HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պորտալները բիզնեսի աջակցության կարիքն ունեն

Հարցազրույց «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Գալստյանի հետ

Ե՞րբ է ստեղծվել ձեր պորտալը եւ ի՞նչ փոփոխություններ է կրել ստեղծման օրից ի վեր: 

Էլեկտրոնային Հայաստանի հիմնական ծրագրերից մեկը «Հայաստանի զարգացման ուղեցույցն» է, որի մի մասն էլ Հայաստանի զարգացման ուղեցույց պորտալն է կամ, ինչպես բոլորին հայտնի է, GatewayArmenia-ն: Աշխատանքները սկսել ենք 2000թ.-ից, եւ ինտերնետում gateway-ը արդեն ներկայանում է իր հինգերորդ տեսքով։ Այդ ժամանակահատվածում կատարվել են շատ փոփոխություններ: Զուգահեռ, բացի բովանդակային ու նպատակային փոփոխություններից, փորձարկվել են նաեւ նոր տեխնոլոգիաներ, նոր ծրագրային պլատֆորմներ նյութերի համար, փոխվել են նաեւ որոշակի ուղղվածություններ: Եթե 2000թ.-ին մեր պորտալի հիմնական նպատակն էր ներդրումների խթանումը եւ հիմնական տեղեկատվական շուկայում հայաստանյան ներդրումային օրենսդրության, հարկային խնդիրների, ներդրումային հնարավորությունների ներկայացումը, ապա հետագայում մեր պորտալի հիմնական նպատակը դարձավ տեղեկատվական հասարակության ձեւավորումը, եւ մեզ մոտ ստեղծվեցին պայմանականորեն ասած հինգ տեղեկատվական համայնքներ, որոնք ներկայացնում են պետությունը, հասարակությունը, մասնավոր սեկտորը, միջազգային կազմակերպությունները եւ հայկական վեբը: Պորտալի ներկայիս նոր տարբերակի նպատակն է էլեկտրոնային զարգացումը, տեղեկատվական հասարակության ձեւավորումն ու գիտելիքի վրա հիմնված տնտեսության խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածումը:

Պորտալն ունի մի քանի ուղղություն: Առաջինը միջազգային փորձի տեղայնացումն է։ Այսինքն՝ բացի տեղեկատվությունից, փորձում ենք ներկայացնել նաեւ այն ծրագրերը կամ նախաձեռնությունները, որ Հայաստանում կան եւ, ինչու չէ, նաեւ մենք ենք հանդես գալիս որպես նախաձեռնողներ։ Իրականացնում ենք մի շարք գործունեություններ նաեւ պորտալից դուրս. հատկապես վերջին տարիներին դրանք վերաբերում են Հայաստանի թվանշային պատրաստվածության ուսումնասիրություններին, Հայաստանի էլեկտրոնային կառավարման խնդիրներին, Ինտերնետին, տեղեկատվություն սպառողների կարիքներին։ Այսինքն՝ մեր ռեսուրսը միշտ հիմնված է եղել որոշակի ուսումնասիրությունների վրա, եւ մենք փորձում ենք հասկանալ, թե տեղեկատվական դաշտում գործող թե' պետական, թե' հասարակական, թե' միջազգային ոլորտի համայնքներն ինչ կարիքներ ունեն եւ ինչ տեղեկատվություն են բերում: Ստացվում է, որ մեզ մոտ ոչ միայն տեղեկատվություն են սպառում, այլեւ իրենք՝ սպառողներն են տեղեկատվություն բերում։ Մենք խնդիր ենք դրել նաեւ տեղեկացնել, թե ինչ մեծ միջոցառումներ կան ամբողջ աշխարհում, ինչ համաժողովներ են ընթանում: Մեր պորտալը շատ լայն տեղեկատվական դաշտ ունի: 

Արդյոք իմաստ ունի՞ Հայաստանում գործածել պորտալ հասկացությունը, եթե այն համեմատենք մեծ պորտալների հետ: 

Դե իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ պետք է տեսնել, բայց համեմատել հայաստանյան պորտալներն, ասենք, yahoo-ի հետ, նույնն է, թե համեմատել Հայաստանի բյուջեն միջազգային որեւէ կորպորացիայի բյուջեի հետ: Եթե դիտարկենք ռուսական rambler կամ yandex պորտալները եւ տեսնենք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել բիզնեսի կողմից դրանց վրա, ապա կտեսնենք, որ դժվար է համեմատություն կատարելը: Հայաստանում գործող պորտալներն իրականում ունեն պորտալին բնորոշ հատկություններ: Դրանք առաջին հերթին փնտրման համակարգերն են, որ գործում են պորտալների ներքո, երկրորդը տեղեկատվական ռեսուրսների կենտրոնացումն է մի տանիքի տակ: Բայց պորտալ կարող է կոչվել նաեւ միայն փնտրող համակարգը առանձին, որն ունի, ասենք, 1000 վեբ ռեսուրս:

Պորտալի հիմնական ֆունկցիաներից մեկը կարելի է համարել այն, որ պորտալը պետք է միշտ լրացնի տեղեկատվական այն բլոկները, որ նա ներկայացնում է դրսի եւ ներսի ալտերնատիվ այլ ռեսուրսներով: Ցանկացած պորտալ հնարավորություն չունի ամբողջ տեղեկատվական դաշտը փակելու։ Դա ֆիզիկապես ու տեխնիկապես անհնար ու անիրականանալի է։ Այդ պատճառով այն պետք է աշխատի համագործակցել տեղեկատվական հաստատությունների հետ: Այսինքն՝ եթե դու այս կամ այն ոլորտի մասնագետը չես, ապա պետք է կարողանաս այդ ոլորտների մասնագետներին ներգրավել, որոնք էլ իրենց տեղեկատվությունը կտեղադրեն պորտալում:

Հայաստանում, իհարկե, փորձեր արվում են, որպեսզի ունենանք նորմալ պորտալներ, բայց տեղական շուկայում նման խնդիր լուծելու համար բավական մեծ ֆինանսներ են անհրաժեշտ։ Եթե նայեք հայկական վեբ էջերը, որոնք մոտ 3500 հատ են, կտեսնեք, որ դրանց մեծամասնությունը ստատիկ էջեր են, չեն ենթարկվում փոփոխությունների կամ շատ հազվադեպ են ենթարկվում։ Իսկ քիչ թե շատ նորմալ, հաճախակի թարմացվող հայաստանյան էջերի թիվը, իմ անձնական կարծիքով, կազմում է մոտ 100-150: Դա կապված է բիզնեսի հետ, իսկ եթե բիզնեսը շահագրգռված չէ ներդրումներ կատարել այս դաշտում, այս վիճակը դեռ կշարունակվի:

Տեսակետ կա, թե պորտալը պետք է ունենա կոմերցիալ բնույթ։ Կարելի՞ է նույնը ասել հայաստանյան պորտալների մասին:

Նախ պետք է ասեմ, որ պորտալները ոչ միշտ են կոմերցիոն բնույթ կրում, օրինակ՝ կառավարության պորտալները չեն կարող կոմերցիոն լինել։ Կան նաեւ կոմերցիոն պորտալներ։ Դրանք հիմնականում վերաբերում են պետական գնումներին, պետական տենդերներին։ Հայաստանում դրանց թիվը շատ սահմանափակ է։ Ենթադրենք պետական գնումների գործակալության ֆունկցիաների ինչ-որ մի մասը պետք է վիրտուալ լինի, այդ դեպքում նրանց պորտալը դառնում է կոմերցիոն:

Նախ՝ ի՞նչ ենք հասկանում կոմերցիոն բնույթ ունեցող պորտալ ասելով։ Իմ կարծիքով, կամ պորտալը պետք է կոմերցիոն գործառնություն ունենա կամ էլ պետք է որոշակի կոմերցիոն ծառայություններ տրամադրի։ Սա Հայաստանում այսօր այդքան էլ չի գործում, տեղադրված տեղեկատվության կամ գովազդի դիմաց ստացված գումարները նախ շատ չնչին են, եւ հետո միայն դա քիչ է, որ համարվի, թե Հայաստանն ունի էլեկտրոնային առեւտուր: Սա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Նախ՝ պետք է ասել, որ Հայաստանը չունի համապատասխան օրենսդրական դաշտ։ Օրինակ՝ չունենք էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային ստորագրության մասին օրենքներ։ Բայց եթե համարենք, որ այս օրենքները կարող են լինել, մենք ունենք այլ խնդիրներ եւս։ Առաջինը մեր մենթալիտետի խնդիրն է, ապա նաեւ՝ շուկան է շատ փոքր: Էլեկտրոնային կոմերցիան իրական շուկայի ինչ-որ մասերի արտապատկերումն է, ու այն խնդիրները, որ մենք ունենք շուկայում, կան նաեւ էլեկտրոնային առեւտրի մեջ: 

Ունե՞ք, արդյոք, ձեր պորտալի վերաբերյալ վերլուծություններ, հետազոտություններ կամ վիճակագրական տվյալներ: 

Կան, իհարկե, վիճակագրական որոշ տվյալներ, ուսումնասիրությունների մի քանի փուլ կարելի է նշել, որ մենք անցել ենք: Առաջինը տեղեկատվական կարիքների գնահատումն է։ Այսինքն՝ եթե դու ստեղծում ես ռեսուրս եւ փորձում որոշակի օգտագործողների խաղի կանոնները բավարարել, նախ պետք է հասկանաս քո նպատակները, հետո հասկանաս, թե ինչ կարիքներ ունեն նույն օգտագործողները։ Դա ամբողջ աշխարհում հիմնակում կատարվում է հետեւյալ կերպ. շարունակական փուլ, որ իրականացվում է օգտագործողների շրջանակում կատարվող հարցումների միջոցով ե՛ւ ռեսուրսի ստեղծման պահից սկսած, ե՛ւ հետագա ամիսների ու տարիների ընթացքում: Բայց քանի որ շուկան փոքր է եւ օգտագործողների քանակն էլ քիչ (դա կարող է լինել ուսանողությունը, որը վճարունակ չէ), հետեւաբար ինտերնետը կարելի է համարել էլիտար միջավայր: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա այս դեպքում էլ պետք է տարանջատել այցելուներին։ Մի դեպքում հաշվում են բոլոր այցելուներին, մյուս դեպքում՝ «մեկ մուտք» ունեցող այցելուներին եւ հատուկ այցելուներին, որոնք պարբերաբար այցելում են մեր պորտալը:

Մեկ օրվա կտրվածքով եթե նայենք, ապա միայն հատուկ այցելուների թիվը կազմել է 150: Իսկ եթե բոլորը միասին, ապա դարձյալ մեկ օրվա հաշվարկներով պորտալ այցելում է 750-1000 մարդ: Ունենք նաեւ այլ տիպի հետազոտություններ` կապված այլ երկրների հետ, թե օրական քանի այցելու ենք մենք ունենում այս կամ այլ երկրից: Մեր աշխարհագրությունը շատ լայն է՝ չնայած կապի որակի հետ բազմաթիվ պրոբլեմներ կան: Ինչեւէ, դրսից եւս շատ մուտքեր ունենք, մանավանդ՝ նախկին Սովետական Միության երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպական շատ երկրներից: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհագրական այլ դիրքերից մուտքեր համարյա թե չեն լինում: 

Ի՞նչ կարող եք ասել մրցակցության վերաբերյալ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են հայկական պորտալները: 

Մեր առջեւ դրված է զարգացման խնդիր, եւ մեր նպատակն է տեղեկատվություն բերել Հայաստան: Այսօր դրա հիմնական սպառողները տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող մարդիկ կամ կազմակերպություններն են, որոնք, բնականաբար, Հայաստանում շատ չեն: Կան որոշ բաժիններ մեր պորտալում, որոնց հետ կարելի է մրցակցության դուրս գալ, բայց քանի որ մեր եւ մյուս պորտալների խնդիրները տարբեր են, ապա մրցակցության մասին խոսել դեռ շատ շուտ է, մանավանդ՝ Հայաստանում ռեալ մրցակցություն գոյություն չունի: Ռեսուրսները շատ չեն, դրանք զարգացման խնդիրներ ունեն, լայնանալու կամ ավելի մեծ ֆորմատով հանդես գալու: 

Արդյոք հայկական պորտալները շահույթ հետապնդու՞մ են: 

Մենք փորձեցինք նման խնդիր լուծել։ Այն գումարները, որ հնարավոր է ունենալ պորտալի շնորհիվ, անգամ շատ լավ աշխատանքի դեպքում, չեն կարող բավարարել նույնիսկ մարկետոլոգին կամ այլ աշխատակցին տրվող գումարները վճարելու համար: Գովազդային շուկան կենտրոնացած է հեռուստատեսության վրա, եւ գովազդատուներին այնտեղից բերելը շատ դեպքերում ուղղակի անհնարին է, քանի որ Հայաստանում ինտերնետը ռադիոյի ու հեռուստատեսության գովազդի շուկայի համար դեռ ալտերնատիվ չի համարվում:

Ինտերնետում, իհարկե, ձեւավորվում է գովազդի շուկան, բայց վստահ եմ, որ ոչ մի ռեսուրս իր ծախսերի անգամ նվազագույն տոկոսը չի կարող փակել գովազդից ստացած եկամուտով: Մեզ մոտ առկա է նաեւ մեկ այլ խնդիր, որը շատ կարեւոր եմ համարում: Մեր նպատակներից է այն, որ եթե դրսից որեւէ օգտագործող մտնում է մեր պորտալ, ապա հնարավորություն ունենա տեղեկատվություն տեղադրելու, ինչը բավական բարդ է: Հայաստանում դա հնարավոր է, իսկ դրսի օգտագործողների համար կապի որակի պատճառով անհնար է դառնում: Դրա համար անհրաժեշտ է բաներներ տեղադրել նաեւ դրսում, որը շատ թանկ հաճույք է: Եվ այս պարագայում ընտրության առջեւ են կանգնում բոլոր պորտալները։ Պետք է որոշել, թե ում համար ես աշխատում: 

Համագործակցու՞մ եք մյուս պորտալների հետ: 

Համագործակցությունը կարող է լինել բաներների, որոշակի տեղեկատվության փոխանակման մակարդակում, որը Հայաստանում կա: Մենք այդպիսի օրինակ ունենք։ Siliconarmenia.am-ը մեր հորիզոնական պորտալն է, որի հետ մենք դիզայնի, տեխնիկական եւ այլ խնդիրներով հարմարվել ենք, եւ ռեսուրսների փոխանակություն է կատարվում: 

Եթե չհաշվենք Արմեն Տելի առաջացրած խնդիրները, ի՞նչ այլ խնդիրների եք հանդիպում: 

ԱրմենՏելն, իհարկե, այսօր ամենամեծ պրոբլեմն է մեր ոլորտի համար, բայց դրա չլինելու դեպքում կա հարատեւման խնդիր: Ասենք թե ստեղծվեց պորտալը, դա դեռ բավարար չէ, պետք է այն պահել: Ռեսուրսներն առանց բիզնեսի աջակցության չեն կարող երկար գոյատեւել: Կա նաեւ մասնագետների պակաս, քանի որ միայն ծրագրավորողներով չի վերջանում ռեսուրսի աշխատակազմը։ Հայերենի գրագիտությունն անգամ շատ կարեւոր է, քանի որ մեր պորտալների մեծ մասի լեզուն պարզապես հայերեն չի կարող համարվել։

Բացի այդ, հարկավոր են նկարիչներ, դիզայներներ, կոնստրուկտորներ, քանի որ պորտալ ստեղծելը ավելի մոտ է ճարտարապետությանը, քան ծրագրավորմանը: Այսօր Հայաստանում պորտալները ստեղծվում եւ աշխատում են ծրագրավորման մակարդակում, ոչ ավելին: Հայաստանում կա նաեւ մեկ լեզվով խոսելու խնդիր: Տերմինաբանության խնդիրը հեշտ չի կարող լուծվել: Օրինակ՝ եթե ես ասում եմ «առցանց» (online), շատերը չեն հասկանում, եւ հնարավոր է, որ Լեզվի տեսչության համար կամ որեւէ անձնավորության համար դա ընդունելի չլինի։ Այնպես որ, իրար հասկանալու խնդիր կա։ Հայաստանում անգլերենը դեռ գերակայում է եւ համարվում է բարձր տեխնոլոգիաների լեզու:

 Հարցազրույցը վարեց Մանե Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter