HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվողը հայտնել է, թե առաջինը կրակել է ոստիկանը. ՊՊԾ գնդի գրավման գործով հետազոտվում են ապացույցները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստին սկսվեց «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող քրեական գործով փաստացի ապացույցների հետազոտումը:

Նշենք, որ ապացույցները հետազոտվում են հետևյալ սկզբունքով. մեղադրող կողմն ընթերցում է այն ապացույցները, որոնք պետք է,  ենթադրաբար, դրվեն մեղադրանքի հիմքում, իսկ պաշտպաններն այն ապացույցները, որոնք համարում են իրենց պաշտպանյալին արդարացնող հիմքեր ստեղծող:

Փաստացի ապացույցների հետազոտմանն անցնելուց առաջ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանն անհավանական համարեց, որ «Սասնա ծռեր»-ի գործով անցնող տուժողներն ու վկաները երեք դատարաններում ամբողջությամբ նույն ցուցմունքները տան և հայտարարեց, որ ինքը հետևելու է երեք դատական գործերին, ու եթե այդ անձանց ցուցմունքները որևէ կերպ առնչվեն իր պաշտպանյալին, ապա դրանց ձայնագրությունները վերցնելու է, բերի Մակյանի վարույթում քննվող գործին և միջնորդի, որպեսզի դրանք կցվեն այս գործին և հետազոտվեն: Դատավոր Մակյանը, սակայն առաջարկեց այդ փուլին հասնելու ժամանակ անդրադառնալ հարցին:

Դատարանում հետազոտվեց ՊՊԾ գնդի տարածքում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Սմբատ Բարսեղյանը, հիշեցնենք, ի թիվս մյուս մեղադրանքների, մեղադրվում է նաև երկու ոստիկանի սպանության մեջ:

Սմբատ Բարսեղյանը քննչական փորձարարության ժամանակ ցույց է տվել այն հատվածը, որտեղից իրենց դեմ մի ոստիկան է դուրս եկել: Դա եղել է մեկ հարկանի վարչական շենք: Ըստ  ամբաստանյալի ցուցմունքի՝ իրենք նախազգուշացրել են, որ ոստիկանը  չկրակի, սակայն վերջինս կրակել է, որի հետևանքով Սմբատ Բարսեղյանը որովայնի շրջանում վնասվածք է ստացել: Բարսեղյանը բարձրացրել է իր հագին եղած  շապիկն ու  փորձարարության մասնակիցներին ցույց տվել իր հրազենային վնասվածքը:

Վիրավորվելուց հետո Սմբատ Բարսեղյանն իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է պատի ու ոստիկանի ուղղությամբ: Քննչական այս գործողության ժամանակ նրան ասել են, թե ցուցմունք է տվել և հայտնել, որ երկու անգամբ է կրակել, սակայն Բարսեղյանը հերքել է այդ հանգամանքը, նշել, որ ինքը երկու անգամ կրակելու մասին ցուցմունք չի տվել: Նույն վայրում՝ պատի վրա հետքեր են եղել, փորձարարության մասնակիցները Բարսեղյանին ցույց են տվել պատի վրա առկա հետքերը, սակայն վերջինս չի իմացել՝ դրանք իր կրակոցից առաջացած հետքերն են, թե ոչ: Բարսեղյանն ասել է, որ իրենք սենյակներից մեկի ուղղությամբ արյան հետքեր են տեսել, առաջացել են և տեսել սենյակում՝ բազմոցին նստած վիրավոր ոստիկանին: Առաջինն ինքը՝ Բարսեղյանն է հասել ոստիկանին ու ուղղել ոստիկանի գլուխը: Սենյակի  մուտքի մոտ գրված է եղել Արթուր Վանոյան:

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Սմբատ Բարսողյանն է  սպանել  գնդապետ Արթուր Վանոյանին:

Մեղադրողը հրապարակում էր ապացույցները, երբ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը դրանք «բարբաջանք» անվանեց ու հայտարարեց, թե չի ցանկանում լսել: Եղիազարյանը հայտարարեց, որ իրենք զինված ապստամբություն են արել և պատրաստ են լսել դրա հանգամանքները, իսկ հակառակ դեպքում ինքն ուզում է լքել նիստերի դահլիճը:

Գագիկ Եղիազարյանի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը կարծիք հայտնեց, որ նիստերի դահլիճում մնալ-չմնալն անձի իրավունքն է, սակայն դատավոր Մակյանը նշեց, որ միջնորդությունը բավարարելու հիմքեր չի տեսնում և որ ինքը որևէ անձի իրավունք, այսպիսով, չի խախտում:

«Մեր իրավունքները վաղուց են խախտվում: Դուք հենց հիմա խախտում եք իմ իրավունքը՝ թույլ չեք տալիս հեռանալ, դուք խախտել եք իմ իրավունքն՝ ինձ կալանավորելով»,- հայտարարեց Եղիզարյանն ու ոտքի կանգնեց՝ փորձելով դահլիճից հեռանալ: Ոտքի կանգնեցին նաև մյուս ամբաստանյալները, և դատարանն ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատարանը բացառիկ որոշում կայացրեց ու ամբաստանյալներին թույլ տվեց ցանկության դեպքում չմասնակցել ապացույցների հետազոտմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով դրանց կարևորությունը: Քիչ առաջ ոտքի կանգնած ամբաստանյալները, սակայն, մեծամասամբ չգնացին դահլիճից: Դահլիճը լքեցին միայն Արայիկ Խանդոյանն ու Մխիթար Ավետիսյանը:

Այսօրվա դատական նիստին փաստաբան Ինեսսա Պետրոսյանը  հայտարարեց,  որ իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանը ՔԿՀ որոշմամբ բացասական հաշվառման է վերցվել՝ որպես փախուստի հակում ունեցող: Թե ինչն է պատճառը, հայտնի չէ:

Նշենք, որ Մխիթար Ավետիսյանը «Սասնա ծռեր»-ի այն անդամներից մեկն էր, ով հայտնել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցների կողմից իրենց ծեծի ենթարկելու մասին:

Նիստին ընթերցվեցին ՊՊԾ գնդի տարածքից փախուստի դիմած անձանց մասնակցությամբ քննչական փորձարարությունների արձանագրություններ ևս:

Նշենք, որ դատական նիստին  քաղաքացիների շարքերում նստած էր նաև «Սասնա ծռերի» գործով դատավորներից Արթուր Օհանյանի օգնականը: Թե ինչն էր պատճառը, որ Արթուր Օհանյանի օգնականը որոշել էր ներկա գտնվել Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործին, պարզ չէ:

Աջից առաջինը` Արթուր Օհանյանի օգնականը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter