HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում արձանագրվել է դեղնախտի 15 դեպք

Վանաձորում հունիսին արձանագրվեց դեղնախտի 15 դեպք: Դրանցից 10-ը Տարոն 2 թաղամասի բնակիչներ են: Բժիշկները փաստում են, որ այս հիվանդությունը սեզոնային բնույթ է կրում ու ամեն տարի նման բռնկումներ են լինում: Հիվանդությունն ակտիվանում է հիմնականում գարնանն ու աշնանը:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանն ասում է, որ տարվա այդ շրջանում օրգանիզմի դիմադրողականությունը, որպես կանոն, տարբեր հիվանդությունների նկատմամբ ընկնում է: Ըստ նրա՝ ամեն տարի այս ժամանակահատվածում հիվանդանոցում լինում են դեղնախտով հիվանդներ, որոնց թիվը գրեթե չի տարբերվում նախորդ տարիների ցուցանիշներից: Ռոբերտ Չիլինգարյանը նշում է, որ քաղաքի բոլոր թաղամասերում էլ արձանագրվում են դեղնախտի դեպքեր, եւ Տարոն թաղամասը բացառություն չի: 

«Հունիսին դեղնաղտով վարակված հիվանդների մեծ մասը մեր թաղամասից էին»-ասում է Տարոն թաղամասը սպասարկող Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրեն Զեմֆիրա Մարգարյանը: Անցյալ տարիներին, ըստ բժշկուհու, դեղնախտի դեպքեր քիչ են արձանագրվել: 

Վիրուսային հեպատիտով վարակվել են հիմնականում դպրոցահասակ երեխաները: Ծնողները կասկածում են, որ վարակի տարածման պատճառը խմելու ջուրն է: Վանաձորում անձրեւներից հետո բնակարաններում ծորակներից հոսող ջուրը դեղին գույն է ստանում: 

«Հիվանդ երեխաները բոլորն իրարից հեռու են եղել, շփում չկար: Սա էր կասկածելին, որ իրար հետ կապ չունեցող երեխաները հիվանդացել են»,-ասում է երեքամյա Վալերիա Դարբինյանի մայրը՝ Անահիտ Թումասյանը: Միակ պատճառը նա համարում է խմելու ջուրը, որի որակից Տարոն 2 թաղամասի բնակիչները դժգոհում են: 

«æուրը չենք կարողանում առանց եռացնելու օգտագործել»,-բողոքեց Տարոն 2 թաղամասի բնակչուհի Լաուրա Եղիկյանը: Նրա 16-ամյա որդին՝ Վահե Աղաջանյանը եւս վիրուսային հեպատիտ ախտանիշով տարվել էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: 

Հիվանդների վիճակը հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը ներկայումս գնահատում է բավարար. «Հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է միջին ծանրությամբ, միայն մեկ հիվանդի մոտ են բարդացումներ եղել»,-հայտնեց Ռ. Չիլինգարյանը: Նույն թաղամասում հիվանդության բռնկումը բժիշկը պատահական չի համարում: Գտնում է, որ թաղամասում որոշակի խնդիրներ կան, ջրից վարակվելու հավանականությունն էլ բացառված տարբերակ չէ: 

ՀՀ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու տեսչությունում տարբեր ուղղություններով հետազոտություն անցկացնելով եւ համաճարակաբանական ֆոնը գնահատելով արձանագրել է, որ համաճարակի վտանգ չկա: Տեսչությունը խմելու ջուրը ենթարկել է հետազոտության եւ որեւէ շեղում չի հայտնաբերել: Ըստ տեսչության պետ Կարինե Միրզոյանի՝ եթե պատճառը խմելու ջուրը լիներ, ապա դեղնախտի բռնկումից մեկ ամիս առաջ աղիքային խանգարումներով հիվանդներ պետք է լինեին, ինչը, սակայն, չի արձանագրվել: 

Վանաձորի ջրմուղի տնօրեն Էդուարդ Վահանյանը բացառում է դեղնախտի առաջացման պատճառը խմելու ջրից, քանի որ «ջուրն ակունքներից է գալիս եւ խմելու համար պիտանի է»: 

Սննդի հետազոտությունները եւս կոնկրետ եզրակացությունների չեն հանգեցրել: Տեսչության պետ Կ. Միրզոյանը վարակի տարածման հնարավոր գործոն համարում է շփումը, «որովհետեւ կային եւ՛ հարեւաններ, եւ՛ եղբայրներ, եւ՛ միմյանց հետ շփվող տարբեր ընտանիքների երեխաներ, եւ թիվ 30 դպրոցից աշակերտներ»: 

«Մեր կենցաղային, սոցիալական, սանիտարական պայմաններն այնպիսին են, որ այսպես, թե այնպես, նորից ունենալու ենք բռնկումներ»,-իր մտահոգությունն է հայտնում ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանը: Վանաձորի համաբուժարանները ներկայումս աշխատանքներ են տանում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ, քանի որ վիրուսային հեպատիտի գաղտնի շրջանը տեւում է 21 օր եւ նոր հիվանդների հայտնաբերումը չի բացառվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter