HY RU EN

Կրթության լրացուցիչ հնարավորություններ՝ զորացրվող երիտասարդների համար

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին բուհեր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո բուհ ընդունվել կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։

Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում և որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, ապա էապես կմեծանա բուհեր դիմած զորացրված երիտասարդների քանակը։

Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել բուհերին՝ իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի և այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հարցում։

Հանդիպման մասնակիցները ողջունել են Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ վստահեցնելով, որ գործուն քայլեր կձեռնարկեն դրա իրագործման ուղղությամբ։