HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական առեւտրի հայկական շուկան-2

Ռոմանտիկ, թե՞ շահավետ փոխհարաբերություններ 

Մարմնավաճառ Զառայի հետ մոտենում ենք իր ընկերուհիներին։ Նա ինձ ներկայացնում է որպես իր ծանոթ հոգեբան։ Կանանցից մեկը, մինչեւ հերթական հաճախորդին մոտենալը, հասցնում է ինձ հետ պայմանավորվել առանձին հանդիպման մասին։ Հանդիպում ենք հաջորդ օրը Երեւանի քիչ հայտնի, աչքից հեռու գտնվող սրճարաններից մեկում։ Կնոջ անունը Մառա է (անունը փոխված է)։ Ես Մառային ասում եմ, որ իրականում լրագրող եմ։ Կինը չի զարմանում, հրաժարվում է խոսել մասնագիտական հարցերի մասին, սակայն պատմում է իր մի մեծ խնդրի մասին։ Մառային անհանգստացնում է իր սիրած տղամարդու հետ բարդացող հարաբերությունները. 37-ամյա Մառան ապրում է 25-ամյա մի տղամարդու (ինչպես ինքն է ասում՝ ընկերոջ) հետ։ Տղամարդու համար Մառայի` իր փաստացի կնոջ զբաղմունքը գաղտնիք չէ։ Սակայն, նա որոշել է թողնել Մառային, ամուսնանալ եւ գնալ գյուղ՝ հոր եւ մոր մոտ։ Կինը խորհուրդ է հարցնում՝ բաց թողնել տղամարդուն, թե՞ խոչընդոտներ ստեղծել։ 

Երեւանի մարմնավաճառներից շատերը փաստացի ամուսնացած են։ Հաճախ տղամարդիկ են նրանց ուղեկցում փողոց եւ մի փոքր հեռու, մեքենայի մեջ սպասում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու համար։ Սիրած տղամարդու գոյությունը մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը օգնում է ավելի հեշտ ապրել։ Մառան գիտի, որ տղամարդը իրեն իրականում չի սիրում եւ իր հաշվին է ապրում։ Նա ասում է, որ շարունակում է պահպանել կապը, քանի որ ուզում է սիրված լինել։ Փողոցում մեր հաջորդ հանդիպմանը Մառայի աչքերը փայլում են։ Նրա «բոյֆրենդը» հրաժարվել է ամուսնանալու մտքից եւ մնում է Երեւանում։ 

Ով ում է վճարում 

Փողոցներում կնքվող սեռական գործարքների իրականացման հիմնական վայրը փոքր հյուրանոցներն ու սաունաներն են։ Հարմարավետ պայմաներում ցանկալի ծառայության համար հաճախորդը վճարում է և կնոջը, և սաունայի, կամ հյուրանոցի տիրոջը։ Մարմնավաճառ կանանց եւ սաունայատերերի միջեւ բանավոր համաձայնություն է գործում՝ եթե հաճախորդը փորձում է բռնություն գործադրել կամ ծեծելով փողը հետ վերցնել՝ միջամտում են հաստատության աշխատակիցները։ Փողոցներում սեռական գործարքները կնքվում են առանց միջնորդների։ Իմ զրուցակից մարմնավաճառները ասում են, որ իրենցից ոչ ոք փող չի ուզում։ Մարմնավաճառների հետ աշխատանքի բազմամյա փորձ ունեցող «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը հաստատում է կանանց խոսքը.«Նրանք ինքնուրույն աշխատողներ են։ Իրենք իրենց գլխի տերն են։ Տպավորություն կա, որ կարգավորող, դասավորող կամ հետեւող ուժ չկա փողոցային մարմնավաճառությանը»։ 

2003թ.-ի ընթացքում ոստիկանության կողմից կավատության հատկանիշներով հարուցվել է 19 քրեական գործ։ Ավագ օպեր լիազոր Տիգրան Պետրոսյանը ուրախ է, որ Հայաստանում փողոցային մարմնավաճառներին շահագործող կավատների ցանց չկա. « Չկա կազմակերպիչ, որը հավաքում է մարմնավաճառներին, նրանց վաստակած գումարի մի մասը վերցնում է։ Այդպիսի բաներ չկան Հայաստանում »։

Ռուսական աշխատուժը հայկական շուկայում 

2003 թվականի աշնանը գիշերային Երեւանի սեռական շուկան համալրվեց բարձրակարգ աշխատողներով։ Ուզբեկստանից ժամանած հայ կավատների խումբը ստեղծել էր ռուս աղջիկների ցանց, ուր աշխատում էին այսպես կոչված էլիտար մարմնավաճառներ։ Կավատների խումբը ղեկավարում էր Անուշ անունով մեկը։ Նրան օգնում էին փոքր եղբայրը եւ մեկ ուրիշ կին։ Նրանք Երեւան են բերել 8 ռուս կին, որոնցից մեկը՝ Օքսանան, պատմում է, որ իրենց ապագա հաճախորդների հետ սկսել են ծանոթանալ ռեստորաններում եւ դիսկոտեկներում.«Մենք ծանոթանում էինք մարդկանց հետ, բայց նրանց հետ միանգամից չէինք գնում։ Կորդինատներ էինք թողնում եւ նրանք զանգում էին։ Անուշը պարզում էր, թե ովքեր են նրանք, փող ունեն, թե չէ եւ նոր միայն մենք գնում էինք նրանց մոտ»։ Օքսանան պատմում է, որ Ուզբեկստանում ինքը կյանքը շարունակելու երեք ճանապարհ է ունեցել՝ հայտնվել փողոցում, մարմնավաճառությամբ զբաղվել Դուբայում եւ գալ Հայաստան։ Նա ընտրել է Երեւանը։ 

Այստեղ ապրել են Պուշկինի փողոցում գտնվող բնակարանում։ Հաճախորդների հետ հանդիպումներից հետո ամբողջ գումարը տվել են գլխավոր կավատին՝ Անուշին։ Պայմանավորվածության համաձայն, Օքսանան Անուշին պետք է վճարեր 2 հազար ԱՄՆ դոլար՝ Երեւանում աշխատելու հնարավորություն ստանալու, եւ 500 դոլար՝ ճանապարհածախսի համար։ Դրանից հետո ստացված եկամուտը պետք է կիսվեր 50/50 սկզբունքով։ Բայց Օքսանայի պարտքն, օրինակ, բիզնեսի սկզբում եղել է 2.5 հազար դոլար, վերջում դարձել է 7.800 դոլար։ Կավատները աղջիկներին ստիպել են գնել թանկարժեք հագուստներ եւ նրանց պարտքն անընդհատ աճել է։ Հետագայում պարզվել է, որ բարձարակարգ մարմնավաճառների գնած իրերը կարելի է գտնել Երեւանի ցանկացած տոնավաճառում։

«Իմ կրկնամուշտակը, Անուշի ասելով, ամենաթանկերից մեկն էր եւ արժեր 3000 դոլար եւ բեւեռաղվեսի մորթուց էր։ Իսկ իրականում այդ կրկնամուշտակի գինը 970 դոլար էր, այսինքն երեք անգամ ավելի թանկ էր եւ մորթին էլ այծի էր»,- հիմա քմծիծաղով հիշում է Օքսանան։ Ռուս կանայք օրական սպասարկել են տասնյակ հաճախորդների։ Դրանք հասարակ քաղաքացիներ չեն եղել։ Ծառայության համար յուրաքանչյուր հաճախորդ վճարել է 50-ից 200 դոլար։ Կանայք հայկական հեռուստատեսությամբ, նորությունների տեսաշարերում հաճախ են տեսնում իրենց նախկին հաճախորդներին։ Օքսանան եւ նրա բախտակիցներից մեկը՝ Նադյան, համոզված են, որ իրենց հաճախորդները Երեւանի բարձր խավից են եղել՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նադյան, ասում է, որ ոստիկանների կողմից բացահայտվելուց հետո իրենց նախկին հաճախորդների համար բարդություններ են ստեղծվել։ 

Կավատները կարողացել են վեց ամիս առանց խնդիրի աշխատեցնել իրենց ցանցը։ «Փաստ է, որ մենք այսքան ամիս ապրում էինք Երեւանում, ամեն օր հաճախորդների մոտ էինք գնում եւ իրավապահների հետ խնդիր չունեինք, բայց ինչու՝ չգիտեմ… կազմակերպված մեծ խումբ էր եւ հնարավոր չէր չնկատել»,-ասում է Օքսանան։ Աղջիկները պատմում են, որ Անուշը պարծեցել է Երեւանում իր կապերով։ Ասել է, որ ինքն այստեղ խնդիրներ չունի եւ կոչնչացնի մարմնավաճառ կանանց, եթե նրանք փորձեն գաղտնի փող հավաքել եւ փախչել։ Սակայն հունվարին ոստիկանությունը ձերբակալել է կավատներին։ Ռուս կանանց խումբը հետ է ուղարկվել Ուզբեկստան։ 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter