HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Զարգացման հայեցակարգ ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության - 2

Տես նաեւ` Զարգացման հայեցակարգ ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության

Ուղենիշներ ինտերնետի զարգացման համար 

Բնական հարց է ծագում, թե ինչ է ասում այս հայեցակարգն ինտերնետի զարգացման մասին, գուցե վերջապես մշակվել են այս կարեւորագույն խնդրի լուծման ինչ-ինչ սկզբունքներ։ Բայց այստեղ նույնպես մեզ հիասթափություն է սպասում։ 

Փաստաթղթում պնդում է արվում, թե «Հանրապետությունում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ներուժը հիմնականում սահմանափակվում է Արմեն Տ ելի մենաշնորհային իրավունքների չարաշահման եւ պարտավորությունների չկատարման, ինչպես նաեւ կարգավորման կատարյալ մեխանիզմների բացակայության պատճառով»: Մի բան ոլորտի պատասխանատուներին, իհարկե, հաջողվեց անել վերջին մի քանի տարում՝ բոլոր մեղքերը բարդել ԱրմենՏելի վրա։ Բայց կարգավորման կատարյալ մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ նույնպես որոշակի բան չի ասվում, բացի պետական բաժնեմասից հրաժարվելու նպատակահարմարության եւ կարգավորման անկախ մարմին ստեղծելու հնարավորության մասին աղոտ ակնարկներից։ Պարզ չէ, թե ինչու մինչեւ այսօր չկան այդպիսի մեխանիզմներ կամ երբ կարելի է ակնկալել դրանց ձեւավորումը։ 

Այնուհետեւ «Տվյալների փոխանցման ծառայությունների ոլորտում իրավիճակի հաղթահարման եւ հետագա արագընթաց զարգացման նպատակով» անհրաժեշտ համարվող գրծողությունների ցաքուցրիվ մի շարք է առաջարկվում. ա) «տվյալների փոխանցման եւ ինտերնետային ծառայությունների համար միջազգային ելքի նկատմամբ իրավունքը դարձնել ոչ բացառիկ», բ) «ապահովել ցանցերի փոխկապակցումները եւ ենթակառուցվածքների տրամադրումը» եւ գ) «հանրապետության մարզերում ստեղծել հանրային հասանելիության ինտերնետային հանգույցներ եւ ինտերնետային ծառայությունները բնակչությանը լայն շրջանների համար մատչելի դարձնելու եւ ծառայություններից օգտվելու նպատակով կազմակերպել տեղեկատվական համակարգի հետ աշխատելու սկզբնական գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման դասընթացներ»։ Ահա այսքանը։ Ավելորդ է ասել, որ սա չափազանց քիչ է «առանցքային» փաստաթղթի համար, որտեղ անգամ չի նշմարվում ինտերնետի զարգացման քաղաքականության անհրաժեշտության գիտակցության որեւէ նշան՝ օրենսդրության եւ կարգավորման մեխանիզմների մշակման, բիզնեսի հետ արդյունավետ փոխհարաբերությունների վերբերյալ եւ այլն (այս մասին ավելի մանրամասն տես «Ինտերնետը Հայաստանում» հոդվածը այս նույն էջում)։

Ազատականացում եւ տեղեկատվական հասարակություն 

Վերջապես, անդրադառնանք փաստաթղթի «ռազմավարական» ձեւակերպումներից երկուսին։ Առաջինը կոչված է լինելու ոլորտի ազատականացման քաղաքականության ուղենիշը։ Ենթադրվում է «Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության շուկայի ազատականացման այնպիսի պայմանների ստեղծում, որոնք համահունչ են Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Եվրոպական Միության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից վարվող քաղաքականությանը հեռահաղորդակցության բնագավառում»: 

Սա չափազանց աղոտ, ոչինչ չասող եւ ոչինչ չպարտավորեցնող ձեւակերպում է։ Ասենք, հասկանալի չէ, թե բացի շարժական հեռախոսային կապի շուկայից, որի մասին խոսվում է փաստաթղթում, ուրիշ էլ ինչի է վերաբերելու ազատականացումը։ Հիշատակվող կազմակերպությունների կողմից վարվող քաղաքականությունից բացի կա նաեւ զարգացող երկրների փորձը, որտեղից Հայաստանը շատ դասեր կարող է քաղել հեռահաղորդակցության համակարգի ազատականացման հաջողությունների եւ անհաջողությունների վերաբերյալ։ Այսօր ակնհայտ են ապաշնորհ ձեւով իրականացված մասնավորեցման տխուր հետեւանքները, որ կառավարությունը ցանկանում է ամբողջովին բարդել ԱրմենՏելի վրա։ Նման մեկնակետով եւ այսպիսի «առանցքային փաստաթղթով» սկսվող ազատականացման հետեւանքները շատ ավելի տխուր կարող են լինել։ 

Ռազմավարական երկրորդ ուղենիշը ազդարարում է հետեւյալը. «Տեղեկատվական հասարակության կառուցում` այդ գործընթացում առաջնորդվելով Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի ժնեւյան փուլում ընդունված Տեղեկատվական հասարակության սկզբունքների մասին հռչակագրում եւ դրանից բխող Գործողությունների ծրագրում ամրագրված դրույթներով»: 

Այստեղ նույնպես ոչ մի որոշակիություն չկա։ Ժնեւյան գագաթաժողովի փաստաթղթերը անմիջական հիմք չեն կարող դառնալ որեւէ երկրում տեղեկատվական հասարակություն կառուցելու համար, ինչպես գուցե միամտորեն կարծում են այս փաստաթղթի հեղինակները։ Դրանք ոչ թե փոխարինում են ազգային ռազմավարությանը, այլ ընդհակառակը՝ ենթադրում են համապատասխան ռազմավարության եւ քաղաքականությունների մշակում (տե՛ս Ժնեւի գագաթաժողովի մասին հոդվածը այս նույն էջում)։ Մինչդեռ Հայաստանում, ինչպես երեւում է, ոչ մեկն իրեն նման գլխացավանք չի ուզում պատճառել։ Իսկ ավելի ճիշտ՝ պարզապես չկան այդպիսի փորձագիտական կարողություններ։ Հայեցակարգեր մշակելն այնքան էլ պարզ գործ չէ, որքան գուցե թվում է որոշ պաշտոնյաների։ Եւ քանի դեռ չկա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ասպարեզում քաղաքականություններ մշակելու եւ պլանավորման անհրաժեշտության պատշաճ գիտակցություն, նոր անհաջողություններն ու ձախողումները երաշխավորված են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter