HY RU EN

Արաքս Մամուլյան

Տպավորություն է, որ «Նորատուսցի Ալիկի» և մյուսների գործով վկաների վրա ազդեցություն կա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով վկաների հարցաքննությունը:

Դատարանում ցուցմունք տվեցին ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի վարսավիրներից մեկը, Իսրայելյանի շրջապատից մեկն, ով ականտես է եղել գեղեցկության սրահի նկուղում տեղի ունցած միջադեպին և այն անձն, ում մեքենայով սպանված Մուշեղ Մուշեղյանին տեղափոխել են հիվանդանոց:

Վկա Արսեն Սիմոնյանն, ով միջադեպի ժամանակ նկուղում է եղել, դատարանին հայտնեց, որ Պետրոս Իսրայելյանին ճանաչում է որպես «հարազատ մարդ»:  Վկան, ըստ իր ցուցմունքի` դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, սակայն հասնելով այնտեղ՝ տեսել է, որ տղամարդկանց վարսահարդարը զբաղված է, ուստի գնացել է գեղեցկության սրահի նկուղ՝ նպատակ ունենալով  տեսնել Պետրոս Իսրայելյանին: Վերջինս, նշենք, հայտնի է «Չարբախցի Գեղամիկ» մականվամբ:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանն, ով հայտնի է «Բդո» մականունով: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ  Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են  Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Վկա Արսեն Սիմոնյանի  խոսքով` վերը նկարագրված դեպքի օրը ինքը գնացել է «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու, սակայն տղամարդկանց մազ կտրող վարսավիրը զբաղված է եղել, և  ինքը գնացել է նկուղային հարկ` Պետրոս Իսրայելյանին տեսնելու նպատակ ունենալով: Իսրայելյանը, սակայն, ըստ Սիմոնյանի ցուցմունքի՝ այնտեղ չի եղել, տեսել է վերջինիս որդուն՝ Գոռ Իսրայելյանին, ով ասել է, որ հայրը, հավանաբար,  քիչ անց կգա: Ապա, ըստ Արսեն Սիմոնյանի, Գոռի հետ զրուցելու ընթացքում նկուղային հարկ է մտել իրեն անծանոթ մի անձ, ով, ինչպես հետագայում ինքն իմացել է, Մուշեղ Մուշեղյանն է եղել: Վերջինիս հետ  ներս են մտել նաև Սիմոնյանին անծանոթ այլ անձինք:  Նկուղում նաև այն մարդիկ են եղել, որոնց, ըստ վկայի, ինքը չի ճանաչել:

«Ես ոչ մեկին չեմ ճանաչել, միայն Գոռիկին եմ ճանաչել,  դեպքից  հետո միայն իմացել եմ՝ ով ով է»,- դատարանին հայտնեց վկան, ով միջադեպի ժամանակ սպանված Գևորգ Ավետիսյանի մասին խոսելիս նրան երբեմն «Գևորիկ» էր անվանում:

Ըստ Սիմոնյանի՝ ինքը լսել է, թե ինչպես են Գևորիկն ու Մուշեղ Մուշեղյանը միմյանց հետ կոպիտ խոսում:

«Գևորիկի հետ զրուցում էին, հետո, որ շատ կոպիտ զրույց սկսվեց իրենց մեջ, նոր այդ ժամանակ ուշադրություն դարձրի: Մուշեղը  հայհոյանքներ տվեց Գևորիկին, Գևորգը՝  Մուշեղին,  ու հետո Մուշեղը կրակեց նրա վրա: Այդ ժամանակ Գևորգն էլ հարձակվեց Մուշեղի վրա»,- դատարանին հայտնեց Արսեն Սիմոնյանը:

Վերջինս նշեց, որ Գևորգ Ավետիսյանի ձեռքին դանակ է եղել, Մուշեղ Մուշեղյանը նրան գրկել է մեջքի կատվածից, ապա երկրորդ կրակոցն արձակել:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Սիմոնյանը հայտնել է, որ «Մուշեղ Մուշեղյանը Գևորգի վզից բռնել է և, мишень սարքելով, շարունակել է պահել»: Դատախազները փորձեցին հստակեցնել` այսինքն` որևէ մեկից պաշտպանվե՞լ է Մուշեղ Մուշեղյանը, սակայն Արսեն Սիմոնանն ասաց, թե Մուշեղը Գևորգի միջոցով որևէ մեկից չէր պաշտպանվում, քանի որ որևէ մեկը չէր հարձակվել նրա  վրա: Այս հանգամանքը մեղադրող դատախազները էական հակասություն գնահատեցին և միջնորդեցին  հրապարակել  վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն հարցի առնչությամբ հստակ պարզաբանում, այնուամենայնիվ, չտրվեց. Սիմոնյանը պատասխանեց, թե չգիտի` ինչի համար էր Մուշեղյանը գրկել Գևորգին, հստակ չնշեց անգամ՝ ինչ է նկատի ունեցել мишень ասելով, նույնիսկ կասկած հայտնեց, որ իր նախաձեռնությունը չի  եղել այդ բառի օգտագործումը:

Ըստ Սիմոնյանի ցուցմունքի` Գևորգի մեջքի հատվածից գրկած վիճակում Մուշեղ Մուշեղյանը  երկրորդ կրակոցն է արձակել, և այդ ժամանակ վայր է ընկել միջադեպին ներկա Արամը, ում անունն ինքը ավելի ուշ է իմացել: Դրանից հետո , ըստ Սիմոնյանի ցուցմունքի` ինքը  նկուղից դեպի գեղեցկության սրահ տանող դռնով դուրս է եկել և փախել:

Վկան հայտնեց նաև, որ  Մուշեղ Մուշեղյանը միջադեպի ժամանակ գումարի մասին է խոսել, ասել որ «էդ փողերը պիտի տաք», ինչից ինքը հասկացել է, որ խնդիրը գումարի հետ է կապված եղել, իսկ թե ով ում էր պարտք, չգիտի. ենթադրում է, որ Մուշեղ Մուշեղյանը պիտի ինչ- որ գումար ստանար, հավանաբար՝ Գևորգ Ավետիսյանից, քանի որ վերջինիս հետ էր վիճում:

Ցուցմունքն ավարտելուց հետո կողմերը վկային հարցեր տվեցին: Մեղադրող դատախազները հետաքրքրվեցին, որ եթե Մուշեղ Մուշեղյանի ձեռքին էր հրազենն, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նրա վրա ևս կրակել են, որ նա ևս սպանվել է:  Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ իրեն հստակ հայտնի չեն դեպքի վայրը լքելուց հետո այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները, բայց լսել է, որ Մուշեղ Մուշեղյանն ինքն իր վրա է կրակել:

Դատախազ Գևորգ Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք Արսեն Սիմոնյանը ճանաչե՞լ է այն վարսավիրին, որի մոտ գնացել էր կտրելու իր մազերը, դատավորն էլ հարցրեց, թե արդյոք դրանից առաջ երբևէ նույն վարսավիրանոցում կտրել է  մազերը, տեղյա՞կ է արդյոք, թե այնտեղ տղամարդու մազ կտրող քանի՞ վարսավիր է աշխատում: Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ առաջին անգամ էր կտրելու մազերն այդ վարսավիրանոցում, և որևէ հանգամանքից տեղյակ չէր:

Նշենք, որ այս հարցերը պատահական չէին տրվում վկային: Վերջինս միջադեպի հետ ինչ-ինչ առնչություն ունեցող և Պետրոս Իսրայելյանի շրջապատում գտնվող միակ վկան չէ, որ հայտնել է, թե մազերը կտրելու նպատակով է գնացել «Լիա» գեղեցության սրահի տարածք: 

Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին` սենյակում  Սիմոնյանը բահերի կոթեր,  մահակ կամ այլ որևէ առարկա տեսե՞լ է, վկան պատասխանեց, որ նման առարկաներ չի տեսել, նկուղը, որտեղ եղել են իրենք, տան նման է եղել,մաքուր, կոկիկ: Դատախազի հստակեցնող հարցին՝ ստուգե՞լ է արդյոք վկան սենյակը, որ միանշանակ պնդում է, թե այնտեղ նմանատիպ առարկաներ չեն եղել, վկան պատասխանեց, որ եթե լինեին նման առարկաներ, ապա ինքը կտեսներ դրանք:

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան «Լիա» գեղեցկության սրահի վարսահարդարներից էր՝ Քրիստինե Սարգսյանը:  Վերջինս ցուցմունքը սկսեց գեղեցկության սրահի առօրյան, սուրճի և սնվելու «ընթացակարգն» ու ժամերը ներկայացնելով, որոնք, ինչպես պարզվեց,  ինչ-ինչ առնչություն ունեին գործի հանգամանքների հետ:

Գեղեցության սրահի նկուղային հարկում հնչած կրակողները վկայի պնդմամբ՝ ինքը չի լսել, դեպքի մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ դեպքի ավարտվելուց հետո ոստիկաններն այցելել են գեղեցության սրահ ու իրենց տարել ոստիկանություն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ մոտ ժամը 18:00-ի սահմաններում: Գեղեցկության սրահի աշխատակիցներին դրանից հետո տարել են ոստիկանություն և , իրենց պնդմամբ, մինչև լուսաբաց պահել այնտեղ:

Դատարանում այսօր տված ցուցմունքի համաձայն՝ Սարգսյանը Պետրոս Իսրայելյանին դեպքի օրը չի տեսել:Վկայի խոսքով՝ դեպքի օրն ինքը պետք է աշխատանքի չլիներ, բայց փոխարինել է մեկ այլ աշխատակցի: Սարգսյանը նշեց, որ սովորականի նման իրենք աշխատել են, սուրճ խմել, հաց կերել, ըստ որում՝ ինչպես միշտ իրենց հետ հաց է կերել նաև գեղեցկության սրահի տնօրեն Անժելա Մանուչարյանն, ով Պետրոս Իսրայելյանի կինն է:

Նախաքննության ընթացքում տված իր առաջին` նոյեմբերի 14-ի ցուցմունքում, Սարգսյանը նշել է, որ «վերջին անգամ Պետրոս Իսրայելյանին տեսել է երեկ», ապա մանրամասնել, որ «երբ Անժելան բացել է դուռը, Գեղամը (Պետրոս Իսրայելյանը) այնտեղ է եղել»:

Վկան պատմել է նաև, որ երբ իրենք հաց ուտելիս են եղել, Անժելա Մանուչարյանն ուտելիքից մի քիչ վերցրել է և ասել` Գեղամն էլ է սոված, տանեմ ուտի, ապա, ըստ  նախաքննական ցուցմունքի՝ Անժելա Մանուչարյանը գնացել է դեպի նկուղ, որից ինքը հասկացել է, որ Պետրոս Իսրայելյանը նկուղում է: Այսինքն` նախաքննական ցուցմունքներից կարելի էր հասկանալ, որ վերը նշված հանգամանքները տեղի են ունեցել  նոյեմբերի 14-ից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 13-ին, որը միջադեպի օրն է, որ այդ օրը Սարգսյանը Պետրոս Իսրայելյանին տեսել է, և որ վերջինս գեղեցկության սրահի նկուղում է եղել, մինչդեռ  Քրիստինե  Սարգսյանն այսօր  դատարանին հայտնեց, թե միջադեպի օրը, փաստորեն Պետրոս Իսրայելյանին չի տեսել:

Քանի որ Սարգսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, մեղադրողերը միջնորդեցին հրապարկել այն:

Վերը նշված հակասությունը Քրիստինե Սարգսյանը մեկանաբանեց հետևյալ կերպ. ինքը ոստիկանություն է տարվել նոյեմբերի 13-ի երեկոյան, այնտեղ մնացել մինչև գրեթե առավոտ, իսկ ցուցմունք տվել նոյեմբերի 14-ին, ժամը 04:00-ի կամ 06:00-ի  սահմաններում: Վկան նշեց, որ  «երեկ» ասելով՝  ինքը հավանաբար նկատի է ունեցել նոյեմբերի 12-ը, այսինքն` վկայի խոսքից կարելի էր հասկանալ` քանի որ միջադեպից հետո ինքը անմիջապես գնացել է ոստիկանություն, ցուցմունք տալիս չի գիտակցել, որ արդեն օրը փոխվել է, ոչ թե նոյեմբերի 13-ը, այլ 14-ն է:Այս  պարագայում «ամեն ինչ իր տեղն է ընկնում» և,  կարելի է ասել, ամեն ինչ ստացվում է Պետրոս Իսրայելյանի օգտին:

Այն, որ Պետրոս Իսրայելյանին դուր եկավ Սարգսյանի պատասխանը, ակնհայտ էր նաև Պետրոս Իսրայելյանի պահվածքից:  Հակասության վերաբերյալ Սարգսյանին ուղղված  հարցից հետո Պետրոս Իսրայելյանը լուրջ էր, պատասխանից հետո նրա դեմքին լայն ժպիտ հայտնվեց, որը տևական ժամանակ նրա դեմքից չէր հեռանում:

Նշենք, որ Քրիստինե Սարգսյանն այժմ շարունակում է աշխատել «Լիա» գեղեցկության սրահում: Դատախազների հարցին՝ արդյոք նրա նկատմամբ որևէ ապօրինի ազդեցություն չի՞ գործադրվել, վերջինս նշեց, որ որևէ մեկը իր նկատմամբ ազդեցություն չի գործել:

Դատարանում ցուցմունք տված հաջորդ վկան Սերժ Վարդանյանն էր: Վերջինիս մեքենայով Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Սերժ Վարդանյանը վերջերս մահացած Արա Վարդանյանի որդին է: Արա Վարդանյանը հայտնի է «Ճվճվ Արո» մականունով:  Վերջինս մտերիմ հարաբերություններ է ունեցել Մուշեղ Մուշեղյանի հետ: Մեր տեղեկություններով՝ միմյանց հետ ֆինանսական  խնդիրներ են ունեցել Պետրոս Իսրայելյանն ու Արա Վարդանյանը:

Նշենք, որ Վարդանյանի տղան՝ Սերժ Վարդանյանն անձը հաստատող որևէ փաստաթուղթ չէր բերել իր հետ: Դատարանը, կողմերի համաձայնությամբ Սերժ Վարդանյանի ինքնությունը ճշտեց Վարդանյանի՝ գործում առկա անձնագրի պատճենի միջոցով:

Վարդանյանն այսօր դատարան ներկայացած վերջին վկան էր: Հատկանշական է, որ դատարան ներկայացած անձանցից մեկի՝ առանց  անձը հաստատող փաստաթղթի դատարան գալու մասին մեզ հայտնի էր դարձել ավելի վաղ, քան այդ մասին հրապարկվեց դատարանում: Ալիկ Բանդուրյանի եղբայրը՝ Արա Բանդուրյանը, մշտապես լրագրողների շարքի անմիջապես կողքի շարքում է նստում: Մեզ լսելի դարձավ, թե ինչպես է դահլիճում գտնվող անձանցից մեկն ասում, որ «եկել ա, բայց անձնագիր չի բերել», որից հետո Արա Բանդուրյանը հետաքրքրվեց, թե արդյոք «վարորդական իրավո՞ւնք էլ չի բերել»: Իհարկե, միանշանակ պնդել, թե խոսքը Սերժ Վարդանյանի մասին էր, չի կարելի, բայց փաստորեն, րոպեներ անց պարզվեց, որ Սերժ Վարդանյանը ևս առանց որևէ փատաթղթի է դատարան եկել:

Սերժ Վարդանյանը նախ նշում էր, թե ինքն արդեն հարցաքննվել է, գրել է դեպքի վերաբերյալ մանրամասներ, որ հիմա ոչինչ չի հիշում, ապա սկսեց ինչ-ինչ հանգամանքներ, այնուամենայնիվ, պատմել:

«Էդ օրը գնացել էի Չարբախ՝ «Լիա» գեղեցկության սրահից հորս և Մուշեղ Մուշեղյանին վերցնելու: Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, Մուշեղն ինքնուրույն չէր կարող քայլել, թևն ընկած բերում էին»,- ասաց Վարդանյանը: Վերջինս նշեց, որ Մուշեղին նստեցրել են մեքենան, որ տանեն հիվանդանոց: Վկայի խոսքով՝ ինքը տեսել է, որ Մուշեղ Մուշեղյանի բութ մատի կեսը պոկված էր, իսկ հագուստն ամբողջությամբ արյունոտված էր:

«Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց` կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»,- պատմեց Սերժ Վարդանյանը:

Մեղադրող դատախազ Գևորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Վկան նշեց նաև, որ չի իմացել, թե հայրն ու Մուշեղը ի՞նչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ, որ այդ մասին չի հիշում: Մինչդեռ նախաքննության ընթացքում վկան հայտնել է, թե իմացել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով:

 Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն դատարանը համարեց, որ չհիշելն էական հակասություն չէ և մերժեց միջնորդությունը:

 

Դատական այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին: