Մարզերում կոյուղաջրերը թափվում են գետերն ու ջրամբարները
Հայաստանում կոյուղաջրերի մաքրման հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Հատկապես մարզերում չկան մաքրման կայաններ և կեղտաջրերը, առանց որևէ ներգործության, թափվում են գետերի, լճերի ու ջրամբարների մեջ: Այդ ջրով ոռոգվում են մշակովի հողատարածքները, ինչը կարող է համաճարակի պատճառ դառնալ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016թ.-ին կոյուղի բաց է թողնվել 102,8 մլն խոր. մետր կեղտաջուր, որից մաքրվել է ընդամենը 63,1 մլն խորանարդ մետրը:
Մարզպետարանները ևս բարձրաձայնում են ահագնացող վտանգի մասին: Վերջիններիս 2017-2025թթ. ռազմավարական ծրագրերում տեղ է գտել մաքրման կայանների կառուցման, եղածները վերանորոգելու և շահագործելու հարցը:
Արմավիրի մարզ
Արմավիրի մարզի 3 քաղաքները՝ Էջմիածին, Արմավիր և Մեծամոր, ինչպես նաև գյուղական բնակավայրերից 12-ն ունեն կոյուղու ցանցեր, սակայն դրանք միացված չեն կոյուղու մաքրման գործող կայաններին: Մարզի քաղաքների և առանձին գյուղական բնակավայրերի համար հիմնախնդիր է դարձել կոյուղու ցանցի քայքայված վիճակը, որը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության համար: Մարզպետարանի փոխանցմամբ՝ մարզի ջրային ռեսուրսների, ոռոգման ջրատարների և գետերի աղտոտվածության հիմնական աղբյուրը տարեցտարի ավելացող կենցաղային կեղտաջրերն են:
Մարզում կոյուղաջրերը չեն վարակազերծվում: Չի գործում 80-ական թվականներին կառուցված Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայանը, որտեղ նախագծով նախատեսված էր մաքրել և վարակազերծել Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը: Կայանը չշահագործվելու պատճառով Արմավիրի կոյուղաջրերը Մեծամորի մաքրման կայանի տարածքում առանց մաքրման և վարակազերծման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքներն ու բաց ջրամբարները` ստեղծելով վարակիչ հիվանդությունների տարածման մեծ վտանգ: Մարզի բժշկական հաստատությունները ևս չունեն կոյուղաջրերի մաքրման և վարակազերծման սարքավորումներ:
«Հետք»-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր Մեծամորի մաքրման կայանի չգործելու ու հարակից տարածքներում ապրող գյուղացիների դժգոհություններին: Ի դեպ, տարիներ առաջ Զարթոնք համայնքում աղիքային վարակիչ հիվանդություն էր տարածվել հենց չվարակազերծված կոյուղաջրերի պատճառով: Գյուղացիներն իրենց հողամասերը ոռոգում են չվարակազերծված կոյուղաջրերով:
Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացրել էին` Գերմանական զարգացման բանկի (KFW), ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով Մեծամորի նոր մաքրման կայանի կառուցման համար նախատեսվել է 5,9 մլն եվրո: Թե երբ վերջապես կգործի կայանը՝ առայժմ պարզ չէ:
2016թ. Արմավիրի մարզից կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմել է 3202.6 հազար խորանարդ մետր, որից ոչ մի խորանարդ մետր ջուր չի մաքրվել և նույն ծավալի կեղտաջուր բաց է թողնվել բնություն:
Արագածոտնի մարզ
Մարզերի բոլոր քաղաքները՝ Աշտարակ, Ապարան, Թալին, ունեն կոյուղու համակարգ: Սակայն, մարզի կոյուղու համակարգերը միացված չեն գործող մաքրման կայաններին: Դրանք առանց մաքրման, թափվում են բնություն: Իսկ մարզում կոյուղաջրերի մաքրման կայաններ չկան, և առաջնային հարց է դարձել դրանց կառուցումը:
Արարատի մարզ
Մարզի քաղաքների և առանձին գյուղական բնակավայրերի համար հիմնախնդիր է դարձել կոյուղու ցանցի քայքայված վիճակը, որը վտանգավոր է շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության համար: Ըստ մարզպետարանի՝ մարզի ջրային ռեսուրսների, ոռոգման ջրատարների և գետերի աղտոտվածության հիմնական պատճառը տարեցտարի ավելացող կենցաղային կեղտաջրերն են: Առաջնահերթ լուծման հարց է կոյուղաջրերի մաքրումը:
Արարատի մարզի 4 քաղաքներում՝ Արտաշատ, Արարատ, Մասիս և Վեդի, չեն գործում 80-ական թվականներին կառուցված կոյուղաջրերի մաքրման կայանները, որոնք չգործարկվելու պատճառով ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Քաղաքներում մաքրման կայանների բացակայության պատճառով կոյուղաջրերն առանց մաքրման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքներն ու բաց ջրամբարները: Մարզի բժշկական, արտադրական, սպասարկման ոլորտի և այլ համապատասխան կազմակերպությունները նույնպես չունեն կոյուղաջրերի մաքրման կայաններ:
Գեղարքունիքի մարզ
Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Գեղարքունիքի մարզը: Մինչև 2011թ. մարզի քաղաքային համայնքների կեղտաջրերն անարգել լցվում էին Սևանա լիճ: 2011թ-ից մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցվեցին կեղտաջրերի մաքրման կայաններ, որի շնորհիվ մասամբ լուծվեց կեղտաջրերի մաքրման հարցը Գավառ քաղաքում 36%-ով, Մարտունի քաղաքում 47%-ով, Վարդենիս քաղաքում 41%-ով:
Մարզպետարանից փոխանցեցին, որ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով Սևան քաղաքում նախատեսվում է մինչև 2019թ. կառուցել կեղտաջրերի մաքրման նոր կայան, որի արժեքը կազմում է 3.87 մլն եվրո:
Մարզի բնակչության շուրջ 40%-ը չի օգտվում կեղտաջրերի մաքրման կայաններից և կեղտաջրերը լցվում են հատուկ այդ նպատակով փորված կեղտաջրերի հորատանցքեր:
Լոռու մարզ
Լոռու մարզի բոլոր՝ Ալավերդի, Ախթալա, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Շամլուղ քաղաքներն ունեն կոյուղու համակարգ: Մարզպետարանի տվյալներով՝ մասնակի մաքրում իրականացվում է միայն Վանաձոր քաղաքում, որը սպասարկում է մարզի բնակչության 36%-ին, մնացած քաղաքների կոյուղին միացված է հոսող գետերին: Այլ կերպ ասած՝ կեղտաջրերը բաց են թողնում բնություն:
Սակայն, ԱՎԾ-ի տվյալներով, 2016թ. Լոռու մարզում կեղտաջրերը չեն մաքրվել:
Մարզպետարանի տվյալներով՝ Վանաձոր քաղաքի կենսաբանական կեղտաջրերի մաքրման կայանը գործում է 30% հզորությամբ, որն իրականացնում է կոյուղաջրերի մեխանիկական մաքրում: Անհրաժեշտ է Վանաձոր քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայանի վերանորոգումը, որպեսզի, բացի մեխանիկական մաքրումից, կատարվի նաև քիմիական և կենսաբանական մաքրում:
Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցումը ևս անհրաժեշտություն է: ՀՀ Լոռու մարզում Հայ-Գերմանական համագործակցության շրջանակներում, KFW բանկի ֆինանսավորմամբ, իրականացվում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներ:
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզի միայն 29 համայնքներում գոյություն ունեն կոյուղու հեռացման գործող համակարգեր: Այդ համակարգերը սպասարկում են մարզի բնակչության 53%-ին: Ներկայումս մարզի կոյուղու համակարգ ունեցող բոլոր բնակավայրերի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում և միացված են հոսող գետերին, ջրամբարներին:
Գետեր, ջրամբարներ թափվող կոյուղաջրերը մեծ սպառնալիք են բնության և մարդկանց համար: Մեծ է հավանականությունը, որ հատկապես ամառվա ամիսներին գլուխ բարձրացնեն վարակիչ հիվանդությունները:
Մարզպետարանի տվյալներով՝ Հրազդանի տարածաշրջանում առկա է կեղտաջրերի մաքրման չգործող կայան, որը մինչև 1992թ-ը իրականացրել է Ծաղկաձորի, Հանքավանի և Հրազդանի կոյուղաջրերի կենսաբանական մաքրում:
Ըստ ԱՎԾ-ի, միայն 2016թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմում է 6 430.9 հազ. խորանարդ մետր: Ընդ որում, այս ցուցանիշը մարզերից ամենաբարձրն է:
Շիրակի մարզ
Մարզի կեղտաջրերի կառավարման ենթակառուցվածքները գտնվում են անբավարար վիճակում: Մարզպետարանի փոխանցմամբ, կոյուղու համակարգ ունեն 8 բնակավայրեր՝ Գյումրի, Ախուրյան, Արթիկ, Մարալիկ, Հովունի, Երազգավորս, Ամասիա և Գոգհովիտ: 7 բնակավայր կոյուղու համակարգերով ապահովված է մասամբ:
Մասնավորապես՝ Կապս համայնքը 30%-ով, Հայկավանը՝ 10%, Մայիսյանը՝ 50%, Շիրակը՝ 30% և այլն: Մարզի մնացած համայնքները չունեն կոյուղու համակարգ: Ներկայումս չի գործում Գյումրու կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանը, որի հետևանքով բոլոր կոյուղագծերը միացված են հոսող գետերին:
Վայոց ձորի մարզ
Մարզպետարանը որպես մարզի թույլ կողմերից մեկը նշում է կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությունը: Բացառություն է կազմում Ջերմուկ քաղաքը, մնացած բնակավայրերի կոյուղին միացված է հոսող գետերին: Սակայն, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2016թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմել է 902.1 հազ. խորանարդ մետր: Նույնքան ջուր հեռացվել է` առանց մաքրման:
Մարզպետարանի տվյալներով արտանետվող կեղտաջրերի մակարդակը 2011-2015թթ. ավելացել է 2 անգամ: Մարզում աղտոտված և ոչ բավարար մաքրված կեղտաջրերը մեծ տեսակարար կշիռ ունեն և կարևոր նշանակություն ունեն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը:
Սյունիքի մարզ
Կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությունն ու կոյուղաջրերով շրջակա միջավայրի աղտոտումը Սյունիքում նույնպես սովորական երևույթ է դարձել:
Մարզի բոլոր քաղաքները՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս, Սիսիան, ունեն կոյուղու համակարգ, սակայն մաքրում իրականացվում է միայն Քաջարան քաղաքում, որը սպասարկում է մարզի բնակչության 5%-ին: Մնացած քաղաքների կոյուղին միացված է հոսող գետերին, լցվում է մոտակա ձորերը կամ այլ կերպ է աղտոտում շրջակա միջավայրը:
Տավուշի մարզ
Մարզի 28 բնակավայրերում գոյություն ունեն կոյուղու գործող համակարգեր, որոնք սպասարկում են մարզի բնակչության 76,2%-ին: Միայն Դիլիջան քաղաքի կոյուղու համակարգը 2015 թվականից միացված է գործող կոյուղու մաքրման կայանին, որը սպասարկում է մարզի բնակչության 13,4%-ին, մնացած 27 բնակավայրերի կոյուղին միացված է հոսող գետերին:
ԱՎԾ-ի տվյալները ևս չեն համընկնում մարզպետարանի տվյալների հետ: Ըստ վիճակագրական ծառայության, 2016թ.-ին Տավուշի մարզում կոյուղի է բաց թողնվել 1562.0 հազ. խմ կեղտաջուր և նույնքան կեղտաջուր էլ բաց է թողնվել առանց մաքրման:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել