, vor irenc nman stor ararqnerov vanum en joxovrdin....ev arhasark harkavor e bacahaytel u joxovrin cuyc tal merorya hogevorakanneri kyanqic hiasqanch drvagner
chello
Hey Karekin, You're talking about the diaspora, here in Armenia the cultural tradition is quite different. For the 70 years of Soviet rule, funerals were always held in the homes and it continues thus. Decades ago in the US, wakes were also held in the home. The local parish priest arrived, did his job, and then the body was removed for burial. Probably before your time...
h.
Es el Em mtel mi angam surb Gevorg u texnelov vor hagucyala drvac ners chem mtel.Karcum em vor et pox asxatelu dzeva.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter