HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի բնակիչները նամակ գրելու սիրահար են

Լոռու մարզպետարանի քարտուղարության բաժինն իր յոթամյա գործունեության ընթացքում հազվադեպ է ստացել դիմումներ կամ գրություններ, որոնք առաջարկություն կամ ընդհանուր խնդիրներին վերաբերող հարցեր ներկայացնեն: 

«Դժբախտաբար, ոչ մի անգամ ոչ մի քաղաքացի չի եկել ու որեւէ որոշման պատճենը պահանջել: Նրանք հիմնականում անձնական հարցեր են բարձրացնում»,-ասում է քարտուղարության առաջին կարգի մասնագետ Արեւիկ Մելքումյանը: 

Արդեն յոթ տարի նա տարբեր բովանդակության ու տիպի դիմում է ընդունում, մուտքագրում եւ հետեւում դրա ճակատագրին: Նրա աշխատանքային գործունեությունան ընթացքում դեռեւս որեւէ քաղաքացու դիմում հետ չի վերադարձվել: Սխալ հասցեագրված դիմումները եւս քննության են առնվում: «Լինում են խնդիրներ, որոնց համար մենք պատասխանատվություն չենք կրում: Սակայն քաղաքացուն չենք ծանրաբեռնում, ինքներս գրություն ենք պատրաստում, ուղարկում համապատասխան գերատեսչություն, ստանում պատասխանն ու ուղարկում քաղաքացուն»,-իր ղեկավարած բաժնի` մարզպետարանի քարտուղարության աշխատանքն է ներկայացնում Արշավիր Ղուկասյանը: 

Սովորաբար, քաղաքացիների` Լոռու մարզպետարան ուղարկված դիմումներում կամ գրություններում որեւէ օրենք չի վկայակոչվում: Միայն վերջերս քաղաքացիների դիմումների շարքում ուշադրություն էր գրավել մարզպետին հասցեագրված մի նամակ, որտեղ քաղաքացին հստակ նշել էր իր պահանջն ու վկայակոչել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: 

Քաղաքացու հետ աշխատանքի առաջին քայլը Արեւիկ Մելքումյանը սկսում է դիմումի ընդունման եւ քննարկման կարգի բացատրությամբ: Նախօրոք տեղեկացնում է, որ պատասխանը կտրվի 15 օրվա ընթացքում: Սակայն քիչ չեն նամակները, որոնց պատասխանը տրվում է ավելի շուտ, ասենք՝ 5 օրվա ընթացքում: 

«Եթե դիմումն ուսումնասիրման կարիք ունի, բանավոր ասում ենք այդ մասին: Գրավոր պատասխանելը ֆինանսական խնդիրների հետ է կապված»,-ասում է քաղաքացիների գրություններն ու դիմուները մուտքագրող մասնագետն ու թվարկում մարզի ամենաակտիվ բնակավայրերը: Դրանցից մի քանիսի բնակիչները պարզապես տարբեր բնույթի նամակներ գրելու սիրահար են: Իր ակտիվությամբ առանձնանում է Սարամեջ գյուղը, որի բնակիչները «համարյա ոչինչ չեն ուզում, ուղղակի ուզում են ինչ-որ բան գրել, ինչ-որ հարցով դիմել: Նրանց նամակներն ավելի շատ բողոքի նոտա ունեն, հազվադեպ է լինում, երբ ինչ-որ հատուկ բան են ուզում»: 

Սովորաբար, ամենից շատ մարզպետին դիմում են վանաձորցիները: Այս հանգամանքը Արեւիկ Մելքումյանը բացատրում է մնացած վայրերի՝ մարզկենտրոնից եղած հեռավորությամբ եւ փոստային ծառայությունների վատ աշխատանքով: Գյուղական շրջանները, որպես կանոն, պատասխաններ չեն ստանում, եւ քարտուղարությունը ստիպված է լինում կրկնակի աշխատանք կատարել: 

Քարտուղարության աշխատակիցներն արդեն ճանաչում են ակտիվ դիմումատուներին, որոնք տարեկան շուրջ 30 դիմում են բերում, ստանում պատասխանն ու հերթական դիմումը պատրաստում: 

Վերջերս վանաձորցի մի կին Լոռու մարզպետին խնդրել էր հայտնել, թե արդյոք իր անունից կատարվու՞մ է սոցիալական հետախուզություն: Դիմումատուի խնդիրը բնակարանային է, մի քանի անգամ արդեն դիմել է տարածքային կառավարման մարմին, ստացել պատասխան, սակայն շարունակում է գրել ու փոխել հարցադրումները: Պատահել է, որ մի քանի անգամ պահանջել է Լոռու մարզպետի՝ 2001թ-ին իրեն ուղղված պատասխան-նամակը եւ առանց մերժման երեք անգամ էլ ստացել այն դեպքում, երբ այդ ժամանակվա նամակներն արդեն գտնվում են արխիվում: 

«Իրենց պահանջները նորմալ են, ուղղակի զավեշտական ձեւակերպումներ են տալիս»,-ասում է Արշավիր Ղուկասյանը: Հաճախ է պատահում, երբ քաղաքացին տեղական իշխանություններին կամ այլ գերատեսչություններ դիմելու փոխարեն միանգամից մարզպետարան է դիմում: Քարտուղարության աշխատակիցները հավաստում են, որ նման դեպքերում քաղաքացու դիմումն անպատասխան չի մնում: Մարզպետն իր պատասխան նամակում կամ նշում է ճիշտ հասցեատիրոջը կամ ինքն է դիմում տվյալ մարմնին: «Քաղաքացու ոչ մի դիմում անպատասխան չի մնում: Մենք նրանց չենք ասում, թե սխալ հասցեով են եկել ու մերժում դիմումը»,-հավաստում է քարտուղարության պետ Արշավիր Ղուկասյանը: Հաճախ նախարարություններից քաղաքացիների դիմումների պատասխաններն ուղարկվում են միանգամից մարզպետարան, քաղաքացուն էլ՝ համապատասխան կտրոն, որով նրանք ստանում են իրենց դիմումների պատասխանները: 

Միայն անցյալ տարի Լոռու մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 2782 դիմում, առաջարկություն ու գանգատ: Դրանցից միայն հինգ քաղաքացի է առաջարկությամբ հանդես եկել: Իրենց բողոքն են արտահայտել 99 քաղաքացի, իսկ դիմողների գերակշիռ մասը 954 դիմումով բարձրացրել է սոցիալական եւ նպաստի հետ կապված հարցեր: Միայն Վանաձորից ստացված դիմումները կազմում են ընդհանուրի 63.1%-ը: Դիմումների ակտիվությամբ երկրորդ տեղում է Գուգարքի տարածաշրջանը, որին հաջորդում է Սպիտակը, հետո` Թումանյանի ու Ստեփանավանի տարածաշրջանները: Ամենից պասիվը Ախթալա քաղաքն է, որտեղից ամբողջ տարվա ընթացքում ստացվել է ընդամենը 5 դիմում: Անցյալ տարի ստացված 2782 դիմումներից բավարարվել է 559-ը: 819 դիմումատուի բացատրվել է կարգը, 500 դիմում հաշվի է առնվել, իսկ166-ը՝ մերժվել: Այս տարվա առաջին եռամսյակում քաղաքացիները մարզպետին են դիմել 489 գրությամբ: Ի տարբերություն 2003-ի, այս տարվա դիմումներում գերակշռում են աշխատավարձի եւ աշխատանքի հարցերը: Սոցիալական եւ նպաստի հետ կապված հարցերը երկրորդ տեղում են: Առայժմ մեկ քաղաքացի է հանդես եկել առաջարկությամբ, իսկ 23 քաղաքացի արդեն հասցրել է բողոք ներկայացնել: Լոռու մարզպետն արդեն մերժել է 29 դիմումատուի, հաշվի առել՝ 88-ը: Մարզպետի ընդունելություններին այս տարի մասնակցել է 82 քաղաքացի: Նախապես գրանցվելով մարզպետարանի առաջին հարկում գտնվող տեղեկատվական կենտրոնում՝ ամեն չորեքշաբթի մարզպետն ընդունում եւ լսում է մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներին: Հերթական ընդունելությանը մասնակցած տասը քաղաքացիներից գրեթե մեծ մասի խնդիրները լուծում ստացան: 

Էլիչկա Բեժանյանն արդեն երրորդ անգամ է մասնակցում ընդունելությանը: Այս անգամ մարզպետին խնդրեց օգնել զինծառայող որդուն տեսակցելու համար: «Մարզպետը խոստացավ աջակցել»,-ընդունարանից դուրս գալով` բարձր տրամադրությամբ հայտնեց զինվորի մայրը: 

«Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված Վահագնաձոր գյուղի բնակիչ Գրիգոր Գրիգորյանն այս անգամ այդքան էլ գոհ չէր: Եկել էր մարզպետին խնդրելու, որ իր բժշկական ծառայությունն անվճար կատարեն: Հենրիկ Քոչինյանի աշխատասենյակից դուրս գալով՝ հայտնեց, որ «դա վճարովի ծառայություն է»: Նախկինում նա հինգ անգամ դիմել է մարզպետին ու դրական պատասխաններ ստացել: 

Գործազուրկ Լարիսա Ղազարյանը, հույսը քաղաքապետարանից կորցնելով, մարզպետին խնդրում էր օգնել աշխատանք գտնելու հարցում: Հենրիկ Քոչինյանը խորհուրդ տվեց դիմել Զբաղվածության կենտրոն: 

Մինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, մարզպետարանը քաղաքացիների դիմումներին ու գրություններին ընթացք է տվել «Քաղաքացիների դիմումները, առաջարկություններն ու բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքով, ըստ որի առնվազն 15 օր հետո պաշտոնյան պետք է պատասխանի քաղաքացուն: 

«Որ օրենքով էլ առաջնորդվենք, ճիշտ է: Ավելի ճիշտ է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքով առաջնորդվելը»,-ասում է քարտուղարության պետ Արշավիր Ղուկասյանը: Ըստ նրա՝ դիմումը կարող է որոշակի հարցում պարունակել, ուստի սահմաններ չկան այս եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների միջեւ: Երկու օրենքների միջեւ տարբերությունը նա համարում է ժամկետի առկայությունը, իսկ տեղեկատվության ազատությունը սահմանող օրենքի առանձնահատկությունը համարում է «անձնական հարցերից վեր հարցերի պատասխաններ ստանալը»: 

Սակայն քաղաքացիների հարցերը հիմնականում անձնական բնույթի են: «Այս դեպքում եւս նրանք պասիվ են, սովոր են, որ իրենց փոխարեն ուրիշը հարցեր լուծի: Իսկ ես` որպես քաղաքացի, ուզում եմ, որ իրենց խնդիրը լուծվի»,-ասում է Արեւիկ Մելքումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter