HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան

Մահաբեր գնդիկները շարունակում են պայթել

2004 թ. մայիսին՝ ռազմական գործողությունների ավարտից 10-ը տարի անց, 11-ամյա Ալբերտ Առուստամյանը Գիշի գյուղից ոչ հեռու մի մետաղյա գնդիկ գտավ: Ալբերտը եւ նրա քույրը՝ Ծովիկ Առուստամյանը, խաղում էին դրանով գյուղի հարակից տարածքում: Նրանք երկուսն էլ չէին հիշում պատերազմը. Ծովիկը ծնվել է 1995 թվականին, իսկ Ալբերտը մեկ տարեկան էր, երբ պատերազմն ավարտվեց: Ծովիկը վախեցավ չարաբաստիկ գնդիկից ու բղավեց, որ Ալբերտը շպրտի այդ մահացու խաղալիքը: Դժբախտաբար, երբ Ալբերտը շպրտեց ռումբը, այն կպավ քարին: Լսվեց պայթյունի ձայնը. 11-ամյա տղան մահացավ տեղում, իսկ քույրը ծանր վիրավորվեց: 

 Ի՞նչ խոսքեր կարող են սփոփել երեխաների հորը՝ Աշոտ Առուստամյանին, ով պատերազմից 10-ը տարի անց կորցրեց 11-ամյա որդուն: Պատերազմ, որում նա հաղթել է: Մարդը նման խոսքեր դեռ չի գտել: 

 Ի ուրախություն Ծովիկի, կողքով անցնող համագյուղացիները նրան հասցրին Մարտունու շրջանի զինվորական հիվանդանոց, որտեղ բժիշկ Գասպարյանն ու ամբողջ կոլեկտիվը անհապաղ վիրահատում կատարեցին: Կոմայի մեջ 5 օր անցկացնելուց հետո Ծովիկը գիտակցության եկավ: Երբ ես զրուցում էի Ծովիկի հարազատների հետ, նրանք համաձայնեցին հարցազրույց տալ միայն այն պայմանով, որ ես իրենց երախտագիտությունը հայտնեմ նրանց, ովքեր օգնել են Ծովիկին՝ Մարտունու հիվանդանոցի ղեկավար Ստեփանյանին, բժիշկ Գասպարյանին, ամբողջ կոլեկտիվին եւ այն մարդկանց, ովքեր արնաշաղախ ու անգիտակից երեխային հասցրել են Մարտունու հիվանդանոց: Հարազատները երախտապարտ են նաեւ Ռոջեր Հովհաննիսյանին (հայ բժշկին Կալիֆորնիայից), որն Ալեքսանդր Մալայանի հետ Երեւանում աչքի վիրաբուժության կենտրոնում վիրահատեց աղջկա աչքերը: 

Գրեթե յուրաքանչյուր ղարաբաղյան ընտանիք պատերազմի ժամանակ կորուստներ է ունեցել: Այդ ցավի հետ մարդիկ համակերպվել են, այդ կորուստների հետ մարդիկ հաշտվել են եւ այդ վշտով ապրելու են իրենց ամբողջ կյանքում: Բայց պատերազմը մինչ օրս շարունակում է իր արյունոտ պտուղները «մատուցել»: Երբ ադրբեջանական ինքնաթիռները կասետային ու գնդիկավոր ռումբեր էին նետում խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա, քչերը գիտեին, որ միջազգային հռչակագրերով արգելված այս զենքերը ռմբակոծություններից 10-ը տարի անց կգտնեն իրենց զոհերին: Այս ռումբերը պարունակում են թենիսի գնդակի չափ հարյուրավոր գնդիկներ, որոնք մինչ օրս առանց պայթելու ընկած են բնակավայրերի շրջակայքում: Չարամիտ հեգնանքով այդ գնդիկները շատ գրավիչ են երեխաների համար: Գտնելով դրանք՝ երեխաները չեն կարողանում խուսափել խաղալու գայթակղությունից: Թե ինչպիսի այլասերված ուղեղ է ստեղծել այս ռումբերը, հայտնի չէ: Հավանաբար, դրանով զբաղվել է մի ամբողջ կոլեկտիվ: Երեւի այդ կոլեկտիվը Պետական մրցանակ է ստացել հաջող զենք ստեղծելու համար... Ինչ-որ մեկը գուցե աշխատանքային հերոսի կոչում է ստացել...Ո՞վ գիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter