Վանաձորում գրանցվել է գնացքի տակ ընկնելու երկրորդ դեպքը՝ վերջին մեկ ամսում
Գայանե Սարգսյան
Այսօր Վանաձորում գրանցվել է քաղաքացու կողմից գնացքի տակ ընկնելու հերթական դեպքը: Դեպքի մասին ահազանգն արտակարգ իրավիճակների Լոռու մարզային փրկարարական վարչությունում ստացվել է րոպեներ առաջ:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները, Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները: Այժմ դեպքի վայրում իրականացվում են համապատասխան օպերատիվ քննչական գործություններ:
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռևս պարզ չէ: Պարզ է միայն, որ գնացքի անիվների տակ հայտնված քաղաքացին միջին տարիքի տղամարդ է: Վերջինս անմիջապես մահացել է:
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Վանաձորում գնացքի տակ ընկնելու երկրորդ դեպքն է: Նախորդ դեպքը գրանցվել էր նոյեմբերի 23-ին: Այն ժամանակ գնացքի տակ ընկած երիտասարդը հրաշքով փրկվել էր:
«Որ գնացքն անցնի մարդու վրայով ու նա ողջ մնա, դա հրաշք է»,- նոյեմբերի 23-ին տրված հարցազրույցի ժամանակ ասել էր «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանն ու հորդորել բնակիներին զերծ մնալ երկաթգծերի վրայով անցնելու վատ սովորությունից:
Նոյեմբերի 23-ին գրանցված դեպքի առիթով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցված է քրեական գործ:
Թարմացում
Քիչ առաջ պարզ դարձավ, որ գնացքի տակ ընկածը Վանաձորի Տավրոս թաղամասի բնակիչ, 50-ամյա Սամվել Գևորգյանն է: Վերջինս լսողական խնդիրներ ուներ, երկրորդ կարգի հաշմանդամ էր:
Պարզվել է, որ 1900 տոննա բենզին տեղափոխող թիվ 3401 բեռնատար գնացքը 60 կմ/ժ արագությամբ անցնելիս է եղել ու շրջադարձի պատճառով գնացքավարը չի նկատել, որ երկաթգծի ռելսերի վրա մարդ կա:
Դեպքի մասին ահազանգել են հարակից տարածքի երեխաները, ովքեր բլրի վրա գտնվելով՝ ակամայից դարձել են դեպքի ականատես:
«Դեպքը եղել է Ղշլաղ գյուղի մոտակայքում, որտեղ շրջադարձ է ու տեսադաշտ բոլորովին չկա: Գնացքավարը չի տեսել, որ մարդ կա գծերի մեջ: Իրեն 40 րոպե հետո են միայն հաղորդել, որ մարդ է գցել գնացքի տակ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռաֆիկ Սեխլեյանը:
Վերջինս դժգոհեց, որ թեպետ դեպքը գրանցվել է 16:10-ին, մինչ այժմ համապատասխան բուժանձնակազմը դեպքի վայր չի եկել ու տղամարդու մասնատված մարմինը դեպքի վայրից չեն տեղափոխել:
Մեկնաբանել