
Սալմոնելայով և լիստերիայով հավի մսերը հայտնվել են խանութներում. ՍԱՊԾ-ն պատշաճ չի կատարել սահմանային հսկողությունը
Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էին սառեցված հավի մսի 9 արտադրատեսակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Դրանցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Իսկ մնացած 5-ում հայտնաբերվել էին սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է «Դեղերի մասին» օրենքով:
Լիազոր մարմնի` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2 օրվա լռությունից հետո՝ դեկտեմբերի 6-ին, հարցում ուղարկեցինք վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որպես սննդամթերքի ոլորտին ուշադրություն դարձնող վերադաս մարմին, ով դեռեւս նախորդ տարի՝ 2016թ. նոյեմբերի 11-ին իր ելույթում հայտնել է, որ ՍԱՊԾ նոր պետից «պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում», արձագանքել հրապարակված փաստերին, ինչպես նաև՝ վերահսկող մարմնի լռությանը:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, Կարեն Կարապետյանը խոսեց «հավի մսի ներմուծման որոշակի պրոբլեմներ»-ի մասին, որոնք «տեղ են գտել մամուլում»՝ հանձնարարականներ տալով ՍԱՊԾ պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Դրանից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը տարբեր լրատվամիջոցներով՝ մասնավորապես՝ Araratnews.am –ով, անդրադառնալով հավի մսի շուկայում հայտնաբերված խախտումներին, նախ նշեց, որ «Հետք»-ը մերժել է համատեղ փորձաքննություն իրականացնելու առաջարկը և փորձաքննությունն իրականացրել է խտրական՝ մի քանի կազմակերպություններում, իսկ «Ազատություն» ռադիոկայանով հայտնեց (1ժ 00 47վրկ-ից), որ «ոչ բոլոր փորձաքննություններն ու լաբորատորիայի արդյունքները», ինչպես նաև՝ անհատի կամ հասարարակական կազմակերպության կողմից լաբորատորիա տարված և ուսումնասիրված նմուշները կարող են պետական վերահսկողության համար հիմք հանդիսանալ։
Այս հայտարարություններին պաշտոնական արձագանք այդպես էլ չհետևեց:
Երեկ Կառավարությունից «Հետք»-ին պատասխանել էին, որ հարցից իրենք տեղյակ են. «կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է խնդրին», իսկ ՍԱՊԾ ղեկավարը «տարբեր լրատվամիջոցներով մեկնաբանություններ է ներկայացրել»: Նաև նշել էին, որ թռչնամիս ներմուծող բոլոր կազմակերպություններում ՍԱՊԾ-ը պետական վերահսկողություն է իրականացրել, որի արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին՝ մամուլի ասուլիսի ընթացքում:
Այսօր սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվել էին ներմուծված թռչնամսի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:
Պարզվել էր, որ ներմուծված հավի մսի 22 նմուշից 6-ում առկա են սալմոնելա և լիստերիա, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Իսկ ՍԱՊԾ-ն կարգադրեր է տվել՝ դրանց «իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ»:
- սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ,
- սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15000կգ,
- սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242կգ,
- սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ, արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500կգ,
- սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000կգ,
- սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12354կգ:
Վերջին նմուշի՝ «Мироторг» ընկերության սառեցված բրոյլեր հավի մեջ եղած խախտումների մասին գրել էր նաև «Հետք»-ը:
Խախտումներ էինք հայտնաբերել (սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ) նաև երկրորդ՝ «СПК Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի մեջ, որի վերաբերյալ որևէ բան նշված չէր:
Սալմոնելան և լիստերիան այնպիսի մանրէներ են, որոնք չէին կարող հայտնվել տեղափոխման կամ պահման պայմանների խախտման պատճառով. դրանք արտադրության պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հետևանք են:
«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում, և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:
Հակաբիոտիկների մասով ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չկա. ի վերջո դրանք կա՞յին նմուշներում, թե ոչ, հերքվե՞լ, թե հաստատվել են «Հետք»-ի հրապարակած լաբորատոր փորձաքննության արդյուքները, որոնք ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն այդպես էլ պետական վերահսկողություն իրականացնելու հիմք չհամարեց և չարձագանքեց:
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք ՍԱՊԾ-ի հետ քննարկել են «Հետք»-ի հրապարակումը հավի մսի 5 նմուշում հայտնաբերված սալմոնելա խմբի մանրէների և հակաբիոտիկների վերաբերյալ: Քննարկման ժամանակ ՍԱՊԾ ներկայացուցիչը հայտնել է, որ «ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ»՝ օրենքով սահմանված կարգով:
Վերջին մեկ ամսում սննդամթերքից թունվորման դեպքեր գրանցել են միայն տնային պայմաններում պատրաստված պահածոների պատճառով (բոտուլիզմ և սնկից թունավորում):
ԱՆ-ը նաև հայտնում է, որ իրենք ՍԱՊԾ-ի հետ մշտապես համագործակցում են՝ «իրենց լիազորությունների շրջանակներում»:
Եթե ցանկացած սննդամթերք ներմուծման ժամանակ անցնում է սահմանային վերահսկողություն, այդ դեպում ինչպե՞ս են նշված վտանգավոր, սառեցված հավերը ներմուծվել Հայաստան, մի բան էլ՝ հայտնվել իրացման ցանցում:
Եվ ի՞նչ իմաստ ունի սահմանային հսկողությունը, եթե վերահսկող մարմինը շուկայում ուսումնասիրություններ է սկսում «մամուլի հրապարակումներից» հետո, որոնք, թեպետ «հիմք չեն պետական վերահսկողության համար», բայց որոնց շնորհիվ պարզվում է, որ իրացման ցանցերում կան սալմոնելայով և լիստերիայով վաճառվող հավի մսեր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել